News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՀ ԱԺ պատվիրակությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքները, օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց պատգամավորներին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ առանձնակի ուրախությամբ եւ ջերմությամբ է լցվում հոգին, երբ այցելում է Արցախ՝ ականատես լինելով արցախահայության քաջազուն ոգուն եւ անկոտրում կամքին՝ կերտելու Արցախի ազատ, ապահով ու բարօր կյանքը։ Հայոց Հայրապետն իր խոնարհումը բերեց բոլոր այն հայորդիների հիշատակի առջեւ, որոնց ջանքերով եւ հեղված արյամբ նվաճվեց Արցախի անկախությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Արցախը եւ արցախահայության իրավունքներն ու խնդիրները միշտ եղել են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում՝ մասնավորապես անդրադառնալով դեռ խորհրդային տարիներին  պատմական արդարության վերականգնման նպատակով երանջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի ձեռնարկած քայլերին, Լեռնային Ղարաբաղ եկեղեցականների ծածուկ այցելություններին, որոնք նպատակ էին հետապնդում վառ պահել հավատի լույսը մեր ժողովրդի սրտում, անխաթար՝ ազգային ինքնությունը։ Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրից Մայր Աթոռը աշխարհասփյուռ իր թեմերով եւ համայնքներով հնարավոր բոլոր միջոցներով զորավիգ եղավ արցախահայությանը, լծվեց նրա իրավունքների եւ ազատ ու անվտանգ կյանքի պաշտպանության գործին,  ջանքեր գործադրվեցին տարածաշրջանի հոգեւոր պետերի եռակողմ հանդիպումների միջոցով՝ կազմակերպված միջնորդությամբ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքների,  զերծ պահելու հակամարտությունը կրոնական գունավորումից եւ նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանը, գերիների վերադարձմանը եւ համակարտության խաղաղ կարգավորմանը։ Ամենյան Հայոց Կաթողիկոսը հավաստիացրեց, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի այս ուղղությամբ իր ջանքերը գործադրել։ Մասնավոր իր մտահոգությունն արտահայտելով վերջին շրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ԱՀ իշխանություններին Արցախի թեմին ցուցաբերվող շարունակական զորակցության, ինչպես նաեւ պատմական սրբավայրերի վերականգնման եւ նոր տաճարների կառուցման համար, որոնց թվում առանձնանում է Ստեփանակերտի առաջնորդանիստ եկեղեցին։ Հայոց Հովվապետը մասնավոր իր գոհունակությունն արտահայտեց Արցախի հանրակրթական դպրոցում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման առնչությամբ՝ հավելելով, որ առարկայի միջոցով մատաղ սերնդի ինքնությունն է կերտվում, երեխաները հաղորդ են դառնում հոգեւորին, նախնյաց հավատի գործերին ու ժառանգությանը, սեփական ինքնության ճանաչողության միջոցով տոգորվում այդ արժեքների տերն ու պաշտպանը, ծաղկեցնողը լինելու գիտակցությամբ։

Իր հերթին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, շնորհավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի առիթով, անդրադարձ կատարեց պաշտոնական այցի արդյունքներին եւ ձեռք բերված փոխգործակցության պայմանավորվածություններին՝ ուրախություն հայտնելով, որ այն ավարտվում է նվիրական Մայր Աթոռ այցելությամբ եւ Հայոց Հոր օրհնությամբ։

«Պատահական չէ նաեւ Ձեզ հետ հանդիպումը, որովհետեւ դարեր շարունակ Հայ Եկեղեցին ուրույն դերակատարություն է ունեցել մեր ազգի միասնականությունըպահպանելու ազգանպաստ գործում, եւ այսօր էլ մենք կարիք ունենք միասնական լինելու եւ ազգովի ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու։ Այդ գործընթացներում անուրանալի է թե Հայոց Եկեղեցու եւ թե անձամբ Ձեր դերակատարությունը», - ասաց ԱԺ նախագահը՝ շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար։

Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքին եւ առաքելությանը՝ պրն․ Թովմասյանը խոսեց նաեւ իրավական անվտանգության կարեւորության մասին՝ հաստատելով, որ Արցախը հաջողություն է արձանագրելու՝ թիկունքում ունենալով Հայաստանը եւ աշխարհասփյուռ ժողովրդին։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը լուսաբանություններ տվեց հանրությանը հուզող մի շարք հարցերի շուրջ Հայոց Եկեղեցու տեսակետների առնչությամբ։

 Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն մաղթեց, որ Տերը խաղաղության եւ ապահովության մեջ պահի Արցախ աշխարհը՝ հավելելով, որ միայն ազգային միաբանությամբ ու միասնականությամբ է հնարավոր հաղթահարել ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (ֆոտո)
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց…
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ