News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը տապալվել է։ Ինքնաառաջադրված միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը չի հավաքել բավարար թվով՝ առնվազն 6 ձայն։ Լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ Խունդկարյանի օգտին քվեարկել է միայն 2 դատավոր, որոնցից մեկն ինքն է, մյուսը՝ Աշոտ Խաչատրյանը։ Հրայր Թովմասյանը ինչպես նախապես հայտարարել էր, չի մասնակցել քվեարկությանը, Վահե Գրիգորյանն էլ դեռ առավոտյան ասել էր, որ իր կարծիքով՝ նոր թեկնածուի կարիք կա։

Նշենք, որ եթե ոչ ոք քվեարկության արդյունքով չստանա անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որի ժամանակ նախագահ է դառնում այն անձը, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի այսօր ուշ երեկոյան։ Ծառուկյանի պաշտպանները միտում են տեսնում դատավոր Մնացական Մարտիրոսյանի այսպիսի շտապողականության մեջ։ ԲՀԿ–ականներն էլ վստահ են, որ իշխանություն փորձում է մեկուսացնել իրենց առաջնորդին հոկտեմբերի 8–ին կայանալիք մեծ հանրավաքին ընդառաջ։ Այսօր դատարանի բակում Ծառուկյանին սատարելու էին եկել նաև ՀՅԴ և Հայրենիք կուսակցությունների անդամները, որոնց հետ միասին Բարգավաճը հանրահավաք է հրավիրել։

Առավոտյան դատարան մտնելիս Ծառուկյանը հայտարարել է, որ իրեն այս գործով իշխանությունները չեն վախեցնի, իշխանափոխության պահանջը շարունակում է մնալ իրենց քաղաքական օրակարգում

Դատարանի բակում այսօր նույնպես մեծ թվով ոստիկաններ կային։ Նրանք դիմակ չկրելու համար քաշքելով և ուժ կիրառելով բերման ենթարկեցին քաղաքացիների, և կրկին տուգանեցին դիմակի մոլի հակառակորդ Գևորգ Պետրոսյանին։

Երեկվանից հայ հանրությունը քննարկում է ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցում հրապարակված տեղեկությունը, ըստ որի Ալիևը և Փաշինյանը այս ընթացքում գաղտնի բանակցություններ են վարել իրենց գաղտնի բանագնացների միջոցով, ընդ որում՝ հայկական կողմից որպես բանագնաց մատնանշում Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանին։ Թեև Խառատյանն այս տեղեկությունը հերքել է, Նիկոլ Փաշինյանն այսօր արել է հայտարարություն, որով ըստ փորձագետների անուղղակիորեն ընդունել է գաղտնի բանակցությունների փաստը։  Ադրբեջանի ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտումը՝ փաստացի չհերքելով այդ տեղեկությունը։

«Իմ քայլում» մեկնարկել է մանդատները վայր դնելու շքերթը։ Այսօր իր որոշման մասին հայտարարել է իշխանական թիմի, այսպես ասած սորոսական թևի պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Աբրահամյանին Ազգային ժողովում պետք է փոխարինի ցուցակով հաջորդը՝ Կարապետ Մխչյանը։ Մամուլը նշում է, որ մանդատից հրաժարվելու դիմում է գրել նաեւ լրագրողական շրջանակներում Լուլու անունով հայտնի Լուսինե Բադալյանը։ Պատճառը, ըստ մամուլի, այն է, որ Լուլուն հաճապ է քննադատում Առողջապահության նասխարար Արսեն Թորոսյանին։

Իսկ օրեր առաջ մանդատը վայր դրած և ԱԻՆ փոխնախարար նշանակված Արմեն Փամբուխչյանին կփոխարինի պատմաբան Գոռ Երանյանը։

Կադրային փոփոխությունները շարունակվում են գործադիրում։ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին: Մամուլը գրում է, որ Ավետիսյանի պաշտոնանկության պատճառը «Արտ Լանչ» ընկերության շուրջ սկանդալային պատմությունն է, երբ օրեր առաջ հիվանդանոցին մատակարարված սննդի ընդունումից հետո աղեստամոքսային խանգարում էր ստացել 54 անձ, այդ թվում՝ 2 հղի:  Լուրեր կան, որ Ավետիսյանի՝ աշխատանքից հեռանալու մյուս պատճառն էլ օղու թունավորման դեպքերն են, որից 21 մարդ մահացավ:

Վարչապետ Փաշինյանը վերջապես ստորագրել է Սմբատ Գոգյանին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու որոշումը: Երեկ նա եռամսյա ընդմիջումից հետո երկրորդ դիմումն էր գրել։ Իսկ այսօր Գոգյանը գրել է, որ Ազարյանը, Հայրապետյանն ու Գալոյանը միակ գրագողերը չեն, այլ շատ-շատ են, Արայիկ Հարությունյանին էլ խորհուրդ տվել արձակուրդ վերցնել, հանգստանալ ու մտածել։ Գոգյանը խոր տարաձայնություններ ուներ նաեւ Հարությունյանի արդեն նախկին տեղակալ Գրիշա Թամրազյանի հետ։

Թամրազյանն ինքը արդեն պաշտոնաթող է եղել եւ պարզաբանել իր հրաժարականի պատճառները։ «Ինձ համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018թ-ից», գրել է նա եւ շեշտել, որ չի կարելի հրաժարվել այն ամենից ինչը եղել է նախկինում, այդ թվում նաև վերջին 29 տարիների ձեռքբերումներից

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության թվերը շարունակում են աճել. Անցակ մեկ օրում վարակվելու 392 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48643 դեպքի: Մահացել է 3 մարդ, որոնցից մեկն, ըստ առողջապահության նախարարության, այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 1240 է։

Սեպտեմբերի 3-ից 16-ն իրականացված թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն հայտնաբերվել է թեստավորված ուուսչական կազմի 1,5 տոկոսի շրջանում։

Այսօր հանրային ակտիվիստներն ակցիա են իրականացրել առողջապահության նախարարի դեմ եւ աղբարկղի մեջ դրած նրա մեծադիր նկարը Երեւանի փողոցներով պտտել մեքենայով։ Քաղաքացիներից շատերը ծափերով են դիմավորել անցնող ավտոմեքենան։

Իսկ երեկոյան «Այլընտանք» ՀԿ–ն Նալբանդյան փողոցում կազմակերպել էր մոմավառություն՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի, ապա խորհրդանշական դագաղը ձեռքերին՝ քայլել դեպ ի կառավարություն։ Ոստիկանները նրանց առաջնորդ Նարեկ Մանթաշյանին բերման են ենթարկել, դագաղն առգրավվել։

Կառավարության դիմաց շուրջ 4 օր հացադուլ հայտարարած Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիները դադարեցրել են հացադուլը։ Նրանք NEWS.am-ին պատմել են, որ վարչապետի օգնականին են ներկայացրել 400 քաղաքացու ցուցակ։ Օգնականը հորդորել է դադարեցնել հացադուլը, մինչեւ հարցին լուծում տրվի, ինչին քաղաքացիները համաձայնել են։

Ոստիկանական համակարգի համար խայտառակ միջադեպ է գրանցել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղցիները ծեծել Գավառի, Մարտունու և Սևանի ոստիկանապետերին։ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները գյուղ են եկել գողացվող գազի մասին տեղեկությունը ստուգելու, 40-ից ավելի գյուղացիներ քարերով հարձակվել են նրանց վրա, փայտերով ծեծի ենթարկել, կոտրել նրանց ավտոմեքենան, ապա հարձակվել նաեւ դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա։ Ոստիկանապետերը մոտ մեկ տասնյակ ոստիկանների հետ տեղափոխվել են հիվանդանոց, Գավառի ոստիկանապետի աչքը վիրահատել են, 14 կար դրել, Ծովագյուղի գյուղապետը, որը ըստ քննչական կոմիտեի, մասնակցել է և կազմակերպել հարձակումը, ձերբակալված է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.05 դրամով ու կազմել 485.27 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով  ու կազմել 565.05 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.13 դրամով  ու կազմել 617.36  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝  6.28 դրամ 1 ռուբլու դիմաց:

Սեպտեմբերի 26-ին Հայստանի զգալի մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում նույնպես անձրև և ամպրոպ է կանխատեսվում։ Մյրաքաղաքում գիշերը կլինի 14-16, վաղը ցերեկը 27-ից 29  աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ