90-ականների Ղարաբաղյան պատերազմի վետերանները սպասում են առաջնագիծ մեկնելու հրամանի: Այդ մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ երկրում ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք հայտարարելու մասին հարցը քննարկելիս նշել է «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը, որը նաեւ Ղարաբաղյան պատերազմի վետերաններին միավորող «Երկրապահ» կամավորականների միության նախագահ է:
Նա, մասնավորապես, նշել է, որ դեռեւս առավորտյան հրահանգել է Միության բոլոր 76 անդամներին պատրաստ լինել:
«55 տարեկանից բարձր անդամներն առանձին ցուցակում կգրանցվեն որպես կամավորներ: Նախորդ պատերազմը մեզ պարտադրված էր, ինչպես եւ պատերազմը, որն այսօր է սկսվել: Սակայն Ադրբեջանի ո՛չ ղեկավարությունը, ո՛չ բնակչությունը թող չակնկալեն հայկական ուժերի պարտությունը: Սա մեր վերջին պատերազմն է, եւ մենք պատվով դուրս կգանք դրանից: Մայր ու որդի, ամբողջ ժողովրդով ոտքի կկանգնենք եւ կհաղթենք: Ադրբեջանցիները լավ գիտեն, որ երբ հայերը համախմբված են, նրանց երբեք հնարավոր չէ հաղթել: Մենք նաեւ Մարտակերտն ենք տվել, սակայն մեկ տարի անց՝ հետ վերցրել: Եթե այն ժամանակ ես եւ իմ հասակակիցները պատերազմ էինք գնում հանուն մեր երեխաների, այժմ բոլորը, ինչպես ես, կանգնած են իրենց թոռների եւ երեխաների պաշտպանության համար: Մենք վերջնականապես կհաղթենք եւ կպատասխանենք բոլոր հարցերին»,-հայտարարել է Միքայելյանը: