News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 27-ին Մադրիդի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր ցուցարարներ՝ արտահայտելու իրենց վրդովմունքը կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարական միջոցառումների խստացման դեմ, փոխանցում է DW-ն։ 

Սեպտեմբերի 21-ին Իսպանիայի մայրաքաղաքի իշխանություններն ընդունել էին քաղաքացիների բուռն քննադատությունը հարուցած որոշում քաղաքի ամենաաղքատ շրջանների 850 հազար բնակիչների համար խիստ կարանտինային միջոցառումներ մտցնելու մասին։ Ըստ այդ կանոնների՝ կարանտինում եղող թաղամասերի բնակիչներին հիմա թույլատրվում է դրանց սահմաններից դուրս գալ միայն աշխատանքի կամ դպրոց հասնելու, կամ բժշկի մոտ գնալու համար։ Դրանից բացի, այդ շրջանների հանրային կայանատեղիները, խանութները եւ ռեստորանները պետք է փակվեն 22.00-ին։

Այսօրվանից՝ սեպտեմբերի 28-ից, Մադրիդի կառավարության որոշմամբ այդ միջոցառումները տարածվելու են եւս 8 թաղամասերի վրա, որտեղ բնակվում է ընդհանուր առմամբ մոտ 167 հազար մարդ։ Այսպիսով, Մադրիդի բնակիչների թիվը, որոնց վրա տարածվում են առանձնապես խիստ սահմանափակող միջոցառումները, կաճի մինչեւ 1 միլիոնի։

Մայրաքաղաքի վրդովված բնակիչները, որոնք սեպտեմբերի 27-ին հավաքվել էին տարածքային խորհրդարանի շենքի մոտ, պահանջել են Մադրիդի պահպանողական վարչապետ Իսաբել Դիաս Այուսոյի հրաժարականը։ «Սրանք սահմանափակումներ չեն, սեգրեգացիա են»,- վանկարկել են ցուցարարները։ «Հարուստների վրա ոչ մի տեսակի սահմանափակում չի դրվում»,- գրված էր պաստառներից մեկի վրա։

Դիաս Այուսոն ավելի վաղ Մադրիդի աղքատ շրջաններում նոր վարակումների թվի աճը կապել էր այնտեղ մարդկանց կենսակերպի հետ, ինչով հարուցել էր քաղաքացիների անթաքույց զայրույթը։

Համավարակի սկզբից սկսած Իսպանիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը կազմել է 700 հազար դեպքից ավելի։ Երկրում 31 հազար պացիենտ մահացել է COVID-19-ի հետեւանքներից։ Թագավորության մայրաքաղաք Մադրիդը եւ նրա շրջակայքը համարվում են համավարակի ժամանակ առավել շատ տուժած շրջանը։

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կառավարական միջոցառումների խստացման դեմ բողոքի ցույցեր են ընթացել նաեւ Փարիզում։ Այդ օրը քաղաքի կենտրոնում են հավաքվել ռեստորանների, բարերի եւ դիսկոտեկերի տերերը՝ արտահայտելու իրենց վրդովմունքն այն կապակցությամբ, որ երկուշաբթիից՝ սեպտեմբերի 28-ից, երկրի 11 խոշոր քաղաքներում ռեստորանները, որտեղ ալկոհոլային ըմպելիքներ չեն մատուցվում, պետք է փակվեն 22.00-ին։

Ռեստորանների շատ տերեր մտավախություն ունեն, որն իրենց հաստատությունների լիակատար փակումը ժամանակի հարց է։ «Մենք չենք հասկանում, թե ինչու կառավարության տեսակետից մետրոյում եղած մարդիկ ավելի մեծ անվտանգության մեջ են, քան մեր ռեստորաններում»,- հայտարարել է ռեստորատորների միավորման ներկայացուցիչը։ «Մենք բաց կմնանք։ Մենք նաեւ չենք հասկանում, թե ինչու մինչեւ 21։59-ը ռեստորանում մնալն անվտանգ է, իսկ 22։01-ից հետո՝ մահացու»,- հավելել է նա։

Փարիզից հետո Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մարսելում, որտեղ վերջին շրջանում նշվել է կորոնավիրուսով վարակումների թվի կայուն աճ, սեպտեմբերի 28-ի կեսգիշերից ռեստորաններն ու բարերը ընդհանրապես պետք է փակվեն։ Ռեստորանների որոշ տերեր արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում ենթարկվել այս կարգադրությանը։ Սեպտեմբերի 26-ին հարյուրավոր ռեստորատորներ դուրս էին եկել Մարսելի փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու նոր սահմանափակող միջոցառումների դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ