Այսօր Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ է գումարվել` նվիրված իրավիճակի զարգացմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ մասնակից 57 երկրների ներկայացուցիչներ:
Բացելով հանդիպումը` Մշտական խորհրդի նախագահ դեսպան Իգլի Հասանին վերահաստատել է նախագահության մտահոգությունը շարունակվող բախումների եւ հակամարտության գոտում իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Մտահոգվելով զոհերի քանակի աճով` նա վերահաստատել է ԵԱՀԿ նախագահության` անհապաղ դեէսկալացման կոչը անհապաղ եւ ցավակցություն է հայտնել զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին եւ հարազատներին:
Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկն ասել է, որ ինքը տեղեկատվություն է ստանում անմիջապես դեպքի վայրից` ամենաբարձր մակարդակի զրուցակիցներից: Դեսպան Կասպրշիկն ասել է, որ մշտական կապի մեջ է կողմերի հետ եւ որ իր թիմը պատրաստ է վերսկսել մոնիտորինգը տեղում, հենց որ իրավիճակը թույլ տա:
Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կրկնել են իրենց կոչը բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել բանակցությունները` հակամարտության կայուն լուծում գտնելու համար:
Ալբանիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում վերահաստատել է բանակցային լուծման եւ իր աջակցության կարեւորությունը Մինսկի խմբի համանախագահների եւ դեսպան Կասպրշիկի` իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերին: