News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անցյալ գիշեր ԱՄՆ Օհայո նահանգում Քլիվլենդում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Ջո Բայդենի առաջին բանավեճը։ Շփումը սկսվել է բժշկական ապահովագրության հարցը քննարկելիս լեզվակռվով։ Բայդենը Թրամփին անվանել է ստախոս եւ ԱՄՆ պատմության մեջ ամենավատ նախագահ, փոխանցում է BBC-ն։

Թրամփն իր հերթին իր մրցակցին մեղադրել է, որ քաղաքական կարիերայի 47 տարում ոչինչ չի արել։ «Ես 47 ամսում ավելին եմ արել, քան դու արել ես 47 տարում»,- ասել է նա։

Խոսելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին՝ Բայդենն ասել է, որ Թրամփը ծրագիր չունի, եւ եթե նախագահն ավելի խելամիտ չդառնա ու ավելի արագ չգործի, մեծ թվով մարդիկ կմահանան։

«Ջո, իմ վերաբերյալ երբեք չօգտագործես «խելամիտ» բառը, երբե՛ք։ Քո մեջ ոչ մի խելամիտ բան չկա»,- ի պատասխան ասել է Թրամփը՝ հայտարարելով, որ եթե Բայդենը պատասխանատու լիներ համավարակի ժամանակ, ապա կմահանային միլիոնավոր մարդիկ։

Բանավեճի ժամանակ Թրամփն ու Բայդենը բազմիցս ընդհատում էին իրար եւ միջոցառման մոդերատորին՝ Fox News-ի հաղորդավար Քրիս Ուոլեսին, ինչպես նաեւ լեզվակռիվ էին սկսում քննարկվող յուրաքանչյուր թեմայով։ Ինչ-որ պահի Ուոլեսն անգամ ստիպված էր ձայնը բարձրացնել, իսկ Բայդենը Թրամփին խնդրեց «լեզուն իրեն քաշել» եւ նրան անվանեց «Պուտինի շնիկ»։

Եղել է ընդամենը 6 թեմա, որոնցից յուրաքանչյուրի քննարկմանը հատկացված էր 15 րոպե, իսկ թեկնածուներից յուրաքանչյուրի ռեպլիկներին՝ 2-ական րոպե։ Բացի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից, թեկնածուները քննարկել են տնտեսությունը, առաջիկա ընտրությունների ազնվությունը եւ ամերիկյան քաղաքներում բողոքի ցույցերը։

Շատերը ուշադրություն են դարձրել, որ բանավեճի սկզբում թեկնածուները չեն սեղմել միմյանց ձեռքը, սակայն այդպես էլ նախատեսված էր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով, որը ներկայումս խլել է ավելի քան 200 հազար ամերիկացիների կյանքերը։

Բանավեճի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ մինչեւ վիրուսի դեմ պատվաստանյութի հայտնվելը հաշված շաբաթներ են մնացել։ Բայդենն ի պատասխան ժպտացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ