News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մարտերը Արցախի շուրջ ամբողջ ռազմաճակատով շարունակվում են. Պաշտպանության Բանակի առաջապահ ստորաբաժանումները հմուտ գործողություններով շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 Հետեւակի մարտական մեքենա և 6 զրահափոխադրիչ:

Երեկոյան եվս մեկ տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է պաշտպանության բանակի ստորաբաժանումներից մեկը հակագրոհ է իրականացնում, որին զուգահեռ հրետանին ոչնչացնում է հակառակորդի մարտական տեխնիկան։

Մինչեւ այդ պաշտպանության նախարարութունը նոր տեսանյութ էր հրապարակել, որը պատկերում է հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները: Սեպտեմբերի 29-ի դրությամբ ադրբեջանական կողմն ունի 790 մարդկային կորուստ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ։ Պաշտպանության բանակը մինչեւ այսօր խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ:

Գիշերն ընթացել են թեժ մարտեր, սակայն ոչ այն ինստենսիվությամբ, ինչպես երեկ, առավոտյան ճեպազրույցում ասել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Մեր Զինված ուժերի ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են, ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք: Հայկական ՍՈւ-25 գրոհիչի հերոսաբար զոհված օդաչուն մայոր Վալերի Դանելինն էր,- ասել է Հովհաննիսյանը: Պաշտպանության բանակը առանձին հատվածներում իրականացնում է պատժիչ գործողություններ։

Երեկ երեկոյան Արցախի նախագահը տեսանյութ է հրապարակել, որը հպարտության ալիք է բարձրացրել հայ հանրության բոլոր շերտերում։ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի կայացման ակունքներում կանգնած նախկին հրամանատարների մասնակցությամբ: «Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամանատարությանը լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցույց տալիս աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով: Հաղթանակն անկասկած մերն է լինելու, գրել է նա:  Կադրերից երեւում է, որ խորհրդակցությանը մասնակցել են Արցախի հերոս գեներալները՝ Վիտալի Բալասանյանը, Արթուր Աղաբեկյանը, Արշավիր Ղարամյանը, Սեյրան Օհանյանը, Սամվել Բաբայանը, Լեւոն Մնացականյանը, Մովսես Հակոբյանը եւ ուրիշներ։

Այսօր թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետեւանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաեւ վիրավորներ: Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի էթիվը ահսել է 8-ի։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ճեպազրույցում հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեցել են միայն հարձակման առաջին օրը: Արդեն 27-ի գիշերը Պաշտպանության բանակը կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը, ունենալ որոշակի առաջխաղացում: Հայկական ուժերը կասեցնում են բոլոր գրոհները:

Ադրբեջանը շարունակում է կրել կենդանի ուժի խոշոր կորուստներ: Պաշտպանության բանակի տարածած տեսանյութում երեւում են սպանված ադրբեջանցի զինծառայողների բազմաթիվ դիակներ, նրանց զինգրքույկները եւ այլն:

Ես ասում եմ Հայաստանին եւ հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը: Այս մասին Ռիգայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Թուրքիայի քաղաքական հայտարարություններն անխոհեմ են եւ վտանգավոր: Ֆրանսիային մտահոգում են այդ ռազմաշունչ ուղերձները, մասնավորապես Ղարաբաղը գրավելու հարցում Ադրբեջանին աջակցությունը, ինչը մենք անընդունելի ենք համարում»,- ասել է նա: Ավելի վաղ Մակրոնն ասել էր, թե այդ թեմայով բանակցություններ կվարի Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հետ: «Քանի որ արդեն հաստատվել է, որ հարվածներ է նախաձեռնել ադրբեջանական կողմը, ես պահանջել եմ, որպեսզի այդ հարձակումը դադարեցվի»,-նշել էր նա

Մոսկվան Բաքվին եւ Երեւանին կրակի դադարեցման, իսկ տարածաշրջանի երկրներին զսպվածության կոչ է անում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, եւ նկատի ունենոլվ Ադրբեջանին աջակցելու ամսին Թուրքիայի հայտարարությունները՝  նշել. «պետք չէ կրակի վրա յուղ լցնել»:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին լրագրողներին ասել է ԱԽ նախագահ, ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին երեքշաբթի տեղի ունեցած փակ խորհրդակցությունների արդյունքներով։

Հայաստանը մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ռուս լրագրողների հետ հարցազրույցում: «Հայաստանի զինված ուժերը ունակ են պաշտպանել երկրի անվտանգությունը։  Մենք քննարկում ենք մեր անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները` կախված իրավիճակից եւ ընդհանուր քաղաքական ենթատեքստից»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ Թուրքիան անկայունություն է արտահանում տարածաշրջանի երկրներ: Հայաստանի կառավարությունում «սորոսականներ» չկան, կան «փաշինյանականներ»՝ մեկ այլ հարցի արձագանքելով, նշել է Փաշինյանը, նաեւ հավաստիացրել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում ոչ մի բացասական բան տեղի չի ունեցել։

Հայաստանը չի քննարկում ղարաբաղյան հակամարտության գոտի միջազգային խաղապահներ մտցնելու հնարավորությունը, ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Մեր օրակարգում այդպիսի հարց չկա»,- նշել է նա։ Փաշինյանը նաեւ հայտնել է, որ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում չի քննարկել Արցախում հակամարտությանը ռազմական միջամտության հնարավորությունը։

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ: Հասան Ռոհանին մտահոգություն է հայտնել իր հարևան երկու պետությունների միջև առկա լարվածությամբ և շարունակվող ռազմական գործողություններով: Վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա, նաեւ որոշ մանրամասներ  ներկայացրել:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրված տեսանյութում պատմում է, որ Արցախ  գալու ճանապարհին ամուսինն իրեն ասել է, որ իրենց որդին պետք է գնա՝ մասնակցի, այսինքն՝ նա պահեստազորում է։ «Ես  իրեն ասել եմ՝ հա, տղա ջան, զինվորական հագուստդ հագի և գնա։ Ես իրեն ասել եմ՝ քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան էս աշխարհում չկա։

Այս պահին հիմնական ապատեղեկատվության աղբյուրները հետեւյալն են. մեկը ադրբեջանցիների կոտրված հայաստանյան հաշիվներն են, ինչպես Facebook-ի պրոֆիլները, այնպես էլ էջերը, ասուլիսում ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ կոչ անելով «թարգել» ձայնային հաղորդագրություններ տարածելը: Մյուսը՝ փորձերն են օգտագործել անհայտ աղբյուրները: Մարտիրոսյանի խոսքով՝  չափազանց զգուշավորությունն էլ լավ բան չէ:

Ջավախքցի ռուսաստանաբնակ հայ գործարար, Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորայր Թեւանյանը Մոսկվայից ուղերձով դիմել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, նշել, որ այսօր ջավախքցի 8 հազար երիտասարդ պատրաստ է մեկնել առաջնագիծ ու կանգնել Արցախի հերոսական ժողովրդի կողքին:

Իսկ երեկ ախալքալաքցիները փակել էին վրաց-թուրքական սահմանը` ի պատասխան վրաց-հայկական սահմանի փակ մնալու։ Ջավախահայերն իրենց օգնությունը չեն կարողանում բեռնատարներով ուղարկել Հայաստան, որովհետև վրաց-հայկական սահմանի Նինոծմինդա անցակետը շարունակում է փակ մնալ։ Բեռնատարներում ալյուր է, կարտոֆիլ և այլ մթերքներ, նախօրեին երկու բեռնատար ուղարկելուց հետո կրկին արգելքի են հանդիպել։ Նրանք դժգոհել են, որ չեն կարողանում օգնության հասնել ու կռվել հայրենակիցների կողքին։ Ավելի ուշ սահմանը բացվել եւ բեռները հասել են Երեւան։

Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակում հատկացրել են 250 մլն դրամ: Բացի այդ, Վարդանյան եղբայրները 50 մլն դրամի սիգարետ են տրամադրել զինծառայողների և 67 բեռնատար մեքենա՝ Պաշտպանության բանակի կարիքների համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոս գարեգին Բ-ն շրջաբերական նամակներ է ուղղել Հայոց Եկեղեցու թեմերին և համայնքներին՝ Արցախի համար հանգանակություններ կազմակերպելու հորդորով։ Նա հանձնարարել է ԶՈՒ հոգևոր առաջնորդին, հայաստանյան թեմակալ առաջնորդներին և եկեղեցական բոլոր կառույցներին՝ սատար լինելու հայոց բանակին և հնարավոր օժանդակություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին:

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը թվիթերյան իր էջում հույս է հայտնել, որ հայկական պաշտպանության ուժերը կկարողանան դիմակայել ադրբեջանական այս կատաղի հարձակմանը. «Հակառակ դեպքում՝ չկասկածեք՝ մենք կարող ենք ականատես լինել հայերի երկրորդ ցեղասպանությանը: Աշխարհը պատրա՞ստ է դրան: Թուրքիան դա արեց 1915 թվականին: Ադրբեջանցիները ցանկանում են, որ Ղարաբաղը առանց հայերի լինի», ահազանգել է նախկին դեսպանը:

Հեռուստաասղ Քիմ Քարդաշյանը շարունակում է աշխարհի հանրությանը տեղեկացնել Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Քիմն օգտագործել է «Արցախ», «ուժեղ Արցախ», «Հայաստան» հեշթեգերը։ Մեկնաբանելով եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի հրապարակումը, գրել էր. «Արցախը Հայաստան է»։

«Հայերի բնաջնջման հրահրողն ու կատարողը՝ Թուրքիան, ցեղասպանությունը, բնականաբար, չի ճանաչում, գրել է ռուսական հեռուստատեսության աստղ Թինա Կանդելակին եւ ավելացրել. «Իսկ այժմ  թուրքական իշխանությունները ոչ միայն սառնասրտորեն նայում են, թե ինչպես են պատերազմում հայեր մահանում, այլեւ անում են ամեն ինչ, որ դրանում, որքան հնարավոր է, շատ մարդ մահանա։ Հիմա Թուրքիան հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչեւ հաղթական ավարտ» բառերով»։  

Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում քաջալերել է ռազմաճակատ մեկնող հայերին։ «Հայաստանի բարոյական ոգին բարձր է։ Մենք բոլորս սրտով նրանց հետ ենք և թող Աստված պահապան լինի նրանց»,- գրել է Սեդա Ազնավուրը։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 458 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50359 դեպքի: Մահացել է երկու վարակված, որոնցից մեկը այլ հիվանդությունից։

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է պատրաստել, որտեղ զինվորները կոչով դիմում են հայ ժողովրդին:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.79 դրամով ու հասել 488.41 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.75 դրամով ու հասել  571.78 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.30 դրամով  ու կազմել  626.63 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով ու հասել 6.24 դրամի։

Հոկտեմբերի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում եւս  տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +24+26:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ