News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անցյալ կիրակի Ադրբեջանը եւ Հայաստանը հրադադարի մասին համաձայնագիր ստորագրելուց 26 տարի անց, որին դրանից ի վեր քիչ թե շատ հետեւում էին, Լեռնային Ղարաբաղում կրկին կատաղի մարտեր սկսեցին: Ինչո՞ւ հենց հիմա. նախ` այն պատճառով, որ փոխադարձ ջղայնությունը վաղուց է կուտակվել, եւ երկրորդ` քանի որ այժմ հատուկ պատմական պահ է, գրում է Թոմաս դե Վաալը:

Հարկ է հիշեցնել, որ խոսքը հետխորհրդային տարածքում ամենաերկար էթնոտարածքային հակամարտության մասին է: Սկսելով 1988 թվականին քաղաքական հակասություններից` այն Միխայիլ Գորբաչովին ստիպեց շատ անքուն գիշերներ անցկացնել: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, հակամարտությունը վերածվեց զինված առճակատման անկախ պետություններ դարձած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Պատերազմն ավարտվեց 1994 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարի պայմանագրով եւ նշանավորեց հայերի հաղթանակը ռազմի դաշտում: Սակայն հակամարտությունն ինքնին մնաց չլուծված: Ադրբեջանը կորցրեց ոչ միայն բուն Ղարաբաղը, որտեղ հայերը կազմում էին բնակչության մեծամասնությունը դեռ խորհրդային տարիներին, այլեւ` մասամբ կամ ամբողջությամբ յոթ շրջան, որոնք երբեք վեճի առարկա չեն եղել, սակայն մինչ այժմ վերահսկվում են հայկական ուժերի կողմից:

1994 թվականից հետո շփման գիծը, որպես կանոն, հանգիստ էր, սակայն երկու կողմերի ագրեսիվ հռետորաբանությունը երբեք չէր դադարում: Ղարաբաղում խաղաղապահներ չկային, ընդ որում՝ երկու երկրներն էլ ջանասիրաբար ավելացնում էին իրենց ռազմական հզորությունը․ ծանր հրետանի, հարվածային ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր եւ հեռահար հրթիռներ էին գնում:

Պատերազմն արդեն վերադարձել էր տարածաշրջան չորս օրով 2016-ի ապրիլին, երբ զոհվեց շուրջ երկու հարյուր մարդ, ինչից հետո Ռուսաստանին հաջողվեց հրադադարի հասնել: Սակայն ներկայիս բախումներն ավելի լուրջ են թվում: Հասարակական կարծիքը` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, շատ մարտական է տրամադրված, ուստի երկու երկրների ղեկավարների համար դժվար կլինի արագ կանգ առնել` հայտարարելով հաղթանակի մասին: Էսկալացիայի եւ զանգվածային ավերածությունների ռիսկը չափազանց մեծ է:

Իրավիճակը սրվում է երկու նոր հանգամանքով: Առաջինն այն է, որ, ի տարբերություն այն երկրների մեծ մասի, որոնք ավանդաբար դեէսկալացման եւ հրադադարի կոչ են անում, այս անգամ Էրդողանի Թուրքիան` ազդեցիկ տերությունը տարածաշրջանում, բացահայտ աջակցում է հակամարտության կողմերից մեկին` Ադրբեջանին:

Գրեթե 30 տարի Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի` ղարաբաղյան հակամարտության միակ միջազգային միջնորդի անդամ էր: Թուրքերը միշտ էլ քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, սակայն միեւնույն ժամանակ զսպել են նրան` խաղաղ լուծման կոչ անելով: Այժմ ամեն ինչ փոխվել է, եւ աշխարհաքաղաքական հավասարակշռությունը հակամարտության գոտում խաթարվել է:

Երկրորդ նոր հանգամանքն այն է, որ Միացյալ Նահանգները, հակառակ իրենց սովորության, դուրս են եկել հակամարտությունից: 1998 թվականից ի վեր Վաշինգտոնը Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է: 2001-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեցին Ֆլորիդայի Քի Ուեսթ քաղաքում, որտեղ միջնորդ էր ԱՄՆ-ն: Այդ ժամանակ նույնիսկ հույս ծագեց, որ հակամարտությունը կարող է լուծվել: Սակայն այս անգամ` սեպտեմբերի 27-ին, ԱՄՆ-ն խոշոր տերություններից վերջինն էր, որը հայտարարություն տարածեց Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Սա ցույց է տալիս, որ Վաշինգտոնն ընդհանուր առմամբ կորցրել է հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ: Հնարավոր է նաեւ, որ ԱՄՆ ներկայիս նախագահը, ով ժամանակին ներդրումներ էր կատարել Բաքվի դեռ չկառուցված Թրամփ աշտարակի կառուցման մեջ, պատրաստ է Հայաստանին եւ Ադրբեջանին դիտարկել բացառապես բիզնես շահերի տեսանկյունից: Բացի այդ, սա եւս մեկ անգամ հաստատում է, որ ԱՄՆ-ն այլեւս չի զբաղվում տարածաշրջանային հակամարտությունների խաղաղեցմամբ: Ի վերջո, Ղարաբաղն արդեն երրորդ հակամարտության գոտին է` Լիբիայից եւ Սիրիայից հետո, որտեղ Թուրքիան բախվում է Ռուսաստանի հետ:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա ի տարբերություն Բալկանների՝ նա երբեք նկատելի դեր չի խաղացել ղարաբաղյան հակամարտությունում։ 1990-ական թվականներին, երբ դիմակայությունը նոր-նոր սկսվում էր, Եվրամիությունը դեռեւս չուներ ներկայիս աշխարհաքաղաքական հավակնությունները։ 1998 թվականին Ֆրանսիան դարձավ Մինսկի խմբում երրորդ համանախագահը, բայց Փարիզն աչքի չի ընկնում հակամարտության հանդեպ կայուն հետաքրքրությամբ, չնայած Ֆրանսիայի նախագահների պարբերական ջանքերին։

Ռուսաստանը եւ հատկապես ռուսական ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը շարունակում է մնալ ամենաակտիվ միջնորդը եւ միակ կողմը, որը կարող է Հայաստանին ու Ադրբեջանին համոզել հրադադարի նոր համաձայնագիր կնքել։ Բայց Մոսկվայի գործողությունները մեծապես սահմանափակված են Բաքվի եւ Երեւանի հետ իր բարդ երկկողմ հարաբերությունների այլ հարցերով, որոնք, ի դեպ, մշտապես կասկածով են վերաբերվում տարածաշրջանում Ռուսաստանի մտադրություններին։ Ռուսաստանը երբեք չի կարողանա ինքնուրույն հասնել խաղաղ պայմանագրի ստորագրմանը։

Արդյունքում հակամարտության կարգավորման համար եղած միջազգային ներուժը մնում է չօգտագործված։ Շատ տարիներ են խլել անպտուղ դիվանագիտական շփումներն ու շրջանակային փաստաթղթի ձեւակերպումների շուրջ վեճերը, որոնք վարվում են 2006 թվականից կամ այն հարցի շուրջ, թե ԵԱՀԿ դիտորդները որքա՞ն պետք է մնան Ղարաբաղում։

Այս շաբաթ դժվար է ազատվել դեժավյուի զգացումից։ 2016 թվականի մայիսին՝ վերջին լուրջ սրումից հետո, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները գնացին Վիեննա, եւ այնտեղ, Լավրովի եւ այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի ճնշմամբ, հաջողվեց բանակցային գործընթացը մեռյալ կետից առաջ շարժել։

Այդ ժամանակ կողմերը մի շարք պահանջներ ընդունեցին, որոնք վաղուց էին միմյանց ներկայացնում։ Ադրբեջանը համաձայնվեց ուժեղացնել հրադադարի ապահովման միջոցառումները, որը հայերի անհանգստության հիմնական թեման է։ Իսկ Հայաստանն, իր հերթին, գնաց «համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների» վերսկսմանը, ինչին փորձում էին հասնել ադրբեջանցիները։

2016 թվականի ողբերգական իրադարձությունները կարող էին այդպիսի համաձայնագրի շուրջ աշխատելու խթան դառնալ, սակայն երկու կողմն էլ շատ արագ հրաժարվեց իր խոստումներից, իսկ միջազգային միջնորդները, ինչպես սովորաբար, չփորձեցին Բաքվին եւ Երեւանին ստիպել դրանց հետեւել։

Արդյունքում՝ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվող բանակցությունները կրում են զուտ տեխնիկական բնույթ եւ զուրկ են գործնական բովանդակությունից։ Իրական եկխոսության բացակայությունն է դարձել ներկայումս ընթացող ռազմական գործողությունների գլխավոր պատճառը։ Ադրբեջանը դադարեց հավատալ, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը պատրաստ է առարկայական բանակցությունների վերսկսմանը։

Եվրոպացիներն ու ամերիկացիները կարող են որքան ուզում են ափսոսել Կովկասի լանջերից հեռու այս՝ չհայտարարվող անվանմամբ հակամարտության կապակցությամբ, բայց վերջնարդյունքում նրանք այլ ընտրություն չունեն, բացի կարգավորմամբ լրջորեն զբաղվելը։ Ընդ որում՝ զաղվել Ռուսաստանի հետ համատեղ, չնայած ուրիշ հարցերում բոլոր հակասություններին։ Տարածաշրջանում, որտեղ ակտիվանում է Թուրքիան՝ Իրանից ոչ հեռու, ինչպես նաեւ անցնում են խոշոր նավթա- եւ գազատարներ, ցանկացած բռնկում կարող է վերածվել ծանր միջազգային խնդրի։

Հակամարտության դադարեցումը կարեւոր է նաեւ հումանիտար նկատառումներով։ Ղարաբաղյան պատերազմում զոհվել է մոտ 20 հազար մարդ եւ ավելի քան մեկ միլիոն մարդիկ ստիպված էին իրենց տները լքել։ Համանման բան չպետք է կրկնվի։ 1992 թվականին ոչ վաղուց ստեղծված Մինսկի խումբը կոչ էր արել անցկացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով միջազգային համաժողով, բայց այն այդպես էլ տեղի չունեցավ։ Հիմա այն անցկացնելու ճիշտ ժամանակն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ