News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 27
USD
493.24
EUR
582.42
RUB
6.45
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ռազմաճակատում մարտերը շարունակվել են. Զինուժ մեդիան հերթական տեսանյութն է հրապարակել, թե ինչպես են Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում ոչնչացնել հակառակորդի հենակետերն ու մարտական տեխնիկան:

Մարտադաշտում գերազանց են գործում հայ հրետանավորներն ու հակաօդայինները։ Նրանք այսօր ոչնչացրել են 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ եւ 6 ԱԹՍ։ Պաշտպանության Նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նույնիսկ կատակել է, երբ հաղորդում էր 2-րդ ինքնաթիռի խոցման մասին, նա ավելացրել է. լավ էլի... չհասցրի գրեմ 2, դառավ 3 ինքնաթիռ, նաեւ բողոքել, որ հայկական զինուժն ավելի արագ է հասցնում ոչնչացնել հակառակորդի զինտեխնիկան, որ ինքը չի հասցնում հաշվել։

Սիրիացի զինյալների առկայության  փաստերն արձանագրվել են միջազգային մակարդակով եւ ոչ միայն մեդիայի հարթությունում, առավոտյան լրագրողներին ասել է Արծրուն Հովհաննիսյանը: Այլեւս որեւէ մեկը կասկած չունի, որ Ադրբեջանն ու Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին, բացի բուն կիրառողներից, որոնք համառորեն փորձում են եւ փորձելու են թաքցնել, բայց իզուր, նշել է նա: Հովհաննիսյանը ներկայացրել.է նաեւ առավոտվա դրությամբ շփման գծում տիրող  պատկերը։  Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է, որ մեր զինված ուժերը միշտ չէ, որ վարում են միայն պաշտպանական մարտեր:

Հովհաննիսյանի ներկայացրած վիճակագրությունում արդեն հաշվառված էր հարավային հատվածում՝ Վարազաթումբ կամ Լելե Թեփե տարածքում, Պաշտպանության բանակի ոչնչացրած մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տեղի ունեցածում դիտավորություն չկա, և քանի որ «Ադրբեջանի սանձազերծած մարտերն ընթանում են Իրանի սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»:

Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, նվազագույնը ոչ ոքիով, երեկ ուշ երեկոյան արտասահմանցի լրագորղների մասնակցությամբ ճեպազրույցում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ Արցախը երբեք չի գրավվել եւ չի գրավվելու, պատմել, որ այս օրերին մեր կողքին իրական հերոսներ են ծնվում. 18 տարեկան պատանին 9 միավոր զրահատեխնիկա է ոչնչացրել, մեկ ուրիշը նետվել է թշնամու խրատամն ու նռնակներով պայթեցրել նրանց ու իրեն։ Խոսելով կողմերի կորուստների մասին Հարությունյանն ասել է, որ շատ զարմացած է Ադրբեջանի իշխանությունների պահվածքից, նրանց «մարդկային» հատկություններից, սեփական քաղաքացիների ճակատագրի հանդեպ անտարբերությունից: Արցախի նախագահը բացատրել է, որ ադրբեջանական իշխանությունը վարում է հակաադրբեջանական քաղաքականություն, եւ Ադրբեջանի ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ քաղաքականությունը կարող է հանգեցնել պետականության կործանման։

Ադրբեջանցի զինվորների գրեթե բոլոր այն դիակների գրպաններում, որոնք հայտնվել են հայկական տարածքում, եղել են ներարկիչներ, Ստեփանակերտում կայացած ճեպազրույցում նշել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Պողոսյանը նաեւ ասել է, որ այս օրերին Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են այդ երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Հետախուզական տվյալներով՝ միայն մի ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել: Մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում, ասել է նա

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարկել, որը վկայում է, որ Արցախի դեմ օդային գործողությունները ղեկավարում է Թուրքիան։ «Այսօր ժամը 10-ից սկսած Թուրքիայի օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ՍՈՒ-25 տիպի ադրբեջանական գրոհիչները, «Բայրաքթար» հետախուզահարվածային ԱԹՍ-ն մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին: Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում-Կարս հատվածից:

Վիրավորներ կան ռազմական գործողությունները լուսաբանող հայ եւ օտարերկրացի լրագրողների շրջանում։ Հարձակման է ենթարկվել «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը, թեթև վիրավորվել է օպերատոր Արամ Գրիգորյանը: Ֆրանսիական Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Մարտունիում, կա երկու վիրավոր։ Դոժձ հեռուստաընկերության փոխտնօրենը նույնպես հրետակոծության տակ է հայտնվել: Ադրբեջանական զինուժը հարվածել է նաեւ Աժանս ֆրանսպրես գործակալության լրագրողների մեքենային։ Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից բեկորային վիրավորում է ստացել 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը։

Ադրբեջանական 3 արկ է ընկել Իրանի Խոդաֆարին շրջանի Փարվիզխանլու գյուղում, հայտնում են իրանական լրատվամիոջցները: Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը զգուշացրել էր, կոնֆլիկտի գոտուց ոչ մի արկ արկ չպետք է հայտնվի Իրանում:

Զգուշացումն ուղղված էր Բաքվին, քանի որ առաջին դեպքը չէ, որ ադրբեջանցիները հրթիռներ են ուղարկում Իրանի տարածք։ Այդպիսով Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել կոնֆլիկտի մեջ:  Իրանցի հակաօդայիններն ադրբեջանական մարտական անօդաչու է հարվածել սահմանամերձ տարածքում:  

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ Սիրիայից վահաբիստ ահաբեկիչներ են տեղափոխվել Կովկաս, հայտարարել է, որ Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները իրենց հյուսիսային սահմանները Իրանի ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն:  «Բախումները Կովկաս տեղափոխելը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը», ասել է նա:

Արցախյան ճակատում կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները։ Նրանք ամենավճռական կերպով դատապարտում են բռնության էսկալացիան, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։ «Մենք սգում ենք զոհերի համար։  Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ ստանձնել պարտավորություններ բարեխղճորեն եւ առանց նախապայմաններ դնելու Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար»,- նշված է Պուտինի, Թրամփի եւ Մակրոնի համատեղ հայտարարությունում։

Այս հայտարարությունը զայրացրել է Թուրքիայի նախագահին։  Թայիփ Էրդողանը անթույլատրելի է համարում, որ Մինսկի խումբը ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը։ Նա նաեւ հերթական ոչ ադեկվատ ու ցինիկ հայտարարություններով է հանդես եկել Հայաստանի հասցեին՝ այն բնորոշելով որպես ավազակաբարո հանցագործ պետությունը։

Ֆրանսիան Ղարաբաղի մարտերին Թուրքիայից իսլամիստների մասնակցության ապացույցներ ունի: Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից ժամեր առաջ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: «Հստակ տեղեկություն ունենք, որը ցույց է տալիս, որ սիրիացի գրոհայինները լքել են Գազիանթեփում մարտի դաշտը, որպեսզի միանան Ղարաբաղում մարտական գործողություններին: Դա շատ լուրջ է: Առաջիկա ժամերին այդ թեման կքննարկենք գագաթնաժողովի ժամանակ»,-ասել է Մակրոնը:

պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին  տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է: Տոնոյանն ընդգծել է, որ  պաշտպանության բանակը կատարում է իր առջեւ դրված խնդիրները, զարգացնելով հաջողությունը եւ զսպելով հակառակորդի սանձազերծած ագրեսիան, իսկ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ եւ այդ գործընթացն արդեն սկսվել է։

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ, օրվա սկզբին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով», գրել է Փաշինյանը եւ ավելացրել, որ այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային եւ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկվել է արցախա-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողությունները: Նախագահ Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է ՀՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման ու համազգային համախմբման մասին: Նրա խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը երկարաժամկետ ու արդարացի խաղաղության հասնելու անքակտելի բաղադրիչն է հանդիսանում: Հանդիպումը նախաձեռնել էր դեսպան Կոպիրկինը։

Երրորդ նախագահի գրասենյակից NEWS.am-ին հայտնել են, որ պատերազմի առաջին օրվանից Սերժ Սարգսյանն իր լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում բոլոր ուղղություններով աշխատում է` ամենժամյա կապի մեջ է Արցախի իր մարտական ընկերների, այնտեղ գտնվող հանրապետականների հետ: «Լույս» հիմնադրամի միջոցով եւս, որի համահիմնադիրը եւ հոգաբարձուների խորհրդի նախագահն է Սերժ Սարգսյանը, զգալի աշխատանք է իրականացվում:

Հայաստանի  ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորականի պետական դավաճանության դեպք: Ըստ հաղորդագրության՝ ձեռք են բերվել ապացույցներ, որ նրան ադրբեջանցիները հավաքագրել են Վրաստանում, ապա նրանից ստացել պետական գաղտնիքներ պարունակող փաստաթղթեր։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 491 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 50850-ի: Վիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, եւս մեկ վարակված մահացել է այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 1261 է

Լոս Անջելեսում բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել. Մեծ թվով լոսանջելեսահայեր հավաքվել են Ադրբեջանի հյուպատոսության դիմաց ՝ բողոքելով այդ երկրի վերջին հարձակումների դեմ: Ցուցարարները նաեւ դատապարտել են այս ռազմարշավին Թուրքիայի լկտի և հանցավոր միջամտությունը: Ակցիան կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական ֆեդերացիան:

Իսպանիայի Բարսելոնա քաղաքի հայերը եւս ցույց են կազմակերպել, վանկարկել հայ զինվորին ու Հայկական բանակին փառաբանող վանկարկումներ։

Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի «Երախտագիտության» այգին այսուհետեւ կրելու է Զինված ուժերի մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը։ Բացի այդ՝ Հայ-Ռուսական համալսարանը նաև հոգ է տանելու նրա երեխաների մասին»։ Հիշեցնենք, որ Դանելինը Սու-25-ով օդից պաշտպանել է վարդենիսի եւ հարակից բնակավայրերը թշնամու հարձակումից եւ վերադարձի ճանապարհին, ըստ հիմնական վարկածի՝ խոցվել է թուրքական F-16 կործանիչից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը քննարկել է Արցախի ժողովրդի և հայոց բանակի աջակցությանն ուղղված՝ Մայր Աթոռի և թեմերի ձեռնարկելիք քայլերին։ Ի զորակցություն Արցախի՝ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է  Մայր Աթոռի միջոցներից «Հայաստան» հիմնադրամին փոխանցել կես միլիոն դոլար։

Դեն Բիլզերյանը, նրա հայրը՝ Փոլը եւ եղբայրը՝ Ադամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին 250 հազար դոլար կփոխանցեն։ «USArmenia»-ի հետ հարցազրույցում Փոլ Բիլզերյանը նշել է՝ խիստ զայրացած է հայերի դեմ Արդբեջանի հարձակման փաստից։

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է աշխարհին տեղեկացնել Արցախի վրա Ադրբեջանի հարձակումների մասին։ Twitter-յան էջում մեջբերել է նախագահ Արմեն Սարգսյանի՝ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցից մի հատված։

«Արցախի հայերին հաղթելն անհնար է։ Անհնար է, որ ողջ հայ ազգը՝ Արցախում կամ Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, դա թույլ տա»։

Արցախի գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է այն ապրանքներն ու ապրանքատեսակները, որոնք այս պահին անհրաժեշտ են, նաև հիշեցրել, որ այս պահին պարենի խնդիր չկա, առավել ևս՝ արագ փչացող։ Արցախ կարելի է տանել կամ ուղարկել ծխախոտ,  շշալցված ջուր, երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք,  խտացրած կաթ,  սուրճ,  պահածոյացված սնունդ, հիգիենայի պարագաներ։

Երեւանի պետական համալսարանի գիտխորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը: Հիշեցնենք, որ արցախա-ադրբեջանական վերջին սրացման բռնկումից ժամեր անց Սահակաշվիլին հայտարարել էր, թե պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Մեծանուն կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հայտարարել է, որ մեր ամբողջ կռիվը մեր տունը, հողը, այգին, ավանդույթը, սրբությունները, Հայոց լեզուն պահպանելու համար է։ «Ես մի շաբաթ առաջ չէի պատկերացնի մեր այսքան զորավոր լինելու իրողությունը։ Գալիս է պահը եւ տեսնում ես, որ ժողովուրդը դառնում է մեկ ընտանիք, հարազատ ընտանիք. մի քանի թշնամական համազարկերի արդյունքում գոյացավ այս հրաշալի բռունցքը», ասել է մաեստրո Մանսուրյանը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով ու կազմել  488.58 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.15 դրամով  ու կազմել 573.93 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.10 դրամով ու հասել 627.73  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով  ու հասել 6.32 դրամի:

Հոկտեմբերի 2-ին՝ կեսօրից հետո, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են  կարճատև անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում  երեկոյան ժամերին  հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Այս գիշեր կլինի 12-14 աստիճան, վաղը ցերեկը 25-27 աստիճան զրոյից բարձր։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ