News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Պատերազմի 6-րդ օրը Ադրբեջանը փոքր ինչ փոխել է հարձակումների մարտավարությունը։ Տեսնելով, որ ճակատային գրոհներն առանձնապես ոչինչ չեն տալիս՝ սեփական զինտեխնիկայի ու կենդանի ուժի կորուստներից բացի, հակառակորդը վերսկսել է արցախյան բնակավայրերի խորքային հրետակոծությունը։ Առավոտյան ռմբակոծվել են Ստեփանակերտը, սմերչով հարվածել են Հադրութին։ Կան վիրավորներ, վնասվել են շինություններ։ 

Օրվա մարտերի արդյունքներով հակառակորդը կրել է 540 մարդկային կորուստ, ունեն ավելի քան700 վիրավոր, կորցրել են 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, երեք ուղղաթիռ, վեց աթս։ 

Ճակատի տարբեր ուղղություններում մարտերը օրվա ընթացքում շարունակվել են, երեկոյի դրությամբ շփման գծի երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։

Երեկոյան հակառակորդը երեք անգամ հարվածել է Ստեփանակերտին ծանր հրթիռներով: Վնասվել են բնակելի շենքեր, նախնական տվյալով կան վիրավորներ։

Արցախի պաշտպանության բանակի տարածած տեսանյութում հայ զինվորները շեշտում են, որ առաջնագծում տրամադրությունը բարձր է, անձնակազմը իր առջեւ դրված խնդիրները կատարում է գերազանց մակարդակով՝  հակառակորդին պատճառելով ահռելի վնասներ:

Մեկ այլ տեսանյութում նկատելի է զինվորների մարտական բարձր ոգին։ «Իմացեք, որ մենք այստեղ շատ լավ ենք։ Մենք դուխով ենք ու մեր ազգի համար մեր կյանքը կտանք», ասել են նրանք։

Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է Ադրբեջանի կեղծիքները, թե, իբր Հայաստանի տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում և հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը: Չնայած Վարդենիսի շրջակա բնակավայրերի  թիրախավորմանը, Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել: Գերատեսչությունը ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է  Հայաստանի զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների իր բոլոր հետևանքներով:

Հայկական զինուժը կիրառության է վերցնում առգրավված ադրբեջանական տեխնիկան: Զինուժ մեդիան տեսանյութ է պատրաստել հակառակորդի զրահատեխնիկան առգրաված զինծառայողների մասնակցությամբ: «Մեր նպատակը միայն հակառակորդի զրահատեխնիկան խոցելը չի, մենք պատրաստ ենք հակառակորդի զինտեխնիկան առգրավվել»,-ասում է  հայ զինծառայողը:

Արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը հեռախոսազրույցում քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: «Պուտինը կրկին նշել է ռազմական բախումների անհապաղ դադարեցման եւ քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը: Ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձեւաչափերով: Կողմերը լրջագույն մտահոգություն են հայտնել, որ Մերձավոր Արեւելքից անօրինական զինված խմբավորումների գրոհայիններ են մասնակցել ռազմական գործողություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ:   

Figaro ֆրանսիական թերթի հետ հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել դադարեցնել Անկարայի անդամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Մինսկի խմբին Թուրքիայի անդամությունը պետք է դադարեցվի, քանի որ այդ երկիրը կանխակալ է, ուստի Թուրքիան այլեւս չի կարող միջնորդ լինել: Միջազգային հանրությունը, այդ թվում ամերիկյան հասարակությունը, պետք է իմանա, որ ԱՄՆ-ում կառուցված F-16 կործանիչները կիրառվում են այս հակամարտությունում հայերին սպանելու համար»,-ասել է նա: Փաշինյանի խոսքով՝ «Թուրքիան հազարավոր վարձկանների եւ ահաբեկիչների խմբեր է ուղարկել այն գոտիներից, որոնք նա զավթել է Սիրիայի հյուսիսում»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թուրքական Գազիանթեփով Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտի են տեղափոխվել 300-ից ավելի սիրիացի իսլամիստներ. «Դա ապացուցված փաստ է, Ռուսաստանը նույնպես այդպիսի տեղեկություններ ունի։ Թուրքիայի այս վարքագիծն արժանի չէ ՆԱՏՕ-ի անդամ երկրին, մենք նման գործողությունները բացարձակորեն անընդունելի ենք համարում։ Այս դեպքում կարմիր գիծն արդեն հատվել է»,- շեշտել է նա Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում կայացած ասուլիսում եւ ավելացրել, որ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում  մի շարք նախաձեռնություններ կձեռնարկեն։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույն գագաթնաժողովում հայտարարել է, որ Եվրոպական խորհուրդը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման օգտին, ռազմական մեթոդներով անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը։ Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության բռնկման եւ ձգտում են կրակի շտապ դադարեցման։

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Կիեւը ռազմական օգնություն չի տրամադրի ղարաբաղյան հակամարտության կողմերից որեւէ մեկին:

«Իսկ բժշկական օգնություն` չափազանց շատ հորինող պատգամավորների համար դեղահաբեր, պետք է փնտրել ամբողջ երկրով...», - գրել է Ավակովը Twitter-ում:

Ավելի վաղ, «Ժողովրդի ծառա» խմբակցության ուկրաինացի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն համոզմունք էր հայտնել, որ անհրաժեշտության դեպքում Ուկրաինան «կողքով չի անցնի» Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հարցում:

Երբ մենք կռվում ենք, մեզ հետ ադրբեջանցիներ կամ թուրքեր չկան՝ հայտարարել է Արցախի դեմ ագրեսիային մասնակցած զինյալներից մեկը: Այս մասին գրում է լրագրող Լինդսի Սնելը, որն առաջիններից էր, որ հայտնել էր Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներին Ադրբեջան ուղարկելու մասին: Սնելը սեպտեմբերի 22-ին է Սիրիայի ազգային բանակի իր աղբյուրներից իմացել, որ զինյալների առաջին խումբը մեկնել է Ադրբեջան: Դրանից մի քանի ամիս առաջ արդեն այդ խոսակցությունները կային»,-գրել է նա:

«Մեզնից շատերը ցանկանում են վերադառնալ Սիրիա, սակայն նրանք մեզ վրա են պահում զենքն ու ստիպում մնալ եւ շարունակել պատերազմը»,-ասում է մյուս զինյալը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է սոցիալական և նյութական աջակցության շտաբ։ Շտաբը կազմակերպելու է վիրավորված զինծառայողներին,  կամավորներին, ինչպես նաև բնակչությանը նյութական աջակցություն տրամադրելու նպատակով: Շտաբը գլխավորելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Աստղիկ» բժշկական կենտրոնում Արցախում վիրավորում ստացած զինծառայողն ամուսնության առաջարկ է արել իր սիրած աղջկան։ Դատելով կադրերից՝ աղջիկն ընդունել է առաջարկը եւ չի կարողացել զսպել արցունքները։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 532 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 51 հազարից: Մահացել է 6 վարակակիր, որոնցից 3-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 1267 է։

Կորոնավիրուսով են վարակվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյան։ «Մենք անմիջապես կանցնենք կարանտինի եւ վերականգնման գործընթացին: Մենք դա միասին կհաղթահարենք»,- գրել է նա: Թրամփն իր լիազորությունները չի փոխանցել փոխնախագահ Փենսին։

Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Դոնալդ Թրամփին, որում շուտափույթ ապաքինում է մաղթել նրան ու առաջին տիկնոջը եւ անկեղծ աջակցություն հայտնել այս դժվար պահին:

«Համոզված եմ, որ Ձեզ բնորոշ կենսունակությունը, լավ տրամադրությունն ու լավատեսությունը կօգնեն հաղթահարել վտանգավոր վիրուսը»,- շեշտել է Ռուսաստանի  նախագահը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով ու հասել 488.60 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.39 դրամով ու կազմել է 572.54 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.39 դրամով ու հասել 631.12  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով  ու կազմել 6.22 դրամ:

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Երեւանում կարճատեւ անձրեւ է սպասվում 3-ի գիշերը։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 12-ից 14, վաղը ցերեկը 24-26 աստիճան զրոյից բարձր։

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ