News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Գիշերն առաջնագծում եղել է հարաբերական հանգիստ, կեսօրին մոտ, սակայն, Ադրբեջանը նոր ծավալուն գրոհ է սկսել հարավային ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերը մարտադաշտ են նետել ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա ու կրկին լուրջ կորուստներ կրել։

Հակառակորդն այսօր օրվա երկրորդ կեսին վերսկսել է նաև Ստեփանակերտի ռմբակոծությունը։ 

Այսօր ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց Թուրքիայի նկատմամբ։ Դատարանը կոչ է արել ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել է. «Մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետեւանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլեւ արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են»։

Այսօր Պաշտպանության Բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված եւս 21 հայ զինծառայողի անուն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ եւ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, ինչպես նաև մեր բանակի առաջիկա քայլերի մասին:

Ավելի ուշ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը:

Ազգային ժողովը քննարկել է պաշտպանական ծախսերը 40 մլրդ դրամով ավելացնելու մասին օրինագիծը: Ռազմական գործողություններն ու ռազմական դրությունը նույնպես կունենան բացասական ազդեցություններ տնտեսական ակտիվության վրա: Սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաեւ անորոշությունների եւ ռիսկերի աճ, ՀՆԱ-ն կնվազի: 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր էսկալացիայի գլխավոր նախաձեռնող  Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանն է:

Մերձավոր Արեւելքի ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր զինյալներ են տեղափոխվում ղարաբաղյան հակամարտության գոտի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

War Gonzo Telegram-ալիքը տեղեկություն է հաղորդել, թե Ռուսաստանի օդատիեզերական ուժերը զանգվածային հարձակում են նախապատրաստում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին: «Սիրիացի զինյալները վարձատրության դիմաց գաղտնազերծել են Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար ահաբեկչական բանակի ուսումնական ճամբարները»,- հայտնում է ալիքը։ Նշենք, որ սա ոչ պաշտոնական տեղեկություն է։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի սրման արդյունքում Արաքսի ափին գտնվող իրանական Խոդա Աֆարին շրջանը խոցած արկերի քանակն ավելացել է, ահազանգել է նահանգապետը։  Պատերազմի 9-րդ օրն ավելի քան 10 արկ է հարվածել Գարմադուզի շրջանի գյուղերին: Դեռ օրեր առաջ Իրանն արդեն զորքեր էր կուտակել սահմանին։ 

Այդ հարվածները, ինչպես նաեւ Իսրայելի ներգրավվածությունը եւ զինյալների տարածաշրջանում հայտվելը մտահոգիչ են եւ հնարավորինս շուտ պետք է դադարեցվեն,  հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդի` գլխավոր խորհրդականը: Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, սակայն, նրա խոսքով, Սիոնիստական ռեժիմը եւ Թուրքիան խթանում են լարվածությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տարածաշրջանային եւ միջազգային խաղացողներին կոչ է արել օգնել հասնելու կրակի շտապ դադարեցմանը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, իսկ կողմերին՝ անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։

Երեւանում տեղի է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Քննարկվել է իրավիճակը հակամարտության գոտում։

Շտապօգնության 12 ավտոմեքենայի հումանիտար օգնությունը, որը Երեւանի համար հավաքել է Ռուսաստանին հայկական սփյուռքը, մնացել է Մոսկվայում, հայտնել է Ռուս եւ վրացի ժողովուրդների միավորման հիմնադրամի նախագահ Վլադիմիր Խոմերիկին։

«Հայկական կողմը դիմել է Վրաստանի արտգործնախարարություն, սակայն  տարանցման թույլտվությունը մերժվել է։ Մեքենաները մնացել են Մոսկվայում։

Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում ջավախահայերը ցույց են անցկացնում  ի զորակցություն՝ Արցախի ու հայ զինվորի:  «Ջավախքն Արցախի կողքին է» կարգախոսով հավաքի մասնակիցները քայլերթով հասել ենն Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ միասնական աղոթք եւ մոմավառություն են կատարել։

Պաշտպանության նախարարությունը հերթական տեսանյութն է հրապարակել առաջնագծից՝ փոխանցելով մեր տղաների տրամադրությունը։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 406 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 53 հազարից: Մահացել է 6 քաղաքացի, նրանց ընդհանուր թիվը 1292 է:

13 կուսակցություններ գրությամբ դիմել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը: Նրանք նշել են, որ Ծառուկյանին կալանքում պահելը չի բխում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների շահերից։ Հայտարարությունը ստորագրել են «ԱԻՄ», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Դեմկուս», «ՀՅԴ», «Հայրենիք», «Մեկ Հայաստան», «Քրիստոնեա-դեմոկրատական», «Ազգային համաձայնություն» եւ այլ կուսակցություններ:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճելով 1.55 դրամով ու հասել 490.15 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.90 դրամով ու հասել 577.29 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.04 դրամով ու կազմել  635.81 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 6.25 դրամ:

Հոկտեմբերի 7-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա: Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +16+18:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ