News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի 13-րդ օրը ռազմական գործողություններն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվել են: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Արցախի նախագահի մամուլի խոսնակի բառերով՝ եթե Ադրբեջանի բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք չէ, իսկ Պաշտպանության բանակն իր   մարտական խնդիրը փայլուն է կատարում: Հայոց բանակի հարվածները խորտակիչ են, այսօրվա մարտերի մասին լակոնիկ գրառում է արել պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Մինգեչաուրի եւ Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են, հայտնել է հայտնել է Նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ըստ նրա՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների խոցման համար առկա են հակառակորդի բավարար թիրախներ, իսկ հայկական բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որեւէ սադրանքի դեպքում Արցախի Բանակի պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ»,- գրել է նա։ Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են հայկական ուժերը ոչնչացրել է ադրբեջանցի զինվորներ տեղափոխող մեքենաների մեծ շարասյունը։ Երեկոյան Ալիեւը հերթական սուտն է տարածել, թե իբր իր զորքերը գրավել են Հադրութը. Արցախի նախագահի մամուլիս խոսնակը դա ցնդաբանություն է որակել, իսկ Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ ինքն այս պահին Հադրութում է և չգիտես ինչու միայն հայերի է տեսնում։

Այս ժամերին բոլորը լուրերի են սպասում ոչ միայն ռազմաճակատից, այլեւ Մոսկվայից։ Երեկ երեկոյան Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները հակամարտության գոտում՝ մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինները եւ գերիներին  փոխանակելու համար: Պուտինն այդ կոչն արել է Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո։ Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ էլ է քննարկել  Ղարաբաղի շուրջ իրավիճակը։

Երկու երկրների արտգործնախարարները հրավիրվել են Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ այդ հարցերի շուրջ խորհրդակցությունների համար: Դրանք սկսվել են Երեւանի ժամանակով 16-ին։

Այս պատերազմի ու Հայկական բանակի համառ ու անզիջում դիմադրության արդյունքներից մեկն էլ միջազգային հանրության շրջանում ինքնորոշման իրավունքի ճանաչման տրամադրություններն են։ Բասկոնիայի խորհրդարանը երեկ հայտարարություն է ընդունել, ըստ որի խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա։

Ֆրանսիական  Ալֆորվիլ քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Արցախի Հանրապետության ճանաչմանը: Ալֆորվիլի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը Twitter-ում գրել է, որ խորհուրդը որոշում է կայացրել նաեւ ֆինանսական օգնություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը:

Վարչապետ  Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ։ Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին տեղեկացրել է Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին: Ֆրանսիայի նախագահը կարեւորել է հրադադարը, նշել, որ անմիջական հաղորդակցության մեջ է Ռուսաստանի նախագահի հետ։ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը եւ միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, թե ռազմական գործողությունների վերսկսումը չի նշանակում բանակցային գործընթացից հրաժարում, և որ պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի բնակիչներին համարել իր քաղաքացիները, ցինիզմի բարձրագույն դրսևորում են, հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը: «Նման պնդումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապրում է իր մտացածին՝ իրականությունից կտրված աշխարհում», նշել է Արցախի դիվանագիտական կառույցը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի  է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի հանդիպումը: Պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նեղ կազմով փակ նիստին հաջորդել է ընդլայնված կազմով բաց նիստը: Ղրղըզստանի ներկայացուցիչները ներկա չեն եղել երեւանյան նիստին՝ երկրում քաղաքական ճգնաժամի պատճառով։

Նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդեն երկու շաբաթ է՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը շարունակում է սպառազինությունների տարբեր տեսակների կիրառմամբ լայնամասշտաբ հարձակումը ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի դեմ: Մենք դա գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական սպառնալիք հայ ժողովրդի դեմ: Մեր քաղաքներն ու գյուղերը հրետակոծվում են, կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Հատկապես տուժել է մայրաքաղաք Ստեփանակերտը, որի բնակչությունը հումանիտար աղետի շեմին է: «Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կոնֆլիկտին ներգրավված են Սիրիայից վարձկաններ եւ գրոհայիններ: Այդ փաստը հաստատել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաեւ բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ: Հատկապես սպառնալիք են տարածաշրջանն ապակայունացնող Թուրքիայի գործողությունները: Մեր հակառակորդին չի հաջողվել որեւէ էական հաջողության հասնել: Մեր ժողովուրդը համախմբված է առավել, քան երբեւէ», ասել է նա:  

Կարեւոր է ապահովել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը եւ սկսել հակամարտության դիվանագիտական կարգավորումը, ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Ռուսաստանը պատրաստ է դրան նպաստել ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ»,- նշել է նա։

Ռազմական դրության խստացումների նպատակը խուճապ չառաջացնելն է, որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում անզգուշությամբ նման տեղեկությունների տարածումն ու դրա կանխարգելումը, Ազգային ժողովում լրագրողներին ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Հարցին՝ խստացումները պայմանավորվա՞ծ են «դավաճաններրի» գործի հետ, Բադասյանն արձագանքել է, որ բացի վարչապետի՝ «դավաճանների» մասին գրառումից, խուճապային տրամադրություն ստեղծող բազմաթիվ հրապարկումներ են եղել։

Շուշիում ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորված 3 ռուս լրագրողներից երկուսը տեղափոխվել են Հայաստան։ Նրանց վիճակը միջին ծանրությանը է, երրորդ վիրավորի վիճակը կայուն ծանր է, նա տեղափոխվել է Երեւան։

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 26 զինծառայողների անունները։ Նրանց թիվը հասել է 387-ի։

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 17 աթս, 12 զրահատեխնիկա, թշնամին տվել է եւս 300 սպանված: Ընդհանուր առմամբ՝ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 միավոր ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդը տվել է  4369 սպանված։

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը տեսաուղերձ է հղել հայոց բանակի զինվորներին ու ողջ աշխարհին՝ նշելով, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն հավատքը: Արամ Ա-ն, դիմելով հայոց բանակի զինվորներին, նշել է, որ պետք է հաղթենք և միշտ հաղթենք:

Արցախի թեմի առաջնորդ  Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հայտարարել է, որ հակառակորդը մարտադաշտում բախվելով մերոնց համառ դիմադրությանը, ադրբեջանցիները  վրեժխնդիր են լինում քաղաքներից և գյուղերից: «Երեկ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն  հարվածեցին, Ռուսաստանից երեք թղթակիցներ վիրավորվեցին: Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել, սա միջազգային տեռորի ձեռագիրն է»,- ասել է Պարգև Սրբազանը, որը հիանում է սահմանին կանգնած 18, 20 տարեկան զինվորներով։

Համահայկական դրամահավաքին զուգահեռ, որի շրջանակում արդեն նվիրաբերվել է ավելի քան 85 մլն դոլար, Հիմնադրամը նաեւ մոբիլիզացնում է իր համաշխարհային ցանցը մարդասիրական օգնությունը Հայաստան հասցնելու համար։ Չարթերային չվերթով Լոս Անջելեսից Երեւան  են հասնելու մի քանի տոննա դեղորայք, վիրաբուժական եւ բժշկական սարքավորումներ, այլ օգնություն։ Հայաստան է ժամանելու նաեւ բժշկական անձնակազմ, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։

Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը հայտարարել է, որ այս օրերին հայ ժողովրդի քաջորդիները հերոսաբար պայքարում են ահաբեկիչների դեմ: «Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք քոչվար ցեղերին, քանզի Արցախը մեզ համար լոկ տարածք չէ, այն Սուրբ Հայրենիք է: Աստված պահապան հայ զինվորին»,- ասել է Գաբրիել Սարգսյանը:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 614 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 55 հազարից: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մեկ վարակակիր մահացել է այլ հիվանդությունից: Մահացածներից ամենաերիտասարդը 43-ամյա տղամարդ է, նա ուղեկցող հւվանդություն չի ունեցել։ Մահացածների ընդհանուր թիվը 1313 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով ու կազմել  490.95 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.58 դրամով ու հասել 579.03 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.52 դրամով ու հասել 634.99  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով ու կազմել 6.36 դրամ:

Հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երեւանում եւս տեղումներ չեն դիտվի։ Մայրաքաղաքում գիշերը կլինի 7-9, վաղը ցերեկը 21-23 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ