News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Գիշերն առաջնագծում իրավիճակը եղել է կայուն լարված, հակառակորդը թիրախավորել է Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքները, բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան։ Իսկ առավոտյան գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդն անցել է հարձակողական գործողությունների։ Հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով Ադրբեջանը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ, հատկապես ակտիվ է եղել ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համարժեք գործողություններ են ձեռնարկել։

Առավոտյան ժողովրդին ուղղված հերթական կոչն է արել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Թշնամու ողնաշարը ջարդելու եւ մեր սահմաններից ետ մղելու համար յուրաքանչյուրիդ մասնակցությունը կարեւոր է։ Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին եւս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու եւ ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Մենք հաղթելու ենք եւ գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում եւ հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան: Ի գործ», գրել է Արցախի նախագահը։

Արցախի պաշտպանության բանակը հյուսիսային սահմանագոտուց ռեպորտաժ է պատրաստել։ Հակառակորդն այդտեղ հատուկ ջոկատայինների միջոցով փորձել է ներթափանցել առաջնագիծ եւ գրավել դիրքը, սակայն մեր տղաների գործողությունների արդյունքում ջախջախվել եւ կրելով բազմաթիվ կորուստներ՝ հետ են շպրտվել։

Արցախի պաշտպանության նախարարությունը եւս մեկ տեսանյութ է հրապարակել թշնամու կենդանի ուժի կորուստների մասին։

Մեկ այլ տեսանյութում հայկական զինված ուժերը թշնամու հերթական տանկն են խոցում։

Անցած մեկ օրում խոցվել է ևս 5 ԱԹՍ, 7 միավոր զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 220 զոհ:

Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է եւս 17 զոհված զինծառայողների անունները։ Ընդհանուր առմամբ հայկական զինված ուժերում այս պահին զոհերի 539 է։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ճշտել է, որ զոհվածների նախկինում հրապարակված ցուցակներում 10 անուն սխալմամբ է հայտնվել։

Թուրքիան Սիրիայից հազարավոր զինյալներ է ուղարկել Ադրբեջանի համար կռվելու Լեռնային Ղարաբաղում բախումներ սկսվելուց անմիջապես հետո, գրում է The National-ը: Պարբերականի հետ զրույցում Իբրահիմ անունով վարձկանն ասել է, թե ինքը ստորգետնյա բունկերից է խոսում։ «Ռազմական ինքնաթիռներն ուժեղ հարվածներ են հասցնում մեզ: Մենք այնքան տղաների կորցրեցինք, նույնիսկ չեմ կարող հաշվել քանիսին: Ես չգիտեմ, թե ինչ ենք մենք այստեղ անում: Անգամ փողը հիմք չէ` այս սարսափ ֆիլմում նկարահանվելու համար: Թուրքերը մեզ այնպիսի դրության մեջ են դրել, որ մենք այլեւս չենք կարող այստեղից փախչել»,- ասել է նա:  WhatsApp-ում նրա գտնվելու վայրը ցույց է տվել առաջնագիծը` Ղարաբաղից դեպի արեւելք, ադրբեջանական Ահմեդալիլար գյուղի մոտ, Իրանի սահմանից ոչ հեռու:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը մտահոգված է Մերձավոր Արեւելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվությամբ։ Այս մտահոգությունը նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցների ընթացքում հասցրել է Թուրքիայի պաշտոնակից Հուլուսի Աքարին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայունացմանը: Խնդրի շուրջ նա բանակցություններ է վարել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնակիցների հետ։ «Դրանց նպատակն է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը եւ հակամարտության կողմերի` բանակցություններին անցումը` տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար»,- հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Արցախյան հակամարտությունում երրորդ կողմի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության մասին Հայաստանի պաշտպանության նախարարությունը քննարկել է նաև Թեհրանի ներկայացուցչի հետ։ Նախարարության ներկայացուցիչ  Լևոն Այվազյանը Իրանի  դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինիի հետ զրույցում անդրադարձել է այս ամենի ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպել  է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպումից հետո համանախագահները հայտարարել են, թե տագնապով են նշում շարունակվող բռնության մասին։ Համանախագահները Ադրբեջանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հրադադարի շուրջ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ՝ տարածաշրջանի համար աղետալի հետեւանքները կանխելու նպատակով։ Նրանք ցանկացած դրությունում քաղաքացիական զոհերն անթույլատրելի են համարում, կողմերին կոչ են անում անհապաղ ապահովել մարդասիրական հրադադարը,  թույլ տալ զոհվածների մարմինների դուրսբերումն ու ռազմագերիների վերադարձը։ Նաեւ կողմերին կոչ են անում շտապ կարգով համաձայնեցնել հրադադարի ստուգման մեխանիզմը։ Նշվում է, որ միջնորդները  կողմերի հետ աշխատում են խնդրի քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հարցերի շուրջ՝ բանակցությունների ճանապարհով լուծմանը հասնելու նպատակով։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել կատարել կրակի դադարեցման պարտավորությունները: Պոմպեոն ասել է, թե Վաշինգտոնը նաեւ կոչ է անում դադարեցնել հարձակումները քաղաքացիական շրջանների, մասնավորապես՝ Գյանջայի եւ Ստեփանակերտի վրա: Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար եւ հակված ենք խաղաղ կարգավորմանը»,-գրել է նա Twitter-ի իր էջում

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը  «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, կյանքին վտանգ չի սպառնում։ Փոքրիկն ունի վնասվածքներ նաեւ վերջույթներում։ Հիշեցնենք, որ ռմբակոծությունից փոքրիկի 9-ամյա քույրը մահացել էր։

Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ մահացել է 1340 կորոնավարակակիր։ Անցած մեկ օրում գրանցվել է COVID-19-ով վարակվելու 745 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 57566-ի: Վիրուսից մահացել է 6 քաղաքացի, եւս 2 վարակված մահացել է այլ հիվանդության պատճառով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.34 դրամով ու  հասել 490.99 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.80 դրամով ու կազմել 578.73 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.87 դրամով ու հասել 640.64  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու կազմել 6.37 դրամ:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն դիտվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +24+26:   

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ