News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես է եկել կոչով՝ Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի առնչությամբ:

Վեհափառի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աստվածային օրհնությունն ենք բերում ձեզ եւ Հայրապետական Մեր սերն ու աղոթքները:

Մեր հայրենիքի համար վճռական օրեր են։ Կենաց ու մահու կռիվ ենք մղում հանուն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի։ Ադրբեջանը, անտեսելով հրադադարի պայմանավորվածությունը, շարունակում է ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ՝ հրետակոծելով նաեւ խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը, մեր հուշարձաններն ու սրբավայրերը, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Թիրախավորվել են նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը։ Ադրբեջանի այս ընթացքը ի ցույց է դնում բանակցությունները ձախողելու, Արցախի ժողովրդին հայրենի հողից վտարելու եւ բնաջնջելու նրա հայատյաց քաղաքականությունը։ Արցախի համար չկա եւ չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։ Պատերազմը մեր ժողովրդի ընտրությունը չէ: Մեզ պարտադրված է ինքնապաշտպանությունը, որպես բռնության ու բիրտ ուժի դեմ մեր կյանքի, ազատության եւ արժանապատվության պահպանման միակ միջոց:

Մենք դիմում ենք մարդկային կյանքը, խաղաղությունն ու արդարությունը արժեւորող բոլոր պետություններին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ առավել վճռական քայլեր ձեռնարկելու կանխելու համար Թուրքիայի եւ վարձկան ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից իրագործվող վայրագություններն ու ցեղասպան գործողությունները, հարկադրելու դադարեցնել պատերազմը եւ հիմնախնդրի կարգավորմանը հետամուտ լինել բանակցությունների ճանապարհով։ Արցախի ժողովրդի անվտանգ կյանքը, Արցախում կայուն խաղաղության հաստատումը կենսական ու հրամայական է՝ կանխելու ավերածություններն ու հումանիտար աղետը տարածաշրջանում։

Մեր կոչն ենք ուղղում հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին. սիրելիներ, առավել քան երբեւէ հայրենիքը կարիքն ունի մեզանից յուրաքանչյուրի ամբողջանվեր հանձնառության, համայն հայության համախմբման եւ հաղթական վճռականության՝ Արցախը պաշտպանելու, մեր ժողովրդի նկատմամբ արդարություն հաստատելու սրբազան այս գոյապայքարում։ Լինենք միասնական եւ աննկուն, շարունակենք Արցախին ցուցաբերվող զորակցությունը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը, որպեսզի մեր հերոս նախնիների ոգով ներշնչված՝ փառապանծ հաղթանակով վերականգնենք խաղաղությունը հայրենյաց սահմաններում եւ ապահովենք Հայաստան եւ Արցախ մեր հայրենի երկրի անվտանգ ու ստեղծագործ կյանքը։

Սիրելի զինվորներ եւ սպաներ Հայոց փառապանծ բանակի, առանձնակի գնահատանքով եւ երախտագետ սրտով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունը։ Ամեն օր ծանր մարտերում դուք սխրանքներ եք գործում` պաշտպանելով մեր հայրենիքն ու ազատ ապրելու իրավունքը մեր ժողովրդի։ Ամեն ժողովուրդ պիտի հպարտանար ձեզ պես նվիրյալ, արժանավոր զավակներով: Մեր ժողովրդի պարծանքն եք դուք, մեր պետականության, ազատ Հայաստանի, ազատ Արցախի գոյության եւ մեր արդար ձգտումների երաշխավորը: Այս պայքարի ընթացքում նաեւ կորցրեցիք զինակից ընկերներ, ովքեր ընկան հերոսի մահով եւ ժառանգեցին նահատակության անթառամ պսակը։ Մեր նորօրյա նահատակների լույս հիշատակի առջեւ թող հաստատ լինի ձեր ուխտը՝ ազգասիրության հաղթական ոգին աննկուն պահելու եւ հայրենին պաշտպանելու։ Ձեր անձնվիրումի ու ծառայության օրինակով ոտքի է կանգնել համայն մեր ժողովուրդը ի սփյուռս աշխարհի եւ իր ձայնն է բարձրացնում հանուն Արցախի իրավունքների եւ հաղթանակի։ Մենք հավատում ենք, որ «Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգեւելով» (Սաղմ. ԻԸ 11)։ Եվ այդ հաղթական հավատքով հայցում ենք Բարձրյալից, որ անփորձանք պահի ու պահպանի ձեզ, սիրելի զինվորներ եւ սպաներ, աշխարհազորայիններ եւ կամավորականներ, զինավառի ձեզ իր հոգեւոր սպառազինությամբ եւ զորացնի ձեր բազկի ուժը՝ հաստատելու հարատեւ խաղաղությունը մեր հայրենիքում եւ մեր ժողովրդի կյանքում։

Աղոթում ենք ձեզ համար։ Աստված օգնական եւ ապավեն ձեզ, Աստված օգնական եւ ապավեն Հայաստան եւ Արցախ հայրենի մեր երկրին եւ մեր ժողովրդին։ Ամեն»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ