Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) իրեն դիմելու դեպքում կկարողանա խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության համար՝ միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ եւ միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու դեպքում: Գործողությունը իրականացնելու համար պետք է լինի նաեւ հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը, ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
«Որոշումն ընդունվում է՝ հաշվի առնելով անդամ-պետությունների ազգային օրենսդրությունը՝ իր երկրի տարածքում խաղաղարար գործողություն իրականացնելու մասին պետության կողմից ներկայացված պաշտոնական խնդրանքի կամ ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին»,- ասել է Զայնետդինովը:
Նա նաեւ հիշեցրել է, որ հակամարտության ՀԱՊԿ անդամ միակ կողմ Հայաստանը, դեռ չի դիմել այդ կազմակերպությանը:
2007թ. համաձայնագրով՝ խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը նախապատրաստվում է արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաստատումից հետո:
Ինչպես նշվում է փաստաթղթում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ստեղծվում է հատուկ խումբ` հակամարտության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը գնահատելու եւ գործողության նպատակահարմարության եւ դրա մասշտաբի վերաբերյալ առաջարկներ մշակելու համար: Փաստաթղթում առանձին-առանձին նշվում է, որ «խաղաղապահ գործողությունները չեն փոխարինում հակամարտության կարգավորմանը բանակցությունների եւ այլ խաղաղ միջոցներով»:





























