Անկարան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման գլխավոր հովանավորն է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այժմ ակնհայտ է, որ Թուրքիան այդ պատերազմի գլխավոր հովանավորն է…Թուրքիայի որոշմամբ եւ հովանավորությամբ որոշում է կայացվել պատերազմ սկսել, հարձակում Լեռնային Ղարաբաղի դեմ»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ԼՂ-ում Թուրքիան օգտագործում է ոչ միայն սեփական զինվորականներին, այլ, որոշ տվյալներով, նաեւ Պակիստանի բանակի հատուկ ստորաբաժանումներին:
Փաշինյանը նշել է, որ կան ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայից գրոհայինների է ուղարկել Ադրբեջան, ինչը ապացուցում է, որ Ադրբեջանը չի կարողանում ինքնուրույն կռվել:
«Այս մասին արդեն խոսում է ամբողջ աշխարհը: Դա շատ կարեւոր պահ է, եւ կարեւոր է դա նաեւ նրանով, որ կօգնի հասկանալ, թե ով եւ ինչ նկատառումներով է սկսել այդ ռազմական գործողությունները: Իհարկե, կան կոնկրետ ապացույցներ այն մասին, որ Սիրիայից գրոհային ահաբեկիչները մասնակցում են ԼՂ դեմ մարտերում: Այդ վիդեոապացույցներն արդեն հրապարակվել են սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում...Դա արդեն ապացուցվել է ամբողջ աշխարհում: Եվ դա պարզ էր, քանի որ Ադրբեջանի բանակը միայնակ չի կարողանում կռվել ԼՂ պաշտպանության բանակի դեմ: Այդ պատճառով Թուրքիան որոշել է ահաբեկիչների ներգրավել»,-հավելել է Փաշինյանը: