Ճապոնիան ԱՄՆ-ին հայտնել է, որ Տոկիոն այս պահին չի մասնակցի չինական ընկերություններին հեռահաղորդակցական ցանցերից հեռացնելու Վաշինգտոնի պլանին, հաղորդում է Yomiuri թերթը` վկայակոչելով մի քանի աղբյուր:
Ճապոնիան իր սեփական քայլերը կձեռնարկի, եթե անվտանգության հետ կապված խնդիրներ առաջանան, իսկ Տոկիոն կհամագործակցի Միացյալ Նահանգների հետ:
ԱՄՆ պետքարտուղարությունն օգոստոսին հրապարակել էր «Մաքուր ցանց» կոչվող նոր պլանը, որը կոչ է անում թույլ չտալ չինական ծագման հեռահաղորդակցական ընկերություններին մուտք գործել ԱՄՆ:
Վաշինգտոնը ճնշում է գործադրում դաշնակիցների վրա` «անվտանգության նկատառումներով» չինական Huawei ընկերության մուտքը հաջորդ սերնդի 5G ցանցեր արգելելու համար:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հիշատակել էր «մաքուր ցանցի» ստեղծման պլանը, երբ այս ամսվա սկզբին Տոկիոյում հանդիպեց Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգիի հետ: Ճապոնիան Միացյալ Նահանգներին հայտնել էր, որ Տոկիոն չի կարող միանալ կոնկրետ երկիր բացառող շրջանակային պլանին: