News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ծանր ու համառ մարտերը Արցախյան ճակատում շարունակվում են. ահաբեկիչներով ու թուրք սպաներով համալրված ադրբեջանական զինված ուժերը վերջին օրերին խոշոր հարձակումները շարունակում են հատկապես հարավում, եւ միայն երբեմն ակտիվություն դրսեւորում հյուսիս-արեւելքում։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին հայտարարել էր, թե Բաքուն ծուղակը ներկայացնում է որպես հարավային ուղղությամբ խորանալ: Նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանի բնորոշմամբ, հարավում ընթացող ծանր մարտերում հայկական ստորաբաժանումները  «մաշում են» հակառակորդին: Այստեղ սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով հակառակորդը օգտագործել է 7 տանկ, հետեւակով լցված 5 զրահափոխադրիչ, սակայն գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության  և գերազանց գործողություններով հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել:

Մեկ այլ հաղորդագրությամբ նախարարությունը ներկայացրել է կոլեկտիվ հաղթանակի հերթական փայլուն օրինակը: Բանակի զինծառայողները, գերազանց կերպով գործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողություններով ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժ, զենք-զինամթերք և սպառազինություն, գրավել են հակառակորդի դիրքը, ականապատել և հեռացել: Նրանք կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով: Հակաօդայիններն էլ 4 ԱԹՍ են վայր գցել։

Շուշան Ստեփանյանը հերքել է Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը։ Բացարձակ սուտ է, իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն, գրել է նա:

Հակառակորդը նախօրեին կորցրել է 9 աթս, 12 միավոր զրահատեխնիկա, ոչնչացվել է 150 զինվոր ու սպա: Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, ոչնչացրել 6300 զինվոր, սպա եւ ահաբեկիչ։

Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված եւս 19 զինծռայողի անուն: Նրանց ընդհանուր թիվն անցել է 700-ից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել: Բացի Խորհրդի անդամներից՝ նիստին մասնակցել են նաև նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին Երկրորդ վեհափառը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը,  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արման Աբովյանը: Քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին հակազդելու քայլերը

Սյունեցիներին կամավորագրվելու կոչ են արել նախ Քաջարանի քաղաքապետը, ապա նաեւ Սյունիքի մարզպետը։ Հունան Պողոսյանը հորդորել է խուճապի չմատնվել, մնալ  բնակավայրերում, հետեւել համայնքապետերի ցուցումներին, նաեւ կոչ արել մասնակցել ինքնապաշտպանությանը եւ կամավորագրվել:

Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ «Սյունյաց երկիր» պարբերականը նշում է, որ այդ մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գորիս այցից հետո։

Արցախցի կանայք, որոնք այս օրերին ժամանակավորապես ապաստանել են Երեւանում, բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ՄԱԿ-ի պատվիրակության գրասենյակի դիմաց։ «Դուրս եկեք» վանկարկումներով նրանք պահանջել են, որպեսզի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփին  ներկայացնեն Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի հետեւանքները։ Շոմբի Շարփը տեղում չի եղել, ցուցարարները որոշել են սպասել եւ չհեռանալ առանց հանդիպելու։

Ցույց է տեղի ունեցել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Մարդիկ դեսպանատան ներկայացուցչին են ցույց տվել հայ գերիներին սադիստաբար սպանելու, մասնատելու լուսանկարներ եւ տեսանյութեր, պահանջելով դադարեցնել Թուրքիային զենքի վաճառքը, լռության չմատնել ադրբեջանական վայրագությունները։ Դեսպանատան աշխատակիցը նշել է, որ ամեն օր զեկուցագիր են ուղարկում Վաշինգտոն տեղի ունեցողի վերաբերյալ եւ այսօր էլ կուղարկեն։

Երկրապահ կամավորականների միության նախագահ, պատգամավոր Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ է ստացել  մեջքի եւ ոտքի շրջանում։ Նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։

Զոհվել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի եղբորորդին. նա իր ֆեյսբուքյան  էջում գրել է. «Մայր հողն իր գիրկն ընդունեց հերոս զավակին՝ Սեյրան Ղարիբյանին… Սեյրանը կռվեց մինչև վերջ՝ մեկ քայլ չնահանջելով…բեկորի հարվածից կորցրեց ոտքը, բայց չլքեց դիրքը, մնաց հրամանատարի կողքին…արծվասիրտ հայորդու ոգին թևածում է Արցախի երկնքում… Ողորմաթասը ձեռքին Համիկը երդվեց՝ տեր ենք Սեյրանի վրեժին»։

Կառավարությունը կուսակցությունների առաջարկն ընդունել է ի գիտություն և ըստ անհրաժեշտության, հանդես կգա հայտարարությամբ, Factor.am-ին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Հիշեցնենք, որ 3 օր առաջ արտախորհրդարանական 16 ուժեր պահանջել են հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին։

Այդ ուժերից մեկի՝ «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը  NEWS.am-ի հետ զրույցում արձագանքել է պատերազմական վիճակում նեղ քաղաքական շահեր հետապնդելու մասին քննադատություններին։  «Եթե հետապնդեին քաղաքական շահ, ապա նման առաջարկությամբ հանդես չէին գա», ասել է նա եւ ավելացրել. «Մենք ասում ենք, որ ծանր վիճակում ենք, մենք կարողություն, փորձառություն, ռեսուրսներ ունենք, և դա դնում ենք Կառավարության տրամադրության տակ, և դա բացարձակ նեղ կուսակցական շահ չէ։ Եթե Կառավարությունը մեր աջակցությունը չի ընդունում, ուրեմն համարում է, որ դրա կարիք չկա»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին։ «Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, որոնք պետք է ներկայացվեն», - ասել է Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը: Մյուս փաստաբան  Սամվել Դիլբանդյանն էլ նշել է, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության հետ կապված ամբողջությամբ ներկայացրել են, թե՛ իրավական, թե՛ փաստական, թե՛ բարոյական տեսանկյունից:

Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա, հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին Իրանի տարածք ընկնող ռումբերի հետ կապված միջադեպերի մասին հարցին: Նրա խոսքով՝ երկրի անվտանգությունը Իրանի կարմիր գիծն է:

Անցյալ ուրբաթ Սիրիայից ավելի քան հազար զինյալ է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Իսկ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը Թուրքիայի հետ շփումներում բարձրացնում է Ղարաբաղյան մարտերին Սիրիայից եւ Լիբիայից վարձկանների մասնակցության հարցը, հայտնել է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ Հստակեցնող հարցին, թե արդյոք ռուսական կողմն ընդգծում է հակամարտության գոտում վարձկանների մասնակցության անթույլատրելիությունը, փոխնախարարը դրական է պատասխանել:

Անհրաժեշտ է դադարեցնել առճակատման հռետորաբանությունը եւ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները, հայտարարել է Դաշնության արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է Երեւանի եւ Բաքվի հետ Ղարաբաղում կրակի դադարեցման համար հսկողության մեխանիզմ ներդնելու ուղղությամբ: «Ղարաբաղում մարտերը շարունակվում են, ինչն անընդունելի է»,-ասել է Լավրովը եւ անհրաժեշտ համարել, որ ներդրվի հրադադարի ռեժիմի պահպանման հսկողության մեխանիզմ:

Հարյուրավոր ամերիկահայեր հավաքվել էին Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցներում`այդտեղ մասնավոր հանգանակության մասնակցելու նպատակով ժամանող նախագահ Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով: Ամերիկահայերը պաստառներ են պարզել` ուշադրություն հրավիրելով Արցախում ընթացող պատերազմի վրա, եւ պահանջելով դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային եւ Ադրբեջանին:

Իսկ Նեւադա նահանգի Քերսոն քաղաքում անցկացրած հանրահավաքի ժամանակ  Թրամփը խոսել է նաեւ հայերի մասին: «Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաեւ` հիանալի գործարարներ են, ի դեպ: Երբ ես գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ: Կաշխատենք ինչ-որ բան անել», ասել է նա:

ԱՄՆ նախագահական ընտրությունների՝ ընտրապայքարից դուրս մնացած հանրապետական թեկնածու Թալսի Գաբբարդը կոչ է արել Միացյալ Նահանգներին աշխատանքներ տանել դաշնակից երկրների հետ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելու նպատակով: Կոնգրես ներկայացրած բանաձեւում Գաբբարդը հստակ արձանագրել է հայկական ուժերի վրա Թուրքիայի ձեռնարկած հարձակումների եւ մինչ այժմ Անկարայի՝ ահաբեկիչներին աջակցելու փաստերը: Բանաձեւի մի շարք դրույթներ արտացոլում են հայերի նկատմամբ Թուրքիայի դրսեւորած թշնամությունն ու ագրեսիան:

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը դիմել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին՝ կոչ անելով հիմա գործել ու ճանաչել Արցախի անկախությունը, ապա Ֆեյսբուքի իր էջում մեջբերել է նրա խոսքը. «Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել... ես անձամբ կողմ եմ ինքնորոշմանը. պետք է սատարել Հայաստանին այս փորձության և պայքարի մեջ»: Nouvelles d`Armenie-ի հետ հարցազրույցում էլ Իդալգոն հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է Ղարաբաղյան հակամարտությունում, որին աջակցում է Թուրքիան:

Հունաստանի հայերը մի քանի հարյուր ավտոմեքենաներով փակել են Հունաստան-Թուրքիա սահմանը: Ավտոմեքենաներից ծածանվում են Հայաստանի եւ Հունաստանի դրոշները: Ցուցարարների ձեռքին կան բազմաթիվ պաստառներ, որոնց վրա գրված է. «Ուժեղ Արցախ», «Լեռնային Ղարաբաղը մերն է», «Մենք Արցախի հետ ենք», «Ազերի մարդասպանները պետք է պատժվեն», «Ճանաչեք Արցախը»:

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Բենեվենտոյի» նկատմամբ 5։2 հաշվով հաղթանակից հետո գրառում է արել սոցցանցերում աշխարհին նորից հիշեցնելով իր հայրենիքին սպառնացող վտանգների մասին։ «Հրաշալի «Ռոմա», հրաշալի հաղթանակ: Իմ երկիրն իմ սրտում է»,- գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 766 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 65460-ի: Վիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, նրանցից ամենաերիտասարդը 51 տարեկան է։ Մահացածների ընդհանուր թիվը 1407 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.25 դրամով ու կազմել 492.40 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.65 դրամով ու հասել 578.91 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.48 դրամով ու հասել 640.27  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու կազմել 6.34 դրամ:

Հայաստանում հոկտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար իջնել:  Երեւանում եւս  տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10 +12, վաղը ցերեկը` +23 +25:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ