News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում մի քանի երիտասարդների նախաձեռնությամբ արցախցի կանայք երեկվանից ժենգյալով հաց են պատրաստում և վաճառում, որպեսզի հասույթը փոխանցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

NEWS.am-ի հետ զրույցում Արմինե Աբրահամյանը պատմեց՝ 15 տարի ժենգյալով հաց է թխել Ստեփանակերտի կենտրոնական շուկայում։ Հայաստանից Արցախ մեկնողները տիկին Արմինեի թխած հացի համը լավ գիտեն, հիմա այն կարող են ձեռք բերել նաև Երևանում։

Պատերազմի տասներորդ օրվանից տիկին Արմինեն եկել է Երևան։ Ամուսինը և որդին առաջնագծում են, ինքն էլ փորձում է այսպես օգտակար լինել։

«Հիմա Ստեփանակերտում ժենգյալով հացի պատրաստման համար ամենալավ սեզոնն է։ Հայաստանում, սակայն, 17 կանաչեղեններից միայն 7-ն է աճում, դրա համար հնարավոր է՝ համային տարբերություններ լինեն»,- նշեց տիկին Արմինեն։

Նրա խոսքով՝ ժենգյալով հացի պահանջարկը շատ մեծ է, չեն հասցնում բոլորին սպասարկել, բոլորն ուզում են գնել, օգտակար լինել առաջնագծում կռվողներին, մարզերից հատուկ Երևան են գալիս՝ ղարաբաղցի տիկնանց թխած ժենգյալով հացը գնելու համար։

Նախաձեռնության կազմակերպիչներից Հովհաննես Պետրոսյանն էլ ավելացրեց՝ անպայման հաղթելու ենք, միայն թե միշտ այսպես համախմբված մնանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ