News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում ջերմոցների տերերը թանկացրել են ծաղիկները, ինչի հետևանքով էլ վերավաճառողները ստիպված են լինում բարձր գներով ծաղիկները վաճառել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծաղկավաճառ Լուսինե Բաղդասարյանը՝ դժգոհելով, որ գնորդներն իրենց հետ են վիճում։ Տիկին Լուսինեն ծաղկի գինը համեմատում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

«Քրիզանթեմի ինքնարժեքն անցյալ տարի 80 դրամ էր, այս տարի՝ 150-ից 180։ Թրաշուշանի մեկ հատը 1500 դրամ է, զույգը՝ 2500, մինչդեռ զույգը էս պահին պետք է 1500 դրամ լիներ։ Քրիզանթեմների մանր տարբերակի զույգը պետք է 1500 դրամ լիներ, գորգինաները 1000-ից 1500 դրամ, ո՞ր մեկն ասեմ, անգամ տերևները, խոտն է թանկացել։ Մեխակի ինքնարժեքը մի քանի օր առաջ 100 դրամ էր, հիմա դարձավ՝ 80, բայց էլի պետք է իջներ մինչև 50-60 դրամ լիներ։ Ծաղիկները պետք է ամառվա նույն  գներն ունենան, որովհետև ջերմոցներում դեռ գազ չեն վառում, նույն արևի շնորհիվ իրենք տաքացնում են, ուղղաակի պահանջարկը շատ է, դրա համար բարձրացել է գինը։ Պսակների ամենաէժանը սկսվում է 15 000 դրամից, նախկինում 10 000-ից սկսած ունեինք։ Ու հիմա արհեստական ծաղիկներով  խառնած ենք սարքում, մինչդեռ արհեստականը գոնե հունվարից սկսած պետք է լիներ»,- ընդգծում է ծաղկավաճառը։

Տիկին Լուսինեն այսօր Չարբախում գտնվող ծաղկի շուկայում գների իջեցում է նկատել, բայց շեշտում է՝ իջնելու էլի տեղ կա։ Ասում է՝ հաճախորդներն իրենց են մեղադրում ծաղկի գինը բարձրացնելու համար։

«Ֆեյսբուքում չգիտեմ ով գրել էր, թե «մենք անգամ 20 %-ով զեղչ ենք անում, ու մի բան էլ նվեր ենք տալիս», հիմա դուրս է գալիս, որ խանութի տերերն են բարձրացնում գները։ Ամեն օր հաճախորդների հետ վիճաբանության մեջ ենք մտնում, ո՞ր մեկին բացատրենք, որ մենք չենք ծաղկի գինը բարձրացրել, այլ թանկով ենք առել դրանք։ Շատ ժամանակ ինքնարժեքով եմ տալիս, որովհետև տեսնում եմ, որ հաճախորդի մոտ գումար չկա»,- նշեց Լուսինե Բաղդասարյանը։

Այս օրերին ծաղկավաճառներն ու ծաղիկ աճեցնողները հաճախ են տարաձայնություններ ունենում։ Ըստ տիկին Լուսինեի՝ իրենց ասում են՝ «գինը դա է, տարեք թանկով ծախեք», բայց պիտի առնող լինի չէ՞, ասում է ծաղկավաճառը։

«Ուզած-չուզած, որ մենք առնում ենք, դրա համար էլ էս վիճակն է։ Ամեն անգամ կռիվ եմ անում, ու հետ գալիս։ Երեկ քրիզանթեմ բերեցին 150 դրամով, ասացի՝ պոչերը երկար չի, մի քիչ իջեք, ասեցին, թե շուկայում էդ գինն է։ Ասում եմ՝ ինչի՞, որ զինվորները չզոհվեին, էդ գինը չէր լինի չէ՞, ասում են՝ դե հիմա, որ էդ գինն է, մենք ի՞նչ անենք, ես էլ ասացի՝ մեկն էլ դուք եք, որ մի քիչ իջնեք, մնացածներն էլ կիջնեն։ Ինքն իրենը պնդեց, ես՝ իմը,  ուզած-չուզած ես առա, բայց ես դա հաստատ չեմ կարող 180, 200 դրամով ծախել»,- նկատեց տիկին Լուսինեն ու հավելեց․

«Երեկ մի հաճախորդ եկավ, բոլոր խանութներով շրջեց, վերջում դատարկ գնաց գերեզմանոց։ Ամեն անգամ մուննաթ գալով, նեղվելով, ես մինչև հաճախորդի եմ սպասարկում չեմ հասկանում՝ ինձ հետ ինչ է կատարվում։ Մարդիկ կոպեկները հանում են, չի դզվում, չեն տեղավորվում գների մեջ»,- հավելեց նա։

Ավելի վաղ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով պատերազմական դրությունը և խնդրի բարոյական կողմը, հորդորել էր  տնտեսվարողներին այս դժվարին օրերին միասնականություն դրսևորել և զերծ մնալ ծաղիկների  գների բարձրացումներից։

Տպել
Ամենաշատ