News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս նամակն ուղարկել եմ իմ լավ բարեկամ՝ Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. « Հասկանում եմ, որ խնդրանքս հեշտ իրագործելի չէ, ավելին՝ չափազանց մեծ կամք, խիզախություն եւ արդարության կողմը կանգնելու վճռականություն է պահանջում:

Մինչ Բրազիլիայի բարեկամ ժողովուրդն ու կառավարությունը կվերլուծեն իրավիճակը, այս խնդրանքը այսօր արդեն ուղղում եմ բոլոր առաջին տիկիններին, առաջին հերթին նրանց ում հետ հասցրել եմ անձամբ շփվել.

Մելանյա Թրամփին (ԱՄՆ)

Բրիջիտ Մակրոնին (Ֆրանսիա)

Սոֆի Գրեգորի Թրյուդոին (Կանադա)

Նադյա Չամին Աունին (Լիբանան)

Հո Չինին (Սինգապուր)

Դիանա Նաուսեդիենեին (Լիտվա)

Ֆաբիոլա Անդրեա Յանեզին (Արգենտինա)

Թրան Նյուգետ Թուին (Վիետնամ)

Կիմ Սիմփլիս Բարոունին (Բելիզ)

Սիրելի՛ Առաջին տիկին, իմ հարազա՛տ ընկեր,

Հիշո՞ւմ ես՝ խոսում էինք խաղաղությունից եւ հավատում, որ հենց կանայք եւ մասնավորապես մենք՝ առաջին տիկնայքս կարող ենք նշանակալից դերակատարում ունենալ մեր երկրներում ու աշխարհում խաղաղություն հաստատելու գործում:

Ավելի քան տասը օր է՝ իմ ժողովուրդը պարտադրված պատերազմի մեջ է: Գուցե գիտես, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւը Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի աջակցությամբ, պատերազմ սկսեց արդեն ավելի քան երեսուն տարի սեփական ակնախությունը հռչակած, բայց դեռեւս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

Այս պատերազմը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ է, այլ ամբողջ հայ ժողովրդի, քանի որ Թուրքիան նպատակ ունի սրա միջոցով ավարտին հասցնելու հարյուր տարի առաջ սկսած հայերի բնաջնջման իր ծրագիրը՝ Հայոց ցեղասպանությունը:

Այս պատերազմը ոչ միայն հայ ժողովրդի դեմ է, այլ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, ինչպես նաեւ ազատության, ժողովրդավարության եւ խաղաղության դեմ, քանի որ Ադրբեջանի եւ Թուրքիայի երկու բռնապետները Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից վարձկան ահաբեկիչների են ներգրավել տարածաշրջանի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար:

Հրթիռակոծվում են մեր քաղաքներն ու գյուղերը, օգտագործվում են արգելված զինատեսակներ խաղաղ բնակչության դեմ: Այս պահին մենք ունենք հարյուրավոր զոհեր՝ զինվորականներ, քաղաքացիականներ եւ երեխաներ:

Իմ ժողովուրդը չի կարող միայնակ դիմակայել այս արհավիրքի դեմ, մենք ընկերների կարիքն ունենք, ու ես դիմում եմ քեզ իմ ամենանվիրական խնդրանքով. որ քո երկիրը ճանաչի խաղաղ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Հավաստիացնում եմ, որ այս քայլով դուք խաղաղություն կբերեք այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, այդ թվում Ադրբեջանի ժողովրդին, որի անմեղ զավակները՝ այդ երկրի բռնակալ եւ տեռորիստ իշխանության գործողությունների պատճառով, մեր զավակների հետ միասին զոհվում են այսօր մարտի դաշտում:

Սիրելի՛ Առաջին տիկին,

Ուզում եմ` հիշես մեր խոսակցությունը, հիշես իմ աչքերը: Ես այսօր խնդիր ունեմ նայելու մեր զոհված զինվորների մայրերի աչքերի մեջ եւ բացատրելու, թե ինչու նրանց որդիներն իրենց կողքին չեն: Միայն վերջնական խաղաղության հաստատումն է կարող արդարացնել այդ չափազանց թանկ գինը, որ վճարում են մեր մայրերը, մի ամբողջ ժողովուրդ:

Ուզում եմ, որ իմանաս՝ իմ որդին, Աշոտը, հենց այս պահին (հոկտեմբերի 8-ին), երբ նամակ եմ գրում քեզ, իր հասակակիցների հետ միասին զինվորական ավտոբուսով շարժվում է դեպի առջնագիծ: Եվ ուզում եմ՝ իմանաս, որ իմ որդու կյանքը նույնպես դրված է հանուն խաղաղության:

Ճանաչելով Լեռնային Ղարբաղի Հանրապետության անկախությունը` ձեր երկիրը ոչ միայն կլինի խաղաղության այն աղավնին, որ կկանխի հետագա արյունահեղությունները մեր տարածաշրջանում, այլեւ կվերականգնի մարդկության հավատը թե՛ սեփական ուժերի, թե Աստծո զորության նկատմամբ:

Ես մինչեւ իմ կյանքի վերջը երախտապարտ կլինեմ քեզ ու քո ժողովրդին, իմ շնորհակալ ժողովուրդը հավերժ կհիշի այս մասին, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը կգնահատի այդ քայլը ըստ արժանավույն, որովհետեւ մենք այսօր կանգնած ենք քաղաքակրթության պաշտպանության առաջնագծում:

Ցանկանում եմ նաեւ իմանաս, որ մեզ համար ամեն ժամը, ամեն րոպեն կարող են ճակատագրական լինել:

Սիրով, ու մեծ հույսով,

Աննա»:

ENG ⬇️ Այս նամակն ուղարկել եմ իմ լավ բարեկամ՝ Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին: Հասկանում եմ, որ խնդրանքս հեշտ...

Опубликовано Anna Hakobyan Среда, 21 октября 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ