News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ըստ էության, մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում եւ այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի: Այ մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավելեւս այս իրավիճակում պետք է համարենք ավարտված. «Ինչո՞ւ. մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Փոխզիջում նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման, պայմանով, որ դիմացինն էլ իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան պետք է իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, եւ դա իրականություն է, որ այն ինչ այս տրամաբանությանմեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլեւս անընդունելի է Ադրբեջանի համար: Այսինքն իրենց ողջ դիվանագիտական մարտավարությունն ու ռազմավարությունը եղել է դա:

Այն ինչի հետ մենք համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ: Սա ցույց է տալիս, որ ընդհանրապես, որեւէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում»,-ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ կա մի մոլորություն կա, որ շրջանառվում է. խոսքը Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին է:

«Ես ուզում եմ ասել, որ այս ողջ ընթացքում շատ բարձր եմ գնահատում մեր երկրների համագործակցությունը եւ փոխգործակցությունը: Մենք զգում են ՌԴ-ի աջակցությունը որպես ՀՀ եւ հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից: Կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջեւ: Մենք հնարավորինս ամենաբարձր մակարդակով եւ արդյունավետ կերպով փոխգործակցել ենք եւ փոխգործակցում ենք այս վիճակից լուծում գտնելու համար: Սա այն փաստի հաշվառումով, որ ՌԴ-ն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է եւ նաեւ ՀՀ ռազմավարական գործընկերը: Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը, եւ համոզված եմ, որ սրանից հետո էլ կանի առավելագույնը: Սրանում չեմ կասկածում ընդհանրապես»,– ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ այս փաստերի համադրումն ակնհայտ է դարձնում մեր անելիքը։

«Մեր անելիքը պայքարելն է մինչև վերջ և անմնացորդ, անսասան՝ մեր ժողովրդի իրավունքների համար։ Անկախ նրանից՝ ինչ տեղի կունենա, պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար։ Պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է՝ առաջին հերթին զենք վերցնել և նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին։ Այս պրոցեսն արդյունավետ կազմակերպելու պարագայում է որ մենք ի վերջո կկարողանանք հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման, որովհետև, ըստ էության, Ադրբեջանն այսօր ասում է՝ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայի, համաձայն չէ։ Այստեղ խոսքը Ղարաբաղի մասին չի, դա նույնիսկ չեմ էլ ուզում քննարկենք, որովհետև դեռ 90-ականների մեր ազատամարտի հերոսները, մեր ամբողջ կոնկտեքստ այդպիսին է, որ մենք Ղարաբաղի մասին խոսելով, խոսում ենք մեր ժողովրդի իրավունքների մասին, որովհետև մենք ասել ենք, որ առանց Արցախի չկա Հայաստան»,– ասաց նա։։

Վարչապետը շեշտեց, որ սա առաջին հերթին նշանակում է՝ զենք վերցնել եւ կռվել՝ հանուն այդ իրավունքների այնքան ժամանակ, մինչեւ հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որեւէ տարբերակի. «Ընդ որում, ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին։ Այս համատեքստում, կարծում եմ, որ այս պրոցեսը պետք է կազմակերպի եւ իրականացնի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը»։

Փաշինյանն ասաց, որ այս կոչն ուղղում է նաեւ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին. «Որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձեւավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը։ Այդ ջոկատները պետք է գրվեն Գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ եւ ձեւավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, որը նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում եւ իրականացնեն այն խնդիրը, ինչ-որ կդրի նրանց առջեւ՝ հրամանատարության կողմից»։

Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակը համարեց շրջադարձային պահ. «Որովհետեւ մենք Ցեղասպանություն տեսած եւ ապրած ժողովուրդ ենք։ Եվ ցեղասպանություն է իրականում տեղի է ունեցել այն պայմաններում եւ այն պատճառով, որ եղել է մի այնպիսի տրամադրություն, որ ինչ-որ տեղ կան ինչ-որ մարդիկ, որոնք կկանգնեն մեր ժողովրդի իրավունքների եւ անվտանգության պաշտպանության դիրքերում, բայց այդ մարդը երեւի ես չեմ, երեւի ինչ-որ տեղ կան ինչ-որ մարդիկ, ազատամարտիկներ, ֆիդայիներ, որոնք պետք է կանգնեն եւ այդ իրավունքը պաշտպանեն։ Արդյոք կա՞ն այսօր այդպիսի մարդիկ. այո, կան։ Այսօր նույնիսկ արդեն համացանցում կերպարներ են ձեւավորվել՝ սկսած շարքային, պայմանագրային, կամավորական, սպաներ, գեներալներ. արդեն լեգենդներ ունենք ռազմի դաշտում, որոնք ի վիճակի են ձեւավորել եւ անում են ամեն ինչ՝ հայ ժողովրդի հաղթանակը կերտելու համար»։

Վարչապետը շեշտեց, որ այդ հերոսների կողքին եւ զոհվածների փոխարեն պետք է կանգնել եւ կռվել. «Նրանք կողքը պետք է կանգնել, որովհետեւ նրանց կողքին, ցավոք, իրենց նման հերոսական կամավորներից, շարքայիններից շատերը զոհվել են հանուն հայրենիքի։ Ո՞վ պետք է կանգնի. բոլորս պետք է կանգնենք։ Դու ես հենց այն մարդը, որն այսօր պետք է վեր կենա, զենք վերցնի, գնա մեր հերոս տղերքի կողքը կանգնի եւ կռի այն հաղթանակը, որը մեր նպատակն է»։

Անդրադառնալով առաջնագծում իրավիճակին՝ վարչապետն ասաց, որ բավականին բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել. «Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում։ Այստեղ կա շատ կարեւոր նրբություն. մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները։ Այո, նրանց ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոս զինվորները աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում»։

Նա նշեց, թե ինչու Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնվում. «Ադրբեջանն այս կոնկեքսում վախենում է 2 բանից. առաջինը՝ մեկ տասնյակ հազարին մոտ դիակներ, որոնք պիտի իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին վերադառնան, ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի, ահռելի քանակի կորուստներ՝ միլիարդուկեսի հասնող, երկրորդ՝ կբացահայտվեն վարձկանների դիակներ եւ երրորդ՝ կբացահայտվեն նաեւ թուրքական զորքերի զինվորների դիակներ»։

«Մենք այսօր պիտի ընդամենը կրկնենք մեր պատմության ոչ թե աղետալի հատվածը, այլ՝ հերոսական հատվածը, որովհետեւ 1990-ականներին ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ վիճակը շատ ավելի հուսահատ էր, բարդ էր, թվում էր՝ ոչ մի ելք չկա, բայց մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը, որովհետեւ կային մարդիկ, ովքեր իրենց վրա վերցրին հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը, այսօր էլ կան նման մարդիկ, բայց այդ մարդկանց կողքը պետք է կանգնել ու կանգնել պինդ», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, թե Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց ու «այդ մեկ մարդը դու ես». «Դու պետք է գործես, գործելու ժամանակն է»։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ուսանողները, բիզնեսմենները, ովքեր Ղարաբաղից են, նրանք էլ հենց հիմա պետք է շարժվեն դեպի Ստեփանակերտ ու զինվորագրվեն կամավորական ջոկատներին։

«Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Մովսես Գորգիսյանը, Վազգեն Սարգսյանը նայում են մեզ, մենք էլ պետք է նայենք իրենց եւ իրենց աչքերի մեջ ու պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնել նրանցից, որովհետեւ նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ, հիմա եկել է մեր ժամը՝ հայրենիքին տալ ամեն ինչ ու չխնայել ոչինչ։ Ավտոմեքենաներ, որոնք պետք են առաջնագծում, միկոավտոբուսներ, որոնք պետք է կամավորներին տեղափոխեն, «Ջիփեր», որոնք պետք է շարժունակությունն ապահովեն, ինտելեկտուալ աշխատանք՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում», - ասաց ՀՀ վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ