News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կիպրոսի, Եգիպտոսի եւ Հունաստանի ղեկավարները կրկնել են գործընկեր դառնալու Թուրքիային ուղղված հրավերը՝ հնարավոր օֆշորային գազի հանքավայրերը շահագործելու հարցում՝ կոչ անելով Անկարային դադարեցնել «ագրեսիվ» գործողությունները Միջերկրական ծովի արեւելքում, հայտնում է AP-ը։

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի միջեւ բանակցությունները ներառել են համագործակցություն ամենատարբեր ոլորտներում՝ էներգետիկայից մինչեւ ահաբեկչության դեմ պայքար:

Երեքն էլ դատապարտել են Թուրքիայի բազմաթիվ «սադրանքները», որոնք, ըստ նրանց, կտրուկ մեծացրել են լարվածությունը եւ սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը:

«Այս եռակողմ հանդիպման ժամկետը համընկնում է լրացուցիչ վտանգների հետ, որոնք, ցավոք, ստեղծվում են Թուրքիայի ղեկավարության կողմից, որը նախընտրում է կայսերական մեթոդներն ու ագրեսիվ գործողությունները՝ Սիրիայից մինչեւ Լիբիա, Սոմալիից մինչեւ Կիպրոս, Էգեյան ծովից մինչեւ Կովկաս»,- ասել է Միցոտակիսը:

Սակայն եւ՛ Միցոտակիսը, եւ՛ Անաստասիադեսը ձիթենու ճյուղ են մեկնել Թուրքիային՝ առաջարկելով տեղ գտնել եռակողմ գործընկերության մեջ, եթե Անկարան հրաժարվի իր ռազմատենչությունից: «Ես մեկ անգամ եւս կկրկնեմ, որ Թուրքիան (մեր գործընկերությանը) նույնպես կարող է մասնակցել, ոչ ոք դա չի բացառել հենց սկզբից»,- ասել է Միցոտակիսը: «Բայց, ցավոք, ավելի հաճախ նրան մարգինալացնում են սեփական գործողությունները»:

Թուրքիան հայտարարում է, որ Միջերկրական ծովի արեւելյան հսկայական մասերն իրեն են պատկանում եւ ինքը պաշտպանում է Կիպրոսի թուրքերի էներգետիկ իրավունքները Կիպրոսի անջատված շրջանում։

Հունաստանը եւ Կիպրոսը ծովային սահմանի վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել Եգիպտոսի հետ: Նրանք մերժում են Անկարայի կողմից Լիբիայի կառավարության հետ Տրիպոլիում ստորագրված նմանատիպ գործարքը` այն համարելով «ապօրինի»։

Միցոտակիսն ասել է, որ Թուրքիան «սիրիացի վարձկաններ» է տեղակայել Լիբիայում՝ ավելացնելով «ահաբեկչական բջիջների» թիվը հյուսիսային Աֆրիկայում, որոնք սպառնում են Եվրոպայի անվտանգությանը:

Հունաստանի առաջնորդը կրկնել է իր կոչը Եվրամիության գործընկերներին` դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային եւ ի գիտություն ընդունել Անկարայի կողմից ԵՄ-ի հետ մաքսային միության կանոնների «բազմաթիվ խախտումները»։

«Երրորդ երկիրը, որը Եվրամիության անդամ դառնալու թեկնածու է եւ չի կարող ազատվել մաքսատուրքերից, վայելում է ընդհանուր շուկայի առավելությունները եւ միեւնույն ժամանակ սպառնում է Եվրամիության արեւելյան սահմաններին եւ ցնցում առաջացնում Միջերկրական ծովի ողջ տարածքում»,- ասել է Միցոտակիսը:

Անաստասիադեսը բարձր է գնահատել Եգիպտոսին՝ որպես «ԵՄ կարեւոր գործընկեր» եւ «տարածաշրջանային կայունության գործակալ»՝ ահաբեկչության դեմ պայքարի եւ միգրանտների հոսքերը զսպելու նրա ջանքերի համար:

Ալ-Սիսին ասել է, որ թեեւ իր երկիրը հինգ միլիոն փախստական է ընդունում, այն երբեք չի օգտագործել դա ԵՄ-ից քաղաքական կամ տնտեսական օգուտներ ապահովելու համար: Թուրքիան զգալի ֆինանսական օգնություն է ստանում Բրյուսելից, ընդ որում՝ նա բազմիցս սպառնացել է թույլ տալ միգրանտներին Հունաստանի միջոցով մուտք գործել Եվրոպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ