News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արցախյան ճակատում պատերազմի 26-րդ օրը տարբեր ուղղություններով համառ մարտերը շարունակվել են։ Խոսքը հիմնականում օջախային մարտերի մասին է, որոնց ընթացքում չեզոքացվում են  թշնամու զորքերի տարբեր խմբեր։ Երեկոյան 19։30–ի դրությամբ ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակը թեժ մարտեր էր մղում Մարտունու շրջանի Շեխեր եւ Ջիվանի գյուղերի մատույցներում:

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս նահատակված եւս 40 զինծառայողի անունները: Զոհերի ընդհանուր թիվը 880–ից ավելի է։

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթարը»։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչից հետո մի շարք համայնքների ղեկավարներ հայտարարել են կամավորական ջոկատներ ձեւավորելու եւ առաջնագիծ մեկնելու մասին:

Կեսգիշերն անց ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին ջոկատը, որի կազմում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Հովակիմյանը եւ այլք: Նրանք մեկնել են  Հայաստանի հարավ–արևելյան սահման՝ Սյունիք: Նշենք, որ Հայաստանի հարավային սահմանը հսկում են ռուս սահմանապահները, իսկ արեւելքից սպառնալիքի դիմագրավման համար Քաջարանի քաղաքապետն ու Սյունիքի մարզեպը կամավորներին հավաքագրվելու կոչ էին արել։ 

Արցախյան ճակատից 71 հրթիռ է ընկել Իրանի Խոդաֆարին քաղաքի տարածքում: Արեւելյան Ադրբեջանի փոխնահանգապետ Ալիյար Ռաստգուն հայտնել է, որ հրթիռներն ընկել են մի քանի գյուղերի վրա, սակայն, բարեբախտաբար, մեծ վնաս չեն հասցրել:

Նա հիշեցրել է, որ հակամարտության կողմերին զգուշացրել են նման գործողությունների անթույլատրելիության մասին:

Իրանական թելեգրամ-ալիքը ներկայացրել է ադրբեջանական զորքերի գործողությունների պատճառով Իրանի սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչների տների փլուզումները: «Հյուսիս-հարավ ուղղությամբ իրենց դիրքերը տեղակայելու փոխարեն՝ Բաքվի ուժերը տեղակայվել են արեւելք-արեւմուտք ուղղությամբ: Ադրբեջանը նաեւ ԱԹՍ-ներ է ուղարկում Իրան եւ ահաբեկիչներ տեղակայում մեր սահմանին: Ժամանակը չէ՞, որ Իրանի բանակը հայտարարի սահմանից այն կողմ բուֆերային գոտու մասին»,- գրում է թելեգրամ-ալիքը:

Ռուսաստանի սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունը` Ադրբեջանի իշխանությունների խնդրանքի դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն թուրքական զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին: «Թուրքական զորքեր Ղարաբաղո՞ւմ։ Դա հակամարտության ընդլայնման եւ միջազգայնացման կհանգեցնի եւ կբացառի խաղաղության սցենարը: Էլ չասած անցյալի ուրվականների վերածննդի մասին»,- գրել է նա Twitter-ի իր էջում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ չի բացառում Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը: «Այո, հանդիպում հնարավոր է: Նման հանդիպումներ նախկինում եւս եղել են: Ամեն ինչ կախված է օրակարգից: Ցավոք, Հայաստանի ներկայիս կառավարության հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները շատ հեռու են»,-ասել է նա։ Ալիեւի խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին հանրաքվեի անցկացմանը: Նա հավելել է, որ չի մերժում Ղարաբաղում դիտորդների եւ խաղաղապահների տեղակայումը, սակայն Բաքուն իր պայմաններն է առաջ քաշում: «Մենք դա չենք մերժում: Սակայն մենք մեր պայմանները առաջ կքաշենք, երբ գա ժամանակը»,-ասել է Ալիեւը:

Հանդիպելու այս պատրաստակամությունն Ալիեւը հայտնել էր Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո, երբ Հայաստանի վարչապետը ֆեյսբուքյան եթերում նշել էր, որ այս փուլում եւ դրանից հետո շատ երկար դիվանագիտական կարգավորում հնարավոր չէ։ Ավելի ուշ նրա խոսնակ Մանե Գեւորգյանն էր գրառում արել՝ ամբողջացնելով վարչապետի միտքը, թե բանակցություններն անհնարին են Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով։ Հայաստանի արտգործնախարարությունն էլ կոչ է արել Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից: «Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով»:

Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն էլ նշել է՝ մասամբ համաձայն է Փաշինյանի ասածի հետ: «Ադրբեջանական կողմը փոխում է դիրքորոշումը և կողմ է բանակցություններին: Միաժամանակ, շարունակում է հարձակումը և անընդունելի պահանջներ առաջ քաշում: Սակայն արտաքինից դա խաղաղասիրության դրսևորում է երևում»,- կարծում է Զատուլինը: Ըստ նրա՝ Մոսկվան ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի արձագանքի տարբերակները, նույնիսկ դեսանտային օպերացիայի հնարավորությունը:

Ավելի ուշ, սակայն, Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական զինված ուժերի կիրառում չի ծրագրվում, հակամարտության կարգավորման համար ձեռնարկվող միջոցները բավարար են դրական արդյունքի հասնելու համար:  Զատուլինը լիազորված չէր ռուսական դեսանտ իջեցնելու տեսքով Ռուսաստանի արձագանքման հնարավոր տարբերակի մասին մեկնաբանություն անել, դա որեւէ առնչություն չունի հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշման հետ: ԼՂ հակամարտության գոտում ռուսական զինված ուժերի կիրառում այժմ չի ծրագրվում: Նշված դիրքորոշումը համաձայնեցված է ՌԴ պաշտպանության նախարարության հետ»,-ասել է Կրասովը:

Հակամարտության կարգավորմանը երրորդ կողմերի մասնակցությունը ամբողջությամբ կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով խնդրի կարգավորման գործում ներգրավվելու՝ Թուրքիայի ցանկությանը։ «Հակամարտության մասնակիցնեն Ադրբեջանն ու Հայաստանն են: Եվ մասնակցել հակամարտության կարգավորմանը, միջնորդ հանդիսանալ կամ մասնակցել ձեւաչափերում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնության դեպքում»,-ասել է Պեսկովը: Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ Ռուսաստանին չի հաջողվել կարգավորել ԼՂ ճգնաժամն ու առանց Թուրքիայի խնդիրը հնարավոր չէ լուծել:

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Տիրան Խաչատրյանն ու Անդրանիկ Փիլոյանը «Ազգային հերոսի» կոչման են արժանացել: Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը Բանակի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն է, գեներալ-մայոր Անդրանիկ  Փիլոյանը՝ զորամասի հրամանատար։

Վարչապետի միջնորդությամբ Նախագահ Սարգսյանի հրամանագրով, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար «Ազգային հերոսի» կոչման է արժանացել նաեւ գնդապետ Գարեգին Պողոսյանը։

Ամերիկյան Ֆաուլեր քաղաքի խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը: Քաղաքային խորհուրդը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց ՝ Արցախի ազատությանը աջակցելու հարցում:

Ավստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Արցախի Հանրապետությունը ճանաչվել է 61 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Արցախում զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանը, որն իր պարտքն էր կատարում մարտի դաշտում: Այս մասին հայտնում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը:

Արցախի նախագահը տեղադրել է առաջնագծից իր տեսաուղերձը, որտեղ կոչ է արել զենքով պաշտպանել հայրենիքը։

«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն է կոչով դիմել հայրենակիցներին, նշելով, որ անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։ «Հայրենիքը վտանգի մեջ է: Այս պահին ստի, կենացների ու ինֆորմացիոն վակուումի այս իրողությունը կեղծ հանգստություն է բերում, բայց հավատացե՛ք, իսկապես գործ կա անելու։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու», գրել է նա։ Նրա կուսակից Արսեն Բաբայանը հրապարակել է այն հասցեները, որտեղ մարդիկ կարող են կամավորագրվել եւ մեկնել Արցախ։

Պաշտպանության Բանակն առաջնագծից սահմանի պաշտպանների մասին տեսանյութ է հրապարակել։ Սահմանի ամրությունը թիկունքից է գալիս, նշել է զինվորներից մեկը։

Հսկայական քայլերով կորոնավիրուսը տարածվում է Հայաստանում։ Անցած մեկ օրում COVID-19-ով վարակվելու 2306 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 70836 դեպքի: Մահացել է 16 վարակակիր, որոնցից 6-ն այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 1458 է։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել ԱԱԾ մեկուսարանից։ Դիմավորելու են եկել նրա համակիրները եւ ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ։  Դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, բավարարել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը։ ԲՀԿ առաջնորդը կալանավորված էր սեպտեմբերի 25-ից։

Վրաստանում բանկի շենք գրաված, նռնակով եւ ինքնաձիգով զինված անհայտ տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Զինված ու դիմակավորված տղամարդը երեկ Զուգդիդիի բանկի շենք է ներխուժել եւ պատանդ վերցրել 40-ից ավելի մարդու, իշխանությունից պահանջել է 500 հազար դոլար եւ բանկի տարածքից անվնաս հեռանալու երաշխիքներ։ Սամեգրելո-Զեմո Սվանեթիայի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Ավթանդիլ Գալդավան կամավոր պատանդ է դարձել եւ պատանդների մեծ մասին օգնել է բանկից դուրս գալ։ Անհայտ անձը ստացել է գումարը եւ երկու պատանդի կենդանի վահան դարձրած հեռացել է, անտառում ազատ արձակել պատանդներին եւ անհայտացել։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով ու կազմել  494.31 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.71 դրամով ու կազմել 584.77 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.65 դրամով ու հասել 647.00  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով ու կազմել 6.42 դրամ:

Վաղը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երեւանում եւս տեղումներ չեն դիտվի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 8-10, վաղը ցերեկը 23-25 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ