News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 05
USD
511.25
EUR
622.14
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Արցախյան ռազմաճակատում պատերազմի 27-րդ օրը համառ մարտեր են արևելյան ուղղությամբ։ Օրվա ընթացքում տեղային նշանակության մարտեր են ընթացել ճակատային գծի բոլոր ուղղություններում: Որոշ տեղերում հայկական ստորաբաժանումները թշնամու դիվերսիոն խմբերին հետ են շպրտել ելման բնագծեր:

Ցերեկային ժամերից թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Ժամը 17–ի դրությամբ թշնամական ուժերը ռմբակոծում էին Մարտակերտը՝ քաղաքի վրա կիրառելով ռազմական ավիացիա։

Երեկոյան ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց ՝ հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել:

Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից:

Պաշտպանության Բանակը շարունակում է վարձկան-ահաբեկիչների դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:

Պատերազմի 27 օրերի ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը 938 է։

Վաշինգտոնում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի  եւ  ԱՄՆ պետքատրուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը: Այս հանդիպումից անմիջապես առաջ Պոմպեոն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Վաշինգտոնում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի  նախագահների հանդիպումը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան շարունակվում է, նշել, որ տարածաշրջանի համար առանձնակի սպառնալիք են Թուրքիայից Ադրբեջան բերված և Արցախի դեմ հարձակմանը մասնակցող իսլամիստ ահաբեկիչները: Նախագահ Մակրոնը նույնպես մտահոգություն է հայտնել շարունակվող պատերազմի առնչությամբ, շեշտել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ իր երկիրը բուժօգնություն կտրամադրի Արցախյան պատերազմի վիրավորներին: Մանրամասները կհրապարակվեն առաջիկա օրերին:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Վլադիմիր Պուտինին։ Նա նշել է, որ Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ եղբայրական երկիր է, որը բոլոր դժվարին օրերին ձեռք է մեկնել հայության այս հատվածին: Արցախի նախագահը ընդգծել է Ռուսաստանի առանձնահատուկ դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Ողջունելով «Վալդայ» ակումբում Պուտինի բնորոշումը հակամարտության ծագման պատճառների մասին, Արայիկ Հարությունյանը խնդրել է գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:

Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ կլինի փոխզիջումային որոշումներին,  Իտերֆաքսին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչ զիջումների է պատրաստ հայկական կողմը, Հայաստանը կզիջի՞ յոթ շրջանները՝ հարցին, Փաշինյանը պատասխանել է, որ ռազմական գործողությունների պայմաններում տեղին չէ դրան անդրադառնալը: «Ղարաբաղի պաշտպանության ուժերը հիմա գտնվում են խրամատներում և հենց այս պահին դիմագրավում են ահաբեկչական խմբավորումներին: Հասկանո՞ւմ եք այդ մարդկանց վիճակը, պատկերացնո՞ւմ եք նրանց արձագանքը, երբ ես հիմա ասեմ, որ ահա, մենք պատրաստ ենք փոխզիջման գնալ այդ ահաբեկիչների հետ: Մեզ համար շատ կարևոր և սկզբունքային հարց է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Առաջին գործը, որ պետք անենք, դա գործընթացը բանակցությունների հուն վերադարձնելն է», ասել է Փաշինյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հավաքում է կամավորականների ջոկատ, որն  անձամբ է առաջնորդելու։ «Կոչ եմ անում ԲՀԿ բոլոր անդամներին կամավորագրվել մեր ջոկատին: Ես անձամբ եմ առաջնորդելու այն եւ իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին:

Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել: Մենք կորցնելու եւ որեւէ մեկին տալու հայրենիք չունենք: Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում եւ դա անբեկանելի ճշմարտություն է», հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Որոշ ընդմիջումից հետո հանրության մեջ է երեւացել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա այցելել է ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայր։ «Խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է` հայրենի հողին ամուր կառչելու վճռականությամբ»,- գրել է Նախարարի խոսնակը։

Razminfo կայքի խմբագիր Կարեն Վրթանեսյանը հայտնել է, որ «Ֆեյսբուքի ադրբեջանական հատվածում ողբ է. Կուբաթլուի մոտ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոս, գնդապետ Շյուքուր Հեմիդովը։ Կոչումը նա 2016-ի ապրիլյանի համար էր ստացել»։

Արցախում զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Դավիթ Մաթեւոսյանը: Իր վերջին հարցազրույցում Դավիթ Մաթեւոսյանն ասել էր, որ արցախյան այս պատերազմին պետք է քաղաքական միջամտությամբ վերջ դրվի, հակառակ պարագայում երկու կողմերն էլ կմաշվեն։

Զոհվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը՝ Թաթուլ Հակոբյանը: «Թաթուլի ու իր նման տղերքի շնորհիվ է կերտվում հաղթանակը», գրել է պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը հայտնել է, որ անմահացել է իր եղբայրը՝ Սևակ Սերոբյանը: «Անսահման է ցավս, սակայն անսահման է նաև հպարտությունս, որ հանուն Հայրենիքի մղվող սուրբ պատերազմում գլուխդ վայր դրեցիր հայոց եզերքի, տան ու օջախի խաղաղության ու հավերժի համար», գրել է Խաչատրյանը:

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը եւ Կոնգրեսի եւս 30 անդամներ այսօր Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման կոչ անող բանաձեւ կներկայացնեն։ «Միացյալ Նահանգները պետք է հանձնառու լինի Արցախում շարունակվող ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, նաեւ համարձակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին եւ Թուրքիային իրենց ագրեսիայի պատճառով պատասխանատվության ենթարկելու եւ մշտական լուծում մշակելու համար, որը կլուծի Արցախի կարգավիճակը եւ անվտանգության հարցերը»,- նշել է նա։

Ֆրանսիայի Ստրասբուրք քաղաքում տեղի հայերը բողոքի բազմամարդ ակցիա են իրականացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի մոտ:

Ակցիան սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ընկած հերոսների, ինչին հաջորդել են առաջնագծում կանգնած տղաների պատվին ծափերը:

Ակցիայի մասնակիցներց մեկն ասել է, որ ՄԻԵԴ-ը պետք է պաշտպանի նաեւ Արցախում ապրող մարդկանց իրավունքները. «Ավերվել են քաղաքներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ: Եթե շարունակեք անտարբեր մնալ, վաղն օդանավակայաններն ենք փակելու, ամբողջ Եվրոպան ենք կաթվածահար անելու: Մեր ուզածը խաղաղությունն է, իսկ դրա համար պետք է մի բան, որ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, այցելել է առաջնագծում վիրավորում ստացած զինվորներին, շնորհակալություն հայտնել նրանց հայրենիքի պաշտպանության անձնվեր գործի համար։

Հայաստանում կորոնավարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 2474-ով, նրանց  ընդհանուր թիվը հասել է 73310-ի: Մահացել է 16 մարդ, որոնցից 2-ը այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 1474 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.30 դրամով ու կազմել  494.01 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.48 դրամով ու հասել  585.25 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.59 դրամով  ու կազմել 646.41  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու կազմել 6.47 դրամ:

Հոկտեմբերի 24-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:  Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Մայրաքաղաքում եւս տեղումներ չեն լինի։ Այս գիշեր Երեւանում կլինի 8-10, վաղը ցերեկը 23-25 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 04.12.2020
Մինչեւ այս պահը Ադրբեջանի զինուժը շարունակում է առեւանգել կամ գերեվարել Արցախի հայ բնակիչների կամ զինծառայողների...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 03.12.2020
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական 16 ուժերը ստեղծել են Հայրենիքի փրկության շարժում...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 02.12.2020
Արցախում արդեն խաղաղ պայմաններում երկու զինծառայող է զոհվել...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 01.12.2020
Հայաստանի եւ Արցախի վերամիավորման 1989թ․ դեկտեմբերի 1-ի որոշումից ուղիղ 31 տարի անց ադրբեջանական զինված ուժերը մտան Լաչինի շրջան...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 30.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական գրառումով աղմուկ է բարձրարել սոցհարթակում...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 27.11.2020
Սոթքի հանքի շուրջ նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները վրդովմունք են առաջացրել Վարդենիսի շրջանի բնակիչների շրջանում...
Ամենաշատ