News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լուսանկարի ժպտերես տղան՝ Սարմենն է, հայրենիքի սահմանների պաշտպանության համար հերոսաբար զոհված ժամկետային զինծառայող։ Սարմեն Այվազյանի մորը՝ տիկին Ռուզանին պատմել են՝ հրամանատարի հարցին, թե ո՞վ թշնամու խրամատը մի քանի նռնակ կգցի, իր որդին առաջինն է արձագանքել ու  հրամանները կյանքի գնով կատարել՝ ոչնչացնելով թշնամու կենդանի ուժը։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել էր Սարմենի կյանքի վերջին րոպեների խոսակցությունները հրամանատարի հետ։

«-Դրանց խրամատը մի քանի գրանատ պիտի գցվի, ո՞վ կա արծիվներ

-Ես կանեմ կամանդիր...

-Էդ ովա՞...

-Ես եմ կամանդիր...

-Այ տղա ես ռացիայով ի՞նչ իմանամ ես-ը ովա

-Սարմեննա կամանդիր

-Հա, Սարմեն ջան, դե ծոցդ, ջեբերդ որտեղ կարաս, գրանատ լից ու զեկուցի...

-Հասա կամանդիր, բայց չեմ կարողանում լավ մոտենամ կրակում են

-Տղերք Պեկայով մաղեք դրանց յաչեյկեն, զգուշ եղեք ցածր չխփեք

-Հասա կամանդիր

- Քցի տղես, քցի ու հետ սողա

- Քցեցի, տնքում, ոռնում են

- Շատ էի՞ն

- Հա կամանդիր շատ շատ էին ոնց որ

-Դե հետ արի բալես, ապրես

-Բա կատրոլնի՞ն կամանդիր

-Պետք չի հետ արի տղես...

-Սարմե՞ն, ձեն հանի տղես

-Տղերք ի՞նչ եք տեսնում

- Կամանդիր ոնց որ խփեցին, Սարմենին

- Հա կամանդիր, իրանց յաչեյկի դեմնա

- Հանեք տղուն...

–Հանեցինք կամանդիր, չկա մեր Սարմենը

-Ախ...

-Կամանդիր, սաղին մորթելա, խրամատը ազատ էր, երևի վիրավոր մեկն էր խփել վերջին շնչում

...բարձունքը մերնա կամանդիր, բարձունքը մերնա Սարմենը չկա...»։

Սարմենը Այվազյանը Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղից էր, 19 տարեկան, երկու քույրերի ավագ եղբայրը։ NEWS.am-ի հետ զրույցում տիկին Ռուզանն ասում է՝ որդին «Հայոց պատմություն» առարկան էր շատ սիրում, կարդացել էր բոլոր պատմավեպերը։

«Մինչ բանակ գնալն ընդունվել էր ԵՊՀ Պատմության ֆակուլտետ, մի քանի ամիս սովորեց ու դեկտեմբերին զորակոչվեց։ Ծառայությունից միշտ գոհ է եղել։ Խիզախ, բարի, խելացի, ամենալավ հատկանիշների տեր մարդ էր Սարմենը, մենակ հերոսի կոչում չուներ, էդ էլ ունեցավ»,- ասում է մայրը։

Սարմենն ի սկզբանե Իրավագիտության ֆակուլտետում էր ցանկանում սովորել,  բայց հանգամանքերի բերումով Պատմության ֆակուլտետ էր ընդունվել։ Ասել էր՝ մագիստրատուրայում իրավագիտությունը կուսումնասիրի։

Պատերազմի օրերին միշտ կապ է ունեցել ընտանիքի հետ, զրուցել բարձր տրամադրությամբ։ Մայրն ասում է՝ այդպես էլ չհասկացանք, թե ինչ էր կատարվում իր հետ, շատ ոգևորված էր։

«Վերջին անգամ հոկտեմբերի 5-ի առավոտյան եմ խոսել հետը, անձրև էր եկել, ասացի՝ բալես, բա թաց չե՞ք, ցեխ չի՞, ասաց՝ մամա, լավ ենք, էն ոնց են խոզերը ցեխերի մեջ մտնում (ժպտում է,-հեղ․), մենք էլ ենք էդպես, բայց հանգիստ եղի, մեզ համար տաք շորեր են բերել, թաց չենք, ամեն ինչ լավ է։ Ինքը երբեք չէր դժգոհում»,- ասաց տիկին Ռուզանը՝ հավելելով, որ նույն օրը ժամեր անց Սարմենի մահվան բոթը լսեցին։

«Մինչև երեխու դեպքը 4 օր էլ ամուսինս էր կռվել Ջաբրայիլում, զանգել էր պապային ասել՝ ես էստեղ կռվում եմ, էլ քեզ ինչի՞ են բերում, մի արի, պապ ջան»,- հիշում է մայրը։

Անդրադառնալով Սարմենի մասին ֆեյսբուքում հայտնված գրառմանը, տիկին Ռուզանն ասաց, որ չեն ճանաչում այն հրապարակած օգտատիրոջը, բայց որդու զոհվելու հանգամանքները իրենց հենց նույն ձև են պատմել։

Աշխույժ, նպատակասլաց, աշխատասեր, խելացի, ուժեղ կամքի տեր անձնավորություն․Սարմենի մասին դասղեկի՝ Տաթև Հովսեփյանի հիշողություններն են։

«Իրեն ինչ հանձնարարեինք՝ պիտի լիարժեք աներ իր գործը, ոչ մի անգամ չէր թերանում։ Ամեն կերպ փորձում էր օգտակար լինել բոլորին, անշահախնդիր օգնում էր ընկերներին։ Մի անգամ ասաց՝ ես անպայման հետ եմ գալու, որովհետև լիքը կիսատ գործեր ունեմ, ասացի՝ ի՞նչ գործեր, Սարմեն ջան, ասաց՝ տարբեր բնույթի և՛ ուսման, և՛ աշխատանքի հետ կապված։ Ասում էր՝ ես սովորելուն զուգահեռ պիտի անպայման աշխատեմ, իմ գրպանում պիտի փող լինի։ Մինչ բանակ գնալը՝ ամռանը ընկերների հետ տարբեր գործեր էին անում, ու շատ լավ էր իրեն զգում, որ գրպանում փող կար»,- պատմեց տիկին Հովսեփյանը։

Իր աշակերտի մասին զրուցելիս, տիկին Հովսեփյանը հիշեց, որ Սարմենը վստահ էր, որ Արցախում է ծառայելու։

«Հարցնում էինք՝ Սարմեն, ինչի՞ ես էդպես մտածում, ասում էր՝ չգիտեմ, մի բան կա, որ ինձ հուշում է՝ Ղարաբաղում եմ ծառայելու, ու հենց էդպես էլ եղավ։ Ես մտածում եմ, որ ինքը գիտեր՝ իր հետ ինչ է լինելու, որովհետև ես հոկտեմբերի 5-ի առավոտյան իր հետ զրուցել եմ, էնպես էր խոսում, որ գիտի, թե ինչ է լինելու։ Դրա համար ինձ ասաց՝ երկու հանձնարարություն եմ տալիս, խոստացեք, որ երկուսն էլ իրականացնելու եք, ասացի՝ վա՜յ, Սարմեն, ինչի՞ էս նման բաներ խոսում, պետք չի, ասաց՝ Դուք խոստացեք, ասացի՝ լավ, խոստանում եմ։ Մեկն այն էր, որ եթե իրեն ինչ-որ բան պատահի, առաջինը ես պետք է դրա մասին ասեմ իր ամենամտերիմ ընկերոջը, ցավոք, ես չկարողացա դա անել, գիշերն իրեն այլ մարդիկ ասել էին։ Իսկ երկրորդը դեռ իմ մեջ է, ես դա պետք է իրականացնեմ, բարձրաձայնել չեմ կարող»,- ասաց տիկին Հովսեփյանը։

«Մեր ընկերական շրջապատում ամենից պայծառ շողացող արևն էր Սարմենը։ Ընկերասեր էր, բարի, հումորով, հուսալի։ Յուրաքանչյուրը, եթե մեկ օր շփվեր Սարմենի հետ, շատ կսիրեր ու կկապվեր նրա հետ։ Միշտ ասում էր՝ երբ իրավաբան դառնամ, ինձ համար սև ավտոմեքենա եմ գնելու, կնոջս համար՝ սպիտակ», - պատմեց Սարմենի մանկության ընկերուհի Լիանա Հունանյանը։

Լիանան հիշում է՝ Սարմենն անբաժանելի ընկեր ուներ՝ Ռոբը։ Ռոբը Հայաստանում էր ծառայության անցել,  Սարմենը՝ Արցախում։ Սարմենը կատակով Ռոբին ասել էր՝ «Դավաճան, ինչո՞ւ ես ինձ մենակ թողնում»։ Գնալու օրը շատ ուրախ էր, մեզ թույլ չտվեց արտասվել՝ ասաց ի՞նչ է եղել որ, չեք էլ նկատի՝ ինչպես կանցնի երկու տարին և ես նորից ձեզ հետ կլինեմ։

 «Սարմենի հետ վերջին անգամ խոսել եմ սեպտեմբերի 21-ին, շատ ուրախ տրամադրություն ուներ, այնքան զրնգուն էր ձայնը։  Ասաց՝ սպասիր հետ գամ, ինչ ուրախ օրեր ենք անցկացնելու», -ասաց Լիանա Հունանյանը։

 Սարմեն Այվազյանը հուղարկավորվել է հոկտեմբերի 12-ին հայրենի Մալիշկա գյուղում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ