News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 24
USD
512.31
EUR
608.83
RUB
6.75
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Արցախի հյուսիսարևելյան հատվածի պաշտպանության ժամանակ հոկտեմբերի 19–ին զոհված կամավորական Սևակ Մնացականյանը, նախքան թշնամու կողմից խոցվելը, հասցրել է երկու տեսաուղերձ հղել իր հայրենակիցներին՝ կոչ անելով գործի դնել բոլոր ռեսուրսները, մոբիլիզացնել բոլոր ուժերը հաղթանակի հասնելու համար։ Սևակի եղբայրը՝ Մասիս Մնացականյանը, NEWS.am–ին հայտնեց, որ կանխազգալով մոտալուտ մահը, եղբայրն իրեն է ուղարկել տեսանյութը և խնդրել հրապարակել այն։ Հարգելով զոհված հերոսի հիշատակը՝ NEWS.am–ը հրապարակում է Սևակի ուղերձը։

«Սա մեր ամենակարևոր մարտերից մեկն է, որտեղ մենք իրավունք չունենք պարտվելու։ Մենք իրավունք չունենք խնայել ռեսուրսներ, մենք իրավունք չունենք ափսոսալու, մենք իրավունք չունենք խնայելու ժամանակ, առողջություն, կյանք, ոչ միայն մերը, այլև մեր հարազատներինը, որովհետև սրանից է կախված մեր ազգի լինելիությունը։ Եթե պատրաստ եք վաղը կամ մյուս օրը պատերազմ վարել Երևանի մատույցներում, ուրեմն կարող եք չտեսնելու կամ չլսելու տալ այն, ինչ հիմա ասում եմ։ Սա մեր հայրենական պատերազմի, մեր գոյամարտի  ամենակարևոր և եզրափակիչ մասը պետք է լինի՝ հակառակ դեպքում մենք կորցնելու ենք այն ամենն, ինչ ունենք, ինչը մեզ փոխանցել են, ինչը որ մենք կորցնելու իրավունք չունենք։ Այս պատերազմում մեր դեմ միայն Ադրբեջանը չի կռվում, այլ կռվում են բոլոր այն ուժերը, որոնց համար անընդունելի է այս տարածքում հայ տեսակի գոյությունը, հետևաբար մենք պետք է ներդնենք մեր բոլոր ուժերը, պետք է տանք առավելագույնը, քանի որ միայն դրա դեպքում կարող ենք հաղթանակը ձեռք բերել։ Ցավում եմ բոլոր զոհվածների ընտանիքների համար, արդեն մենք ունենք ընկերներ, որոնք զոհվել են։ Կամավորական ջոկատներում կռվել են ամենաընտիր տղաները, ամենաբարոյական, ամենաազնիվ տղաները... Կամավորականների շարքում ես տեսել եմ ազգի սերուցքը, բայց առանց դրա հնարավոր չէ հաղթել։ Եթե կա տարբերակ, որ առանց զոհերի հնարավոր է հաղթել, ասեք այդ տարբերակը, ես հաստատ այդ տարբերակի հետևից կգնամ, բայց չկա նման տարբերակ, հետևաբար մենք պետք է անենք ամեն ինչ։

 Խոսքս ուղղում եմ զինվորներին։ Տղանե՛ր, Աստծո և սատանայի արանքում դուք այսօր ինձ համար կիսաստվածներ եք, որովհետև դուք եք այսօր որոշում հաջողությունը, հաղթանակը, դուք եք տալիս չարի ու բարու սահմանումը, դուք եք որոշում ինչքան լավ բաներ պետք է այս երկրի վրա կատարվեն, դրա համար դուք ինձ համար կիսաստվածներ եք, տղե՛րք։ Թող Աստված ձեզ տա առողջություն, ուժ, կորով, որպեսզի կարողանաք պատվով դուրս գալ այս իրավիճակից։

Եկեք փաստենք, որ մենք էստեղ ենք, որովհետև մեր դիվանագետները պարտվել են։ Զինվորն այստեղ է մի պարզ պատճառով, որովհետև մեր դիվանագետները պարտվել են, որովհետև մեր մտավորականները պարտվել են, մեր արվեստի գործիչները պարտվել են, մեր գիտնականները պարտվել են... Յուրաքանչյուրն իր ոլորտում պարտվել է։ Դրա համար այսօր հայ զինվորն իր արյունով կանգնած է լինելիության վերջնագծին։ Եթե գիտնականները պարտված չլինեին, մենք ժամերի ընթացքում կարող էինք թշնամուն ոչնչացնել, քանի որ սա մեր դարն է. լավ գիտություն, լավ զենքեր ու կնոպկեք, և մենք ամեն ինչ կարող էինք անել, բայց իրենք պարտվել են իրենց տեղում։ Եթե լավ դիվանագետներ, լավ մշակույթի գործիչներ ունենայինք, կհաղթեինք և չէինք հասնի այս կետին... Եթե մեր մշակույթը չլիներ այնպիսին, ինչպիսին կա՝ կիսահայկական, կիսառուսական, կիսաամերիկյան... Եթե ներկայանայինք որպես աշխարհի հնագույն ազգերից մեկը, որը բան ունի աշխարհին տալու, հավատացնում եմ՝ չէինք հասնի այս օրին... Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, և իրավիճակը շտկելու միակ տարբերակը՝ անմնացորդ նվիրումն է, այս ընթացքում հակակառավարական, հակապետական որևէ միջոցառում թույլատրելի չէ, ոչ մի...

Բոլորիդ ուժ, կորով, համբերություն, ամեն ինչ լավ է լինելու, Աստված ձեզ պահապան»։

Հաջորդ տեսաուղերձում, որի ժամանակ լսելի են հրետակոծության ձայները, Սևակը կոչ է անում քաղաքական գործիչներին, պատգամավորներին գալ սահման և տեսնել, թե ինչ է կատարվում։ Նա հորդորում է, նախքան կամավորներին ռազմաճակատ ուղարկելը պատրաստել նրանց։

«Քաղաքական բանակցություններում միշտ հիշեք, որ Ադրբեջանը 90 տոկոսով իր բոլոր պլանները ձախողել է, ունի մի 10 տոկոսի հաջողություն, հետևաբար մենք ունենք 10 տոկոսի թերացում՝ կորուստներ։ Կոչ եմ անում կառավարությանը՝ մոբիլիզացիոն ուժերին նախքան ռազմաճակատ ուղարկելը, տանել 10-15 օր վերապատրաստել, կցել խմբերին, կազմակերպել մարտունակությունը, կարգապահությունը և դրանից հետո նոր միայն ուղարկել մարտադաշտ, որպեսզի նրանց օգտակար գործողության գործակիցը բարձր լինի, հակառակ դեպքում ունենալու ենք կրավորական զոհեր, որոնք ոչ միայն չեն օգնելու բանակին, այլև խանգարելու են այն 18 տարեկան տղաներին, որոնք ավելի լավ գիտեն իրենց գործը։ Բանակը կենդանի բջիջ է, 20 հոգանոց ջոկատում պարտադիր բոլորը պետք է միմյանց ծանոթ լինեն, շփվեն միմյանց հետ, հաց կիսեն, հետո նոր գնան կռվի դաշտ՝ մեկը մյուսի թիկունքը պահելու, հակառակ դեպքում ձախողվելու են։ Խմբում մարդիկ պետք է իմանան, թե ով է իրենցից շուտ խուճապի մատնվում, ով՝ ոչ, որպեսզի երբ այդ մարդը հանկարծ խուճապ տարածի, ասեն՝ նա մեր ընկերն է, մենք իրեն գիտենք, հանգիստ եղեք, որպեսզի խնդիր չառաջանա, հակառակ դեպքում մոբերի (մոբիլիզացիոն ուժերի) աշխատանքը ձախողվելու է։ Հաղթանակը հեշտ չի տրվելու, հաղթանակը պետք է վաստակել նաև խելքով։ Կազմակերպեք մարդկանց, մոբիլիզացիոն ուժերը, ուժեղացրեք առաջին բուժօգնությունը, հակաօդային պաշտպանությունը, հարվածային տեխնիկայի գործողությունները,  և մենք կհաղթենք, դրանում ես կասկած չուեմ»,–իր ուղերձում ասել է Սևակը։ 

Հիշեցնենք՝ Սևակ Մնացականյանը կամավոր ռազմաճակատ էր մեկնել պատերազմի հենց սկզբից՝ իր ֆեյսբուքյան էջում կոչ անելով հայրենակիցներին գոտեպնդվել և պայքարել ազգի գոյության համար։ Սևակը Կոտայքի մարզի Քաղսի համայնքից էր, հայտնի է իր մարզական հաջողություններով և հայրենանվեր գործունեությամբ։ Հիմնելով «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիան՝ Սևակը նպատակ ուներ զարգացնելու ազգային մարտարվեստը, վերականգնելու ազգային մարտարվեստի մոռացված հնարքներն ու շարժումները  ու այն սերնդեսերունդ փոխանցել։

Սևակը հավատում էր, որ ազգային մարտարվեստի կայացումը մեր հասարակության ֆիզիկական դաստիարակման ու զարգացման հիմնաքարն է, առանց որի հնարավոր չէ ունենալ հասարակության՝ երիտասարդների ու պատանիների ֆիզիկական պատրաստության պահանջները բավարարող համակարգ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք ողջ ենք ուզում մեր երեխուն, դի՞ ենք տվել, որ դի ուզենք. անհետ կորած զինծառայողների մայրեր
Ես տվել եմ ողջ ու առողջ երեխա, ոնց տվել եմ՝ նենց էլ թող բերեն, տան…
Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ. Լաքոտ
Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության կողմից վարձակալած առաջին բեռնատար չվերթն այսօր...
Արցախի մուտքն ազդարարող ցուցանակն ապամոնտաժվում է. Ռոբերտ Հայրապետյան
Նոյեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի համաձայն, հայկական կողմը Քարվաճառը կհանձնի թշնամուն...
Թուրքիայի ԱԳՆ-ն գնահատել է ԼՂ հարցով Մոսկվայի հետ փոխգործակցությունը
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 11-ին Ռուսաստանի հետ հուշագիր է ստորագրվել հրադադարի հսկողության հարցով մոնիթորինգի կենտրոն ստեղծելու մասին...
Պուտինը հայտնել է Ղարաբաղում կարգավորման շուրջ Ռուսաստանի ջանքերի մասին
Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործում միջնորդության համար․․․
Անհետ կորած զինծառայողների հարազատները Կառավարության դիմաց են (ուղիղ)
Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատները…
Ամենաշատ