News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվան հուսով է, որ Անկարան կկատարի Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի (Այա Սոֆիայի) կարգավիճակի հետ կապված իր ստանձնած պարտավորությունները՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Այս մասին  հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աթենքի Մակեդոնական լրատվական գործակալության հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա շեշտել է, որ Սուրբ Սոֆիան ռուսաստանցիների համար առանձնապես կարեւոր է հոգեւոր տեսակետից։ «Ելնում ենք այն բանից, որ թուրքական կողմը մեզ քանիցս հավաստիացրել է, որ ղեկավարվելու է փոխհարգանքի սկզբունքներով, պատշաճ ուշադրությամբ է վերաբերվելու ուղղափառ հավատացյալների զգացմունքներին եւ կկատարի օբյեկտի կարգավիճակի հետ կապված բոլոր կանոնների եւ պայմանների պահպանման վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները, կապահովի դրա անխաթարությունն ու հասանելիությունը զբոսաշրջիկների եւ ուխտավորների համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ եկավարը։ Լավրովը նշել է, որ ռուսական կողմը պարբերաբար այս հարցում իր դիրքորոշումը հասցնում է թուրք գործընկերներին, այդ թվում՝ բարձրագույն եւ բարձր մակարդակով։

Նրա խոսքով՝ տաճարի վիճակի գնահատման համար կարեւոր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի մոնիթորինգային առաքելության գործունությունը։

«Հույս ունենք, որ հոկտեմբերի 5-9-ը անցկացված տեսչական ստուգման արդյունքներով օպերատիվորեն կներկայացվեն հանձնաժովոի եզրահանգումները, այդ թվում՝ թուրքական կողմի անցկացրած վերականգնողական աշխատանքների որակի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, ինչպես նաեւ բոլոր դավանանքների ներկայացուցիչների համար առանց խոչընդոտների Սուրբ Սոֆիայի հասանելիության պահպանման պատկերացումները»,- ամփոփել է նա։

Թուրքիայի պետական խորհուրդը հուլիսի 10-ին չեղարկել էր կառավարության 1934 թվականի որոշումը Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին։ Այնուհետեւ Թուրքիայի նախագահը հրաման էր ստորագրել, որի համաձայն Այա Սոֆիայում վերսկսվելու է մուսուլմանական երկրպագությունը։ Մի շարք տեղական եկեղեցիներ, ներառյալ Ռուս ուղղափառ եկեղեցին ափսոսանք էին հայտնել ընդունված որոշմամբ։ Նույնպիսի արձագանք էր եղել նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։

Սուրբ Սոֆիայի տաճարը, որը կառուցվել է VI դարում եւ բյուզանդական ճարտարապետության հուշարձան է, 1985 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ