News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ինչպես ենթադրվում էր, Ադրբեջանը խախտեց նաև հրադադարի մասին 3-րդ համաձայնությունը։ Առավոտյան Մարտունի քաղաքի վրա հակառակորդը կիրառեց ռազմական ավիացիա, կեսօրից հետո գրոհ ձեռնարկեց զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ, «Սմերչ»-ից հրթիռ արձակեց Մարտունու շրջանի արձակել Զարդարաշենի ուղղությամբ: Oրվա ընթացքում տևական հրթիռակոծության ենթարկվեցին մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվեց քաղաքացիական մեկ անձ։

Երեկոյան 18–ի մոտ հայտնի դարձավ, որ թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը, Մարտակերտը, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։

Ավետարանոց գյուղում նախօրեին սկսված դիվերսիոն խմբի ոչնչացման գործողությունը դեռ շարունակվում է։

Հարավ-արեւելքում օրվա ընթացքում թեժ մարտեր են ընթացել։ Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել է փողային եւ ռեակտիվ հրետանի, նաեւ` տանկեր:

Հրադադարն ուժի մեջ պետք է մտներ առավոտյան 8-ին, սակայն դեռ այդ ժամը չեկած Ադրբեջանը հաղորդագրություն տարածեց, թե հայկական կողմը խախտել է հրադադարը, սակայն, ուշացումով սխալը հասկանալով, այդ լուրը հեռացվեց եւ 8-ն անց 6-ին նորից հայտնվեց ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում։

Երեկոյան ձախողված հրադադարի մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել  է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արդեն 3-րդ անգամ չհաջողվեց հրադադարը պահպանել։Կեսգիշերին խոսել եմ Պոմպեոյի հետ եւ երկու հիմնական հարց եմ դրել իր առջեւ։ Առաջին՝ եթե հրադադարը տեղի չունենա, ինչպե՞ս եք պարզելու, թե ով է դրա մեղավորը, եւ երկրորդ՝ ինչ հետեւանքներ է ունենալու հրադադարի խախտումը այն խախտող կողմի համար»,– պատմել է Նիկոլ Փաշինյանը, սակայն չի փոխանցել Պոմպեոյի պատասխանը՝ համարելով դա ոչ կոռեկտ։

Փաշինյանի խոսքով՝ բանակցություններում Հայաստանը առավելագույնս ճկունթույւն է ցուցաբերել, սակայն եթե մենք որեւէ բանի համաձայնել ենք, դա արդեն ընդունելի չի եղել Ադրբեջանի համար, որովհետեւ նրանք ցանկացել են ավելին: «Ադրբեջանը հիմա առավել եւս ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա»,-ասել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ այսօր ռազմաճակատում անհաջողությունների հիմքը պետք է փնտրենք այնտեղ, որ Հայաստանում կա բժիշկ ու կա քաղաքացի, որոնք համաձայնության են գալիս կեղծ տեղեկանք տան, որ քաղաքացին ազատվի զորահավաքից։ «Նման դեպքերով բաց է մնում զինվորների թիկունքը, որոնք հերոսի նման կռվում են: Սա դավաճանություն է»,– ասել է Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ այսօր ամբողջ պետությունը, բոլոր քաղաքացիները պետք է պատերազմական ռեժիմի մեջ լինեն. «Այսօր պետք է զինկոմիսարիատների առջեւ 24 ժամ հերթեր գոյացած լինեն դիմակներով»,– ասել է նա:

Ռուսաստանը Ալիևին է փոխանցել փաստեր իր երկրում սիրիացի ահաբեկիչների առկայության մասին եւ շեշտել, որ եթե նա հերքում է ահաբեկիչների առկայությունը, ուրեմն չի տիրապետում իր երկրում իրավիճակին։

Ադրբեջանը տալով մոտ 7 հազար սպանված, զրկվելով տանկերի ու զրահատեխնիկայի 80 տոկոսից, ավիացիայի 90 տոկոսից, եւ բոլոր իր անօդաչու սարքերի մոտ 60 տոկոսից, այդպես էլ չի կարողացել գրավել 120 հազար բնակչություն ունեցող հանրապետությունը, գրել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Ադրբեջանական զորքերը կարողացել են ներթափանցել Արցախի խորքը միայն հարավում, Արաքսի հովտի շրջանում։ Այստեղ տեղանքը հարթավայրային է եւ Ադրբեջանը կարողացել է ամբողջովին օգտագործել կենդանի ուժի եւ տեխնիկայի քառակի առավելությունը, բայց դրանով ամեն ինչ կանգ է առել, քանի որ լեռներում, ադրբեջանցիները «լռվել են»:  Ալիեւը հիմա փորձում է գործել դիվերսիոն խմբերով, որոնց ամեն օր ուղարկում է Ղարաբաղ փաստացի սպանդի։

ԱԱԾ–ում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Վարչապետի առաջարկով հանրապետության նախագահի հրամանագրով Վաղինակ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Մեկ այլ հրամանով ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Արման Մարալչյանը։ 

Վաղինակ Սարգսյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2018-ի հունիսի 11-ին: Նշանակումը այն ժամանակ պատահական չհամարվեց, քանի որ ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով: Իսկ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն այդ ժամանակ Վաղինակ Սարգսյանն էր: ՀՀ ՊՆ-ն քննադատել էր այս քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից և քաղաքական գործընթացներից:

Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով, աշխատանքից ազատվել է  ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը:

Գագիկ Ծառուկյանը միանում է հայոց բանակին։ «Գագիկ Ծառուկյանի կոչով եւ գլխավորությամբ ձեւավորվել է մարտունակ ջոկատ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են նաեւ հմուտ եւ հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, տեխնիկապես կազմակերպված ու զինված եւ մարտական բարձր ոգով», Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նրա խոսքով՝ ջոկատը կմիանա հայոց բանակին, որտեղ անհրաժեշտ է։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է գրառում արել ֆեյսբուքւոմ։ «Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։

Մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»,– գրել է նա ու լուսանկար հրապարակել։;

Այսօր սկանդալ էր առաջացել այն պատճառով, որ Վրաստանը թույլ չէր տալիս Վերին Լարսի սահմանային անցակետով շտապ օգնության մեքենաների խմբաքանակի մուտքը Հայաստան։ Դրանք որպես մարդասիրական օգնություն ուղարկել է Ռուսաստանի հայ համայնքը:  Ավելի ուշ բեռնատարներն այնուամենայնիվ հատել են սահմանը եւ հասել Հայաստան։

Սիրիայում տեղի է ունեցել Արցախի աջակցության լայնածավալ ակցիա։ Հալեպի հայ եւ արաբ բնակիչները հավաքվել են համերաշխություն հայտնելու Արցախի ժողովրդին եւ միջազգային ահաբեկության դեմ նրանց պայքարին։

Հոլիվուդյան գերաստղ Մել Գիբսոնը տեսաուղերձ է հրապարակել, հայտարարելով, որ աղոթում է ինչպես ամբողջ հայության, այնպես էլ հակամարտության խաղաղ լուծման համար։ «Խորը ցավով տեղեկացա հայկական Արցախում հակամարտության վերջին սրման մասին։ Ես այստեղ բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, եւ նրանք պատմում են իրենց տառապանքի, մտերիմների կորստի մասին։ Ես շատ եմ հարգում հայ ազգին՝ շատ ամուր ու մեծահոգի։ Նրանք ստիպված է եղել հսկայական դժվարությունների բախվել։ Ինչպես գիտենք, այդ մարդկանց կարողություններն անսահման են։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 973 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 78810-ի: Փաստացի այս պահին բուժվում է 26113 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 քաղաքացի, եւս  2 վարակակիր մահացել է այլ հիվանդությունից։ Ընդհանուր առմամբ մահացել է 1535 մարդ։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.77 դրամով ու կազմել  493.24 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.83 դրամով ու կազմել  582.42 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.93 դրամով  ու կազմել 643.48  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով ու կազմել 6.45 դրամ:

Հոկտեմբերի 27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +22+24:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ