News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հեռախոսազրույցներ է ունեցել, որոնց ընթացքում կողմերին կոչ է արել կատարել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց պարտավորությունները: «ԱՄՆ պետքարտուղարը պնդել է, որ կողմերը պետք է կատարեն հրադադարի ռեժիմի իրենց պարտավորությունները եւ նպաստեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծմանը»,- ասվում է պետդեպի հաղորդագրությունում:

Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արագչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Արագչին հանդես կգա որպես Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Իրանի նախագահի հատուկ բանագնաց

Մարտական դիրքում վիրավորում ստանալու պատճառով Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը, որը նաեւ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում է ստացել:

Այսօր առավոտյան, ժամը 10-10:15 սահմանում ադրբեջանական կողմն անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է Հայաստանի եւ  Իրանի  հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը, ապա շարունակել է կրակ վարել Հայաստանի հարավային սահմանի ուղղությամբ, կան վիրավորներ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով եւ հակառակորդին պատճառել զգալի վնասներ եւ կորուստներ:

ՊՆ–ն հրապարակել է հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է հարավային սահմանի օպերատիվ իրադրությունը եւ առաջիկա քայլերն ու խնդիրները: Նախարարության ներկայացուցիչն ասել է, որ զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի, երբ հակառակորդը փորձի պետական սահմանը խախտել, առկա բոլոր ուժերով հասցնել հուժկու հարված եւ կիրառել զինանոցում գտնվող բոլոր զինատեսակները:

Արցախի Պաշտպանության բանակը հերթական տեսանյութն է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է թշնամին շարունակում կրել մարդկային եւ զինտեխնիկայի կորուստներ:

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: Երեկոյան թշնամին ակտիվորեն կիրառել է անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը մեր հակաօդայինները խոցել են: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես Մարտունի, Մարտակերտ քաղաքներն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը: Տեղային նշանակության մարտեր են ընթացել ճակատի որոշ ուղղություններում:

Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 35 զինծառայողի անուններ. Հայկական կողմի կորուստների թիվն անցել է 1000–ից։

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) հայտնում է, որ թուրքական կառավարության կողմից Սիրիայից Ադրբեջան ուղարկված և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կռվող վարձկաններից սպանվել է ևս 18-ը։ Ոչնչացված վարձկանների թվում է նաև Թուրքիայից աջակցություն ստացող «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը։

Ըստ կենտրոնի տվյալների՝ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող խմբավորումների շրջանում սպանվածների ընդհանուր թիվը առնվազն 188 է, որոնց մի մասի մարմինները տեղափոխվել են Սիրիա, իսկ մյուսներինը մնացել են Ադրբեջանում: Նշվում է, որ միայն վերջին մի քանի օրվա ընթացքում սպանվել է 36 զինյալ։

ՊԲ–ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են հայկական ստորաբաժանումները ոչնչացնում վարձկան ահաբեկիչներին:

Միասնական պաշտպանական կոմիտե ստեղծելու ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի կոչը բուռն արձագանք է գտել հանրության շրջանում եւ Ֆեյսբուքյան հարթակում։ «Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան», գրել է մանուկյանը եւ բեկումը հնարավոր համարել, բայց ոչ ներկա կառավարության օրոք։ Ըստ նրա՝ այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։  «Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները։

Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ», գրել է Վազգեն Մանուկյանը, որին կոչին մի շարք քաղաքական գործիչներ։

Ժամեր անց հայտարարություն են տարածել պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի գլխավոր շտաբը, որոնք «խստորեն դատապարտել են Հայաստանի քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը»: Ըստ հայտարարության՝ առավելեւս ռազմական դրության պայմաններում Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը եւ շարունակելու են անվերապահորեն կատարել Գերագույն հրամանատարի, Կառավարության եւ պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները: «Պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից», նշված է հայտարարությունում:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները վարչապետ  Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, ըստ ԼՀԿ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառման՝ պետք է քննարկվի ստեղծված իրավիճակը: Կառավարությունից այս առաջարկի հանդեպ վերաբերմունքի մասին NEWS.am-ի հարցին որոշակի պատասխան չի հնչել։

Ռուսաստանի Դումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հարցերով կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, թե Ալիեւի հանդարտեցնող հավաստիացումները, որ Լեռնային Ղարաբաղում հայերը, ինչպես ադրբեջանցիները, հանգիստ ապրելու են Ադրբեջանի կազմում, իրականությանը չի համապատասխանում։ «Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում։ Կարծում եմ՝ դրան չի հավատում նաեւ Ալիեւն ինքը, որը բազմիցս ապացուցել է հայ ժողովրդի հանդեպ իր իսկական վերաբերմունքը, եւ այդ հարցում ամոթ չի ունեցել։ Ես շատ կզարմանայի, եթե Հայաստանում եւ Ղարաբաղում հնարավոր համարեին Ադրբեջանի կազմում հայերի համագոյակցությունը։ Դա ուղղակի ֆանտազիա է, որը կոչված է հանդարտեցնելու հանրային կարծիքը, ինչպես նաեւ հրադադարի վերաբերյալ մյուս ժեստերը»,- հավելել է  Զատուլինը։

Մենք միշտ պատրաստ ենք եղել բոլոր տեսակի բանակցությունների, լրագրողներին ասել է Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ «ցավոտ փոխզիջումների» վերաբերյալ հայտարարությանը՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ փաստն այն է, որ նույնիսկ նմանատիպ զիջումների առաջարկներ չեն եղել եւ չկան ու չեն կարող լինել այս փուլում։ Հայաստանը ՀԱՊԿ-ին կդիմի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան, ասել է Սիմոնյանը։

Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի հետեւանքով զոհվել է Արցախի 39 խաղաղ բնակիչ, որոնց թվում 1 աղջնակ եւ 6 կին, վիրավորվել է 114 բնակիչ, որոնցից 80-ը՝ ծանր, գնդակոծել է 120 բնակավայր։ Այս տվյալները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:  Հաստատված տվյալներով` ադրբեջանական կողմում կա գերեվարված տասնյոթ հայ զինվորական: Եվս երկու զինվորականի եւ քաղաքացիական անձի տվյալները ճշտվում են: Հայկական կողմը ՄԻԵԴ է ներկայացրել նրանց կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կիրառման վերաբերյալ դիմումներ:  Այստեղ հարցաքննվել է երկու գերեվարված ադրբեջանցի:

Բանակում կեղծ լուրեր տարածած անձը գործել է սեփական նախաձեռնությամբ, նույն ասուլիսին հայտարարել է ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Արմեն Աբազյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը չէր բացառում քաղաքական վարկածը։ Լրտեսության եւ պետական դավաճանության համար ձերբակալվել է մեկական անձ: Նա նաև ասել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի դեմ հարուցված քրեական գործ չկա։

Աշխատանքից ազատվել է նաեւ ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը: Ծառայությունից պաշտոնանկության պատճառների մասին տեղեկություն չեն հայտնել։ Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների ընթացքում պաշտոնանկ էին արվել նաեւ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը եւ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը:

ԱՄՆ հայ երիտասարդության ֆեդերացիան հացադուլ է հայտարարել` որպես բողոքի նշան ընդդեմ Արցախի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի: Մասնակիցները պահանջում են ճանաչել Արցախը եւ պատժամիջոցներ կիրառել Բաքվի եւ Անկարայի նկատմամբ: «Մենք կանգ չենք առնի, քանի դեռ այս բռնակալները չեն դադարեցրել իրենց ագրեսիան: Հայ ժողովուրդը կանգ չի առնի»,- նշված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Անցած մեկ օրում մահացել է 34 կորոնավարակակիր, ընդհանուր թիվը հասել է 1269-ի։ Երեկվա ընթացքում վարակվելու 1600 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80410-ի: Փաստացի այս պահին բուժվում է 27027 մարդ:

Հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը կրթության նախարարությունը որոշել է երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների։ Նրանք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։ Մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցները։

Դատարանը երկու շաբաթով հետաձգել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Այսօրվա նիստը չի կայացել քանի որ Արցախի եւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Արցախում է, ինչի մասին նրա պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել։

Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին եւ ուժն այսօր մեզ հետ են: Այս մասին Ֆեյբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ լուսանկար հրապարակել, որտեղ ինքը ԱԺ այգում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հուշակոթող է այցելել ու ծաղիկներ դրել: «Խոնարհումս նրանց վառ հիշատակին»,- գրել է նա:

ԱՄՆ դոլարի փոխարժեք նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով ու կազմել 493.18 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով ու կազմել 582.25 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.26 դրամով ու կազմել  642.22  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով  ու կազմել 6.44 դրամ:

Հայաստանում հոկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9 +11, վաղը ցերեկը` +20 +22:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ