News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ  են մղում Արցախի եւ հայության դեմ: Արցախի բանակի եւ բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատոկջոկատայիններով: Այս մասին այսօր ժողովրդին ուղղված ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեկ ամիս առաջ նրանք Արցախը արագ նվաճելու, Արցախի կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առջեւ: Սակայն Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է եւ այս ամենն առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, հերոսական մարդու շնորհիվ:

Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս, որ Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան:

Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն մի վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե սպասում են Արցախի անկման իրենց վերջնական եւ անշրջելի ահղթանակի մասին լուրին:

Ադրբեջանի հանրությունը սակայն այդ լուրը չի ստանալու, եւ այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները: Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը կռվելու է անմնացորդ, ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի եւ ամեն միլիմետրի համար: Անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու: Հենց այս պահը հասունացնելն է Արցախի ՊԲ-ի խնդիրը, եւ մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թեւ ու թիկունք լինենք Արցախին ու Արցախի ՊԲ-ին:

Այդ խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում եւ կարգապահություն: Ռազմական դրության, առավել եւս մարտական պայմաններում պիտի գործի հրամանները անվերապահորեն եւ առանց քննարկման կատարելու տրամաբանությունը: Հրաման չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության եւ հանրային արգահատանքի: Որեւէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետեւ խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, եւ մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում»:

Սիրելի ժողովուրդ,

Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բավականին հակասական գնահատականների տեղիք է տվել եւ անեղծ ասած, թող տարօրինակ չթվա, բայց ուրախ եմ դրա համար: Այդ ելույթն ուներ երկու նպատակ. միջազգային հանրությանն ի ցույց դնել հայկական կողմի կառուցողականությունը, եւ նաեւ հայ ժողովրդի հաստատակամությունը Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ: Երկու խնդիրն էլ լուծված են լիովին, մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձեւով:

Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր  հաստատակամության համար: Խնդիրն ահա երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վերածել կոնկրետ գործի՝ բոլորս հանուն Արցախի: Այս տրամաբանությունն է, որ պետք է գործի այս օրերին: Այս օրերին ողջ պետական համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Մեր հնարավորությունները անսահմանափակ չեն, բայց Արցախի պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ ներուժ իր առջեւ դրվա խնդիրներըև լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաեւ բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են եւ կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդը այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա:

Առավել եւս այս ֆոնին մեզ մնում է ամրացնել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Այս  պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պետք է դառնա բացարձակ ու անփոխարինելի առաջնահերթություն, ու մենք կհաղթենք:

Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումն աշխարհում: Միջազգային դերակատարներն այժմ ընդունում  եւ բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը: Ահաբեկիչների ու վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում: Սա հնարավոր է  է դարձել այդ թվում մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի եւ հրապարակային, կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա պատրաստ չէ փոխզիջումների, իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչեւ վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու եւ դրանք վայելելու հայ ժողովրդի իրավունքը:

Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչնչից, թույլ չենք տալու ներքին ու արտաքին որեւէ ուժի կասկած սերմանել ազատ եւ երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից: Այս ամենը չի փոխելու վերը շարադրված մեր ռազմավարությունը, որովհետեւ մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս,  եւ տեսել քմծիծաղը ստի, բայց մեր կամքը ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի:

Եվ ուրեմն դու հաղթող ես, հայ ժողովուրդ: Գնա եւ վերցրու քո հաղթանակը, կանգնիր եւ կերտիր քո հաղթանակը, եւ վստահ եղիր, որ քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան չի շեղվել ու չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից:

Եվ ուրեմն կեցցե Ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե Հայոց բանակը եւ հայ զինվորը եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում, ազատ եւ երջանիկ Արցախում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ