News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանական «Վաթանե Էմրուզ» («Հայրենիքն այսօր») թերթը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին սատանայի տեսքով է պատկերել՝ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները սատարելու մասին նրա հայտարարություններից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆրանսիայի առաջնորդի ծաղրանկարը տեղադրված է «Փարիզյան իբլիսը (սատանա)» վերնագրով խմբագրականում: Մակրոնը կարմիր դեմքով, սուր ականջներով, գիշատիչ հայացքով եւ ժանիքներով է:

Համարը թողարկվել է ինչպես տպագիր, այնպես էլ առցանց ձեւաչափով:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր ֆրանսիացի դիվանագետին՝ բողոքելով «մարգարեի վիրավորական ծաղրանկարներին ֆրանսիացի պաշտոնյաների համառ աջակցության» դեմ: Գերատեսչությունում դատապարտել եւ անընդունելի էին անվանել Ֆրանսիայի իշխանությունների նման դիրքորոշումը:

Հոկտեմբերի սկզբին Մակրոնը Ֆրանսիայում կրոնական անջատողականության դեմ պայքարի թեմայով մեծ ելույթ էր ունեցել՝ հայտարարելով, որ հանրապետական արժեքների ամրապնդմանն ուղղված համապատասխան օրինագիծը կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Ֆրանսիայի ղեկավարը «Ֆրանսիայում իսլամը արտաքին ազդեցությունից ազատելու» եւ մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին գաղափար էր արտահայտել:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը, մեկնաբանելով սեպտեմբերի սկզբին Charlie Hebdo երգիծական ամսագրի կողմից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների նոր հրապարակումը, ընդգծել էր, որ երկրում կրոնը քննադատելու ազատություն կա: Պատմության ուսուցիչ Սամուել Պատիի սպանությունից հետո Մակրոնը նաեւ հայտարարել է, որ Ֆրանսիայում չեն հրաժարվի ծաղրանկարներ հրապարակելուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ