News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ծրագրված մի շարք այցեր է կատարել Միջին Ասիայի երկրներ։ Ուղեւորության հիմնական նպատակն է ռազմական ոլորտում համագործակցության խորացումն ու ընդլայնումը, հայտնում է «Վոյեննոյե օբոզրենիեն»։

Թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարը Պակիստան այցելելուց հետո ուղեւորվել է Ղազախստան, որտեղ հանդիպում է ունեցել երկրի պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաեւի հետ։ Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են ռազմա-տեխնիկական համագործակցության հետագա ընդլայնման շուրջ։ Նուր Սուլթանում Անկարային անվանել են ռազմավարական գործընկեր։

«Մենք քննարկել ենք պաշտպանության ոլորտում մեր երկրների համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր։ Քանի որ մեր պետությունների ղեկավարների միջեւ նախագահների մակարդակով շատ սերտ երկխոսություն եւ համագործակցություն կա, մեր աշխատանքը բավականին դյուրին էր»,- հանդիպման արդյունքներով  հայտարարել է Աքարը՝ հավելելով, որ նախատեսված է հանդիպում նաեւ արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարի հետ, որի ժամանակ քննարկվելու են պաշտպանական ոլորտում համագործակցության  հարցերը։

Ղազախստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Թուրքիան Ղազախստանի ռազմավարական դաշնակիցն է։ Երկրների միջեւ ստորագրված են մի շարք համաձայնագրեր ռազմական ոլորտում, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին։

Ղազախստանում բանակցություններից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանեց Ուզբեկստան, որտեղ հանդիպեց Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւի եւ պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովի հետ:

Բանակցությունների հիմնական թեման էր նաեւ երկու երկրների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության վիճակը եւ հեռանկարները: Կողմերը պայմանավորվեցին ծրագրեր իրականացնել ռազմական անձնակազմի պատրաստման ոլորտում, կապեր հաստատել մասնագիտացված համալսարանների միջեւ, փորձ փոխանակել բանակային ստորաբաժանումների վերապատրաստման ոլորտում:

«Թուրքիայի եւ Ուզբեկստանի հարաբերությունները հիմնված են պատմության դարավոր ընդհանրության վրա, Անկարան դրան առանձնահատուկ նշանակություն է տալիս: Անկարան ձգտում է խորացնել հարաբերությունները Տաշքենդի հետ բոլոր ոլորտներում: Դա ներառում է առեւտրային, տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ասպեկտները եւ իհարկե` պաշտպանական համագործակցությունը: Մենք լուրջ առաջընթաց ունենք»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Թուրքիայի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքն Ուզբեկստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագրի ստորագրումն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ