News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրոպան պետք է Եվրոպական խորհրդում Թուրքիայի դեմ միջոցներ ընդունի, որ պաշտպանի իր շահերը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի առեւտրի նախարար Ֆրանկ Ռիսթերը, հայտնում է France 24-ը։

«Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում Եվրոպան ստիպված կլինի որոշումներ ընդունել, որոնք թույլ կտան ամրապնդել Թուրքիայի հետ ուժերի հավասարակշռությունը, որ ավելի լավ պաշտպանի իր շահերն ու եվրոպական արժեքները»,- ասել է Ռիսթերը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ միջոցառումներ է անհրաժեշտ ձեռնարկել։

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը ավելի վաղ հայտարարել էր, որ «Թուրքիան չպետք է միջամտի Ֆրանսիայի ներքին գործերին»։

Եվրոպական մյուս երկրների առաջնորդները՝ Նիդերլանդների վարչապետը, գերմանիայի ԱԳ նախարարը, Իտալիայի վարչապետը եւ Հունաստանի նախագահը Ֆրանսիային աջակցություն են հայտնել։

Հոկտեմբերի 2-ին Եվրոպական խորհրդի գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները Թուրքիային նախազգուշացրել էին տնտեսական պատժամիջոցների վտանգի մասին, եթե չկարգավորի Միջերկրական ծովի արեւելյան հատվածում վիճելի ծովային ջրերում Հունաստանի եւ Կիպրոսի հետ պահպանվող լարվածությունը։

ԵՄ առաջնորդները պայմանավորվել էին եւս մեկ անգամ հանդիպել՝ դեկտեմբերին քննարկելու համար Թուրքիայի հարցը, բայց երկուշաբթի ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել էր, թե չի բացառվում ԵՄ նախարարների շտապ հանդիպումն ավելի շուտ։

Եթե ինչ-որ գործողություններ ձեռնարկվեն, դրանք կունենան հասցեական միջոցառումների ձեւ, այլ ոչ թե ԵՄ-ի հետ Մաքսային միությունում Թուրքիայի անդամակցության կասեցում, նշում է Politico-ն։

Չնայած Եվրախորհրդարանի հույն եւ կիպրոսցի պատգամավորները Թուրքիայի հետ Մաքսային միության լիակատար դադարեցման կոչ էին անում, Գերմանիայից Եվրախորհրդարանի անդամ, ԵՄ առեւտրի կոմիտեի նախագահ Բեռնդ Լանգեն նման քայլը բացառել էր։

Սակայն Եվրախորհրդարանի ամենախոշոր խմբակցությունն ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ, եվրախորհրդարանական Մանֆրեդ Վեբերը Euronews-ին ասել էր, որ «գործողություններ են անհրաժեշտ։ Ինչ վերաբերում է վստահությանը, պետք է գործել հիմա։ Խոսելն արդեն բավարար չէ։ Եվ մենք պետք է օգտագործենք մեր տնտեսական հզորությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ