News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 27
USD
508.12
EUR
604.82
RUB
6.72
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Լավ, դուք ո՞վ եք, հրեշներ, դուք գոնե հասկանո՞ւմ եք հրեշներ, որ ձեր նողկալի, զարհուրելի չարությունն ու մաղձը վաղը բումերանգի նման փշրվելու է ձեր ու ձեր երեխաների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Հրեշներ, դուք զզվելի եք

Այսօր կորոնայից մահացել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։ Մահացել է մարդ, ով ուներ ընտանիք, երեխաներ, ծնող, ով հիմա իր որդու մահն է սգում։

Ու թվում էր, թե ամենաքիչը, որ կարող էինք անել մենք՝ նրան ճանաչողներս, սիրող կամ չսիրողներս, հարգող կամ չհարգողներս, նրա քաղաքական հայացքները կիսող կամ չկիսողներս, պիտի ցավակցեինք, կամ՝ գոնե լուռ մնայինք։

Ես հրաժարվում եմ հավատել, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք եղել, ու մենք այն ազգն ենք եղել, որ գիտեր ինչ է կարեկցանքն ու վիշտը, թեկուզ՝ ուրիշի։ Լրագրողը, պատկերացնո՞ւմ եք, տղամարդ լրագրողը, ով մանկահասակ աղջիկ ունի, գրում է՝ «բա ասում էիք անասուններին կորոնան չի՞ կպնում»։

Բժիշկը, բժիշկը, ով Հիպոկրատի երդում է տվել ու ով մարդ փրկելու առաքելություն ունի, գրում է՝ «վերջապես թուրքը սատկեց»։

Լիքը կանայք, մայրեր, որ երեխաներ ունեն, գրում են՝ «վերջապես մի լավ լուր լսեցինք ու տարոսը 5-րդ ալիքի բոլոր հյուրերին»։

Ու էս կարգի նողկալի, անմարդկային դաժան գրառումները հարյուրավոր էին։

Ես երբեւէ պատրանքներ չեմ ունեցել լյումպենի բարոյականության նիշի մասով։ Ես տեսել եմ ու շարունակում եմ տեսնել, թե ինչի է ընդունակ բարոյական որեւէ արգելակ չունեցող ամբոխը, ով կառավարվում է բացառապես իր ներքին ստորագույն բնազդներով ու ամբոխի հավաքական հոգեբանությամբ։

Բայց երբ այդ լյումպենի մեջ ես տեսնում եմ հայոց լեզվի երիտասարդ ուսուցչուհու, ով գրում է՝ «սատկեցիր օձ, երեխիքդ էլ վարակեիր՝ հետդ տանեիր», ես հրաժարվում եմ ընդունել, իմ ամեն մի նյարդը ըմբոստանում է, ես չեմ ուզում հավատալ, որ մենք հասել ենք բարոյական կոլապսի էս արհավիրքին, էս անդունդին։

Ո՞նց կարող է սեփական նորածին երեխայի նկարը դրած ու ժպտացող մայրը գրի՝ «ոնց որ թուրքի ոչնչացրած լինեն, այ էդ զգացողությունն ունեմ»։

Լավ, դուք ո՞վ եք, հրեշներ, դուք գոնե հասկանո՞ւմ եք հրեշներ, որ ձեր նողկալի, զարհուրելի չարությունն ու մաղձը վաղը բումերանգի նման փշրվելու է ձեր ու ձեր երեխաների վրա։ Լավ, ձեր կյանքի վրա թքած ունեք, դուք արդեն ԴՆՈ եք, ԴՆՈ, գոնե ձեր երեխաների մասին մտածեք, որ ստիպված են լինելու ձեր չարության ու մաղձի համար պատասխան տալ։

Էս ի՞նչ արհավիրք էր։ Լավ, էս ի՞նչ եղավ էս բարի, կարեկցող ու սրտացավ ժողովրդին։ էսքան հրեշ, էսքան բորենի որտեղի՞ց էս լավ ժողովրդի մեջ։

Հրեշներ, դուք զզվելի եք»,- գրել է նա։

 

Տպել