News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Օրվա ընթացքում տեղային նշանակության մարտեր են ընթացել ճակատի որոշ ուղղություններում: Շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացումը:

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով գրեթե ամբողջ օրը հրետակոծվել է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։

Բացի այդ, «Սմերչ» կայանքից հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին։

Ադրբեջանական հրետանին Ստեփանակերտի և Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ հարվածել է ավելի քան 15 անգամ՝ դիտավորյալ թիրախավորելով մոր և մանկան առողջության կենտրոնը և բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ: Ստեփանակերտում արձանագրվել են մեծածավալ ավերածություններ, ներառյալ՝ ծննդատունը: Ըստ Wargonzo-ի՝ դա արել են թուրքական F-16-ները՝ Էրդողանի ուղիղ հրամանով։

Բանակավայրերի վերջին թիրախավորման առնչությամբ ՀՀ ԱԳՆ–ը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Այս պատերազմական հանցագործությունը, որը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի կոպիտ խախտում է, հստակորեն ցույց է տալիս, որ Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ: Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ։

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Արցախի հակաօդային ուժերը խոցում հակառակորդի անօդաչու թռչող սարքերը։ Դրանցից մեկն էլ հակաօդայինները վայր էին գցել վաղ առավոտյան։

Վերջին տվյալների համաձայն՝ հակառակորդը կորցրել է 223 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 618 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ, ունի 6749 սպանված։

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 59 զինծառայողների անունները: Հայկական կողմի կորուստները հասել են 1079-ի։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: «Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք», նշել է Արցախի նախագահը եւ ավելացրել, որ  Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի, նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին:

Գեներալ Վիտալի Բալասանյանը մարտակոչ է ուղղել աշխարհի հայերին։ «Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։ Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»,- նշել է Արցախի հերոսը:

Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցում խոր մտահոգություն է հայտնել Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ դրանցում ահաբեկիչների լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ։  Պուտինն Էրդողանին տեղեկացրել է ճգնաժամը լիցքաթափելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում եւս համակարգել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ երկու երկրների հատուկ ծառայությունների գործողությունները»,- նշված է հաղորդագրությունում:

Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբաս Արաքչին Բաքու հասնելուն պես հայտարարել է Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու Թեհրանի նախաձեռնության մասին: Նա Բաքվում քննարկելու է հակամարտության կարգավորման` Իրանի ծրագիրը, որի կետերից մեկը ռազմական գործողությունները դադարեցնելն է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղությունը վերականգնելը: Բացի Բաքվից, Արաքչին կայցելի Մոսկվա, Երեւան եւ Անկարա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է «առանց որեւէ պայմանի» Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին, սակայն իր խոսքով, կասկածում է, որ Երեւանն ունակ է հակամարտության կարգավորման հարցով կառուցողական աշխատանքի: «Մոսկվայում բանակցությունների համար հրավեր չեմ ստացել: Բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, սակայն այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ Փաշինյանը, նման հանդիպումներ չեն եղել»,- ասել է Ալիեւը «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում:

Ֆրանսիայում հայերի կազմակերպած ակցիայի ժամանակ թուրքերը սադրանքի են դիմել: Ֆրանսահայերը երկու կողմից փակել էին դեպի Վալանս տանող A7 մայրուղին: Հայերին են մոտեցել թուրքեր և մուրճով հարվածել 2 հայ ցուցարարի։ Նրանք նաեւ դանակներով են զինված եղել,  հայերն էլ զինաթափել են նրանց եւ ծեծի ենթարկել։

Վիրավորված հայ տղայի վիճակը ծանր է, հայտնել է ցուցարարներից մեկը։ Կազմակերպիչը պատմել է, որ տուժել է 10 հայ, այդ թվում՝ մեկ երեխա։ Նրանցից մի քանիսը վնասել են ձեռքերը թուրքերի դանակները խլելու պահին։

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Թուրքիան ուղղակիորեն հարձակվում է Հայաստանի վրա: Ֆրանսիան, Հունաստանը, Պորտուգալիան, Կիպրոսը, Ավստրիան եւ Նիդերլանդները ապշած են, որ Գերմանիան շարունակում է պաշտպանել Թուրքիային, մատակարարել զենք եւ ԵՄ-ի փողերը»:

ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը Թրամփի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հրադադարի հասնելու Պետքարտուղարության փորձերը ձախողվում են, իսկ մարդու իրավունքների կոպիտ խախտումները՝ շարունակվում: Գործընկերներս ու  ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,- գրել է նա։

Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը:

Բանաձեւի հեղինակը Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանն է: Փաստաթղթով Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում հետեւել իրենց օրինակին:

Մահացել է քաղաքական եւ հասարակական գործիչ, ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը:  Նա բուժվում էր կորոնավիրուսից «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում։ Հիվանդությունը զարգացել է շատ արագ եւ հանգեցրել մահվան։

Կորոնավիրուսից մահացել է նաեւ ճանաչված փաստաբան, նախկին պատգամավոր Վարդան Զուռնաչյանը:  Զուռնաչյանը ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր էր, «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ:

Անցած մեկ օրում COVID-19-ով վարակվածներից մահացել է 26 մարդ, վարակվել 2241-ը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 82651-ի, ապաքինվել է 52508 մարդ։ Վիրուսի հետեւանքով մահացել է 21 քաղաքացի, եւս 5 մարդ մահացել է այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 1595 է։

Հանուն հայրենիքի նահատակված սիսիանցի Վահե Քարամյանի կինը` Շուշանը,  երրորդ երեխային ծննդաբերելուց եւ ամուսնու հուղարկավորությանը մեկնելիս վթարի է ենթարկվել եւ մահացել։ Վահեն Սիսիանից էր, զոհվել է հոկտեմբերի 19-ին, իսկ Շուշանը երեխան ունեցել է հոկտեմբերի 15-ին։ Նորածինը Երեւանում է, հիվանդանոցում։ Շուշանն ու Վահեն հուղարկավորվել են նույն օրը՝ կողք կողքի։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի համար հանգանակություններ են ստացվել աշխարհի 73 պետություններից: Հավաքվել է 150 միլիոն դոլարից ավելի գումար. փոխանցումներով առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդը Հայաստանը, երրորդը՝ Ռուսաստանը: Վերջին խոշոր նվիրատվություններից մեկն արել է ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը, նա փոխանցել է 3,5 միլիոն դոլար։ 

Սոցհարթակների շատ օգտատերեր խորհրդանշական են համարում ռուսական գեժղասահքի ծագող հայ աստղի հաղթանակը «Արցախ» կոմպոզիցիայի հնչյունների ներքո։ Գեղասահքի Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում նա հաղթել է 13-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը: Ադելիան ելույթ է ունեցել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.47 դրամով եւ կազմել  492.71 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.56 դրամով ու կազմել 578.69 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.32 դրամով ու կազմել  638.90  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.13 դրամով ու կազմել 6.31 դրամ:

Հոկտեմբերի 29-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +22+24:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ