News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը  համազարկային կրակի  «Սմերչ» համալիրներից շարունակել է  հրթիռակոծել Ստեփանակերտ,  Շուշի եւ Մարտակերտ քաղաքները, քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ: Շուշիում կյանքը նկուղներ է տեղափոխվել, օդային տագնապի ազդանշանը երկրորդ օրն է՝ գրեթե չի լռում։ Հակառակորդը ռազմական ավիացիա է կիրառել Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում։

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Արցախի զինված ուժերը թիրախավորում են բացառապես ռազմական օբյեկտներ. Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը: Դրանց մի մասը գտնվում է Գյանջայում, մյուսները Բարդայում։

Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Իրանի սահմանին գտնվող Ռուսաստանի սահմանային պահակակետը:  Wargonzo Telegram ալիքը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: «Սահմանային պահակակետի տարածքում չորս ական է պայթել: Զոհերի մասին դեռ տվյալներ չկան»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 51 զինծառայողների անուններ: Հայկական կողմի կորուստներն անցել են 1100-ից։

Ռուսաստանի բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, Կարմիր խաչի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները: Կարմիր խաչի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտել ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները:

Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա, հայտարարել է Արցախի պաշտպանության բանակը: «Ադրբեջանը պարբերաբար խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի  միջնորդությամբ դիակների ու ռազմագերիների փոխանակման համար հումանիտար հրադադար հաստատելու պայմանավորվածություններն այն դեպքում, երբ հակառակորդի ոչնչացված հազարավոր դիակներ փտում են առաջնագծի տարբեր հատվածներում: Նման պահվածքով Բաքուն ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն մարդասիրության, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Բանակ ինֆոն» հերթական տեսանյութն է տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես են հայ հրետանավորները դիպուկ կրակով խոցում ադրբեջանական կողմի «Սմերչ» հրանետային կայանքը:

«Բանակ ինֆոյի» մեկ այլ տեսանյութում ներկայացված են ադրբեջանական խոցված տանկերը և զրահատեխնիկան հյուսիս-հյուսիսարևելյան ուղղությամբ:

Նախօրեին խոցվել է հակառակորդի ևս 3 ԱԹՍ, 14 միավոր զրահատեխնիկա, ոչնչացվել է 105 զինվոր-սպա-ահաբեկիչ:

ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց չի պայթել։ Տավուշի թեմը հրապարակել է ավտոմեքենայի լուսանկարը եւ նշել. «Տերը թող հաստատուն ու անսասան պահի Հայոց Բանակի յուրաքանչյուր ծառայողի»։

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը խոստացել է վերակառուցել Ստեփանակերտում հիվանդանոցի ծննդատան մասնաշենքը։ Բարերարը  «ՌԻԱ Նովոստիին» ասել է. «Հավաստիացնում եմ Արցախի բնակիչներին, որ մենք Ստեփանակերտում անպայման կկառուցենք նոր ժամանակակից ծննդատուն։ Այստեղ կրկին նոր կյանքեր կծնվեն»։

Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որը պետք է կայանար այսօր Ժնևում, հետաձգվել է։ Հավանական է, որ նախարարները հանդիպեն վաղը։

Ռուսաստանն արտաքին խաղացողներին կոչ է անում չխթանել ռազմական սցենարը Ղարաբաղում: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է պատասխանել ռազմական նշանակության արտադրանքի վրա Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հավանականության մասին հարցին։ «Մենք գործադրում ենք բոլոր ջանքերն`  իրավիճակը քաղաքական-դիվանագիտական խաղաղ դաշտ բերելու համար»,- ասել է Զախարովան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը և նշել, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի ռազմական գործողությունների նպատակը հայերի էթնիկ զտումն է։ «Թուրքիայից ղեկավարվող ադրբեջանական ուժերն ահաբեկիչների հետ շարունակում են ակտիվ ռազմական գործողություններն առաջնագծի՝ այդ թվում և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ»,- գրել է վարչապետը և կից RecognizeArtsakh՝ ճանաչի՛ր Արցախը, հեշթեգն օգտագործել։

Իտալիայի Պալերմո քաղաքի խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Իտալիայում Հայաստանի դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Պալերմո քաղաքին արժեքների կողքին լինելու համար: Վերջին օրերին Արցախը ճանաչել են Իտալիայի ու Ֆրանսիայի եւս մի քանի քաղաքներ։

Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը հարձակման են ենթարկվել: Երկու հայ դանակահարվել է: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնել են, որ ոստիկանությունը քննություն է սկսել: Նշվել է որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմը սահմանից տեղափոխում են երրորդ երկրների տարածք և  սադրիչ քայլերի դիմում:

Ֆրանսիայի Լիոն քաղաքում հարյուրավոր թուրքեր գիշերը պարետային ժամի պայմաններում փողոց են դուրս եկել՝ որոնելով հայերի բիզնես տարածքներ, դրանք ավերելու նպատակով: Հիշեցնենք, որ երեկ հայ ցուցարարները փակել էին դեպի Վալանս եւ Վիեն տանող մայրուղին՝  բողոքելով ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ: Մի խումբ թուրքեր մուրճերով ու դանակներով հարձակվել էին հայ ցուցարարների վրա: 10-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում երեխա: Մուրճի հարված ստացած Գեւորգ անունով երիտասարդի կյանքին վտանգ չի սպառում, նա վիրահատվելու է։ 

Թուրքերը Ֆրանսիայի Վիեն քաղաքում եւս սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին, սադրիչ գործողություններ կատարել, հարձակվել ոստիկանների վրա, որոնք կարգի են հրավիրել սադրիչներին: Ակնհայտ է, որ թուրքերի ակտիվությունը կառավարվում է մեկ կենտրոնից, փորձագետների համոզմամբ՝ Թուրքիայից։

Չնայած ձեռք առնված միջոցներին, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում շարունակում են իսլամիստ ծայրահեղականների հարձակումները։ Նիսում դանակով զինված տղամարդը կին է գլխատել: «Հարձակվողն օգտագործել է այն նույն մեթոդը, ինչ եւ ահաբեկիչը Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում»,- ասել է Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին:

Հարձակման պահին տղամարդը բղավել է «Ալլահ աքբար»: Զոհերից մեկը քահանա էր: Դեպքը տեղի է ունեցել եկեղեցու մոտ։

Ավինյոնում տղամարդը փորձել է դանակահարել ոստիկաններին, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Նախնական տեղեկություններով՝ նրան գնդակահարել են։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է Նիսում տեղի ունեցած հարձակումից հետո ներքին գործերի նախարարությանն առընթեր ստեղծված ճգնաժամային կենտրոն: Ճգնաժամային կենտրոն կմեկնի նաեւ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը:

Հայաստանում անցած մեկ օրում մահացել է 31 կորոնավարակակիր։ Գրանցվել է վարակվելու 2383 նոր դեպք, ընդհանուր թիվն անցել է 85 հազարից: COVID-19-ից մահացել է 29 քաղաքացի, եւս 2 վարակակիր մահացել է այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 1626 է։

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանները դարձյալ դիմել են իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությամբ եւ այս անգամ չեն մերժվել։ Նրանք հայտարարել են, որ այս անգամ արդարությունը վեր է գտնվել ամեն ինչից։

40-ը բոլորած հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-յան էջի Stories բաժնում ցույց է տվել ծաղկեփնջերի եւ նվերների մի մասը, որոնք ստացել է ընկերներից։  Հեռուստաաստղին վերնազգեստ են նվիրել․ որի վրա գրված է. «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է»։ «Եվ դա ճիշտ է»,- գրության արձագանքել է Քիմը։ Հիշեցնենք, որ նա 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.44 դրամով եւ հասել 493.15 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով ու կազմել 578.32 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.69 դրամով ու հասել 641.59  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով ու կազմել 6.21 դրամ:

Հայաստանում հոկտեմբերի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9 +11, վաղը ցերեկը` +23 +25:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ