News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արցախի հյուսիսում թշնամին այսօր հարձակում է սկսել առավոյան 4-ին, դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել։ Օրվա ընթացքում ինտենսիվ մարտեր էին ընթանում հարավային ճակատում՝ մի քանի բարձունքների ուղղությամբ։ Կիրառվում էին հրետանի, հետեւակ, զրահատեխնիկա։ Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թեւում։ Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։

Շուշիի շրջանի Քարինտակ գյուղից արեւելք ընկած մեկ երկու գյուղերից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։

Հայկական հետախուզական ստորաբաժանումները հայտնաբերել են զինամթերքի մեծ պահեստանոց, որ փորձել էին կառուցել դիվերսանտները։ Հայկական հրետանին այն գիշերը հրդեհել է։

Շուշիին հասնել ձգտող դիվերսանտների խմբերից շատերը ջախջախված են, հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Երեկոյան ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը, հարվածը, սակայն, եղել է հարակից ձորակի ուղղությամբ: Այդ ուղղությամբ շարունակվում են ռազմական գործողությունները, ինչպես նաև աշխատում է հայկական կողմի ՀՕՊ-ը։

Հայկական ստորաբաժանումները գերեվարել են ադրբեջանական զինված ուժերի կողմից կռվող ահաբեկչի: Նա Սիրիայի Համմա քաղաքից է։ Խոստովանել է, որ Թուրքիայից հավաքագրվել եւ 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանա-արցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել են 2000 դոլար վարձավճար, սակայն չեն տվել: Վիրավորվելուց հետո զինակիցներն իրեն լքել են: Պատմել է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով առաջ են շարժվում ադրբեջանցիները: Ճամբարային հավաքներին իրենց հետ աշխատել են թուրք հրահանգիչները:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ավելի ուշ տեղի է ունեցել նաև Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հիշեցնենք, որ այս հանդիպումները պետք է կանայային երեկ, սակայն հանդիպումը հետաձգվել էր։

ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանի՝ հոկտեմբերի 20-ին Երևանում կայացած հանդիպումներից տասն օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է այդ և դրան հաջորդած աղմկահարույց հանդիպումների վերաբերյալ՝ օրեր շարունակ մամուլում շրջանառվող տեղեկություններին։

Նրա խոսքով՝ ԼՂ երկու նախկին նախագահները վարչապետի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:

«ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի եւ ԼՂՀ նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը»,– նշել է Մանե Գևորգյանը և ավելացրել՝ մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռեւս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը եւ կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար եւ երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»:

Խոսնակի այս հայտարարությանն առաջինը արձագանքեց առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակը։ Ilur.am կայքի հետ զրույցում Արման Մուսինյանն ասել է. «Հիմա մեր երկիրը գտնվում է պատերազմական բարդ իրադրության մեջ, և ավելորդ տարըմբռնումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով, այս հարցին մենք հանգամանալից պարզաբանում կտանք միայն ճգնաժամի ավարտից հետո»։

Քիչ անց նաև հայտարարություն տարածեց երկրորդ նախագահի գրասենյակը։

«Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել է ԼՂՀ 2-րդ և 3-րդ Նախագահների կողմից։ Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։

Վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրեց Նախագահ Քոչարյանին մեկնել երկրից /մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ/ և նրան վերադարձվեց անձնագիրը։

Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա և հանձնեց COVID թեստ, ինչը պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար։

Թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ։

Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել։

Այժմ Նախագահ Քոչարյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը»,– ասվում է հաղորդագրությունում։

Նախօրեին Զոհրաբ Մնացականյանը Երևանում Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի հետ բանակցել է ղարաբաղյան էսկալացիայի կարգավորման՝ Իրանի առաջարկի շուրջ։ Մնացականյանն ասել է, որ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն: Ավելի ուշ Արաղչին հանդիպել է նաև վարչապետ Փաշինյանի հետ։

Ղարաբաղում ճգնաժամը կարող է կարգավորվել տարածաշրջանային մակարդակով՝ եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Թուրքիայի մասնակցությամբ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Աբբաս Արաղչին: «Իրանի ծրագրի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ այն ունի տարածաշրջանային մոտեցում, եւ մենք կարող են պայքարել այդ ճգնաժամի դեմ՝ տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների մասնակցությամբ: Ռուսաստանը նման երկրներից կարեւորագույնների թվում է, ինչպես եւ Թուրքիան»,-ասել է Արաղչին: Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի մասնակցության մասին դրական էր արտահայտվել Ռուսաստանի նախագահը։

Լեռնային Ղարբաղում ռուս խաղաղապահների տեղակայմանը, ըստ էության, համաձայնություն չի տալիս Ադրբեջանը։ The Daily Telegraph–ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես հանդես եմ գալիս հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայման օգտին։ Բայց խնդիրն այն է, որ դրան պետք է հավանություն տան հակամարտության բոլոր կողմերը։ Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող էր դառնալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության «օպտիմալ լուծում», հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Կրեմլում նույնպես համարում են, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ կարող են տեղակայվել բացառապես երկու կողմերի համաձայնությամբ։ Այս մասին,արձագանքելով Փաշինյանի դիրքորոշմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի շուրջ իրավիճակը, ինչպես նաև Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչությունը:

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում անհապաղ եւ անվերապահ կերպով դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում` հետագա անդառնալի մարդասիրական աղետից խուսափելու համար:

Համատեղ հայտարարությունը ստորագրել են Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեւիդ Մաքալիսթերը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովը եւ Եվրախորհրդարանի` Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն:

Գիշերը գերության մեջ մահացել է 84-ամյա Միշա Մելքումյանը։ Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը նշել է, որ հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը կեղծիք էր տարածել, թե իբր հայկական կողմը չի ցանկացել ընդունել իր քաղաքացուն, մինչդեռ ծերունու առողջական վիճակը բացառել է տեղափոխումը։

Ֆրանսիական Դիժոն քաղաքում հայերի նկատմամբ բռնության սպառնալիքներով թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման անդամներ են փողոց դուրս եկել։ Այս ամսին հայտարարությւոն է արել Հայ Դատի կենտրոնական խորհուրը։ «Վիենից և Դեսինից հետո Էրդողանի «Գորշ գայլերը», ինչպես միշտ՝ բռնության ու ատելությա կոչերով, փողոց են դուրս եկել՝ ծածանելով Թուրքիայի դրոշը, Օսմանյան կայսրության մարտական դրոշներն ու «Գորշ գայլերի» տարբերանշաններ: «Ակնկալում ենք ՆԳ նախարարի կոշտ պատասխանը»,- նշված է հաղորդագրությունում:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնովիրուսով վարակվելու 2398 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87432 դեպքի: Մահացել է 32 քաղաքացի, նրանցից 4-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 1658 է։

Էգեյան ծովում տեղի ունեղած երկրաշարժի հետեւանքով Արեւմտյան Թուրքիայի Իզմիր նահանգում շենքեր են փլուզվել: Ավերվել է Բայրաքլի թաղամասի տասը շենք, ավերածություններ կան նաեւ Բորնովա թաղամասում: Կան զոհեր և վիրավորներ։ Հզոր երկրաշարժից հետո Իզմիրում ջրհեղեղ է սկսվել։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.45 դրամով ու հասել 493.60 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.24 դրամով ու կազմել 576.08 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.13 դրամով ու կազմել 639.46 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու հասել 6.24 դրամի:

Հոկտեմբերի 31-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 10-12, վաղը ցերեկը 23-25 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ