News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.4
EUR
606.82
RUB
6.65
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ, թե ինչ է ասել Պուտինը, թող զանգի նրան, ով գրեթե ամեն օր խոսում է Պուտինի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փաշինյանի նամակը Պուտինին գրված է ժամանակակից ռուսերենով։ Դրա մասին տեղեկատվությունը հրապարակել է ՀՀ ԱԳՆ-ն ժամանակակից հայերենով։ ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի հրապարակման, արձագանքել է ժամանակակից ռուսերենով։

Ինչպես տեսնում եք՝ խնդրո առարկա տեքստերը խեթերեն կամ սկյութերեն չեն։ Այնպես որ՝ հայ հանրությունը դրանք հասկանալու համար մեռած լեզուների մասնագետի կարիքը չունի:

Իսկ ՀՀ առաջին նախագահը լավ կլինի հրապարակի ԼՂ հարցի կարգավորման իր պատկերացումը, ստեղծված վիճակից ելքի իր առաջարկը։ Խորհրդավոր ակնարկներ անելու կարիք չկա։ Վարչապետի խոսնակը երեկ հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել առաջարկները։ Առայժմ ստացվել է մեկ առաջարկ՝ մեկնել Մոսկվա։ Վարչապետը հավանության է արժանացրել առաջարկը, որը մինչեւ օրս ի կատար չի ածվել։

Հույս ունենք ոչ այն պատճառով, որ առաջարկն արվել էր մերժվելու կանխավարկածով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և  1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

Դրանից հետո եղել էր ՌԴ ԱԳՆ արձագանքը, ըստ որի, ՌԴ-ն Երեւանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք:

Այնուհետեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր կարճ մեկնաբանությամբ հանդես եկել, որտեղ նշել էր. «Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։

Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։

Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։

Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ «Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել