News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 2–ի երեկոյան Արցախում մարտական գործողությունները շարունակվում էին Մարտունի եւ Մարտունիից հարավ, Հադրութից հյուսիս ուղղություններում։  Առանձին օջախային մարտեր են ընթանում նաեւ անտառային զանգվածի գյուղերում, որոշակի օջախային մարտեր են նաև Արաքսից հյուսիս ընկնող հարթավայրային հատվածում, այդ ուղղությամբ՝ մինչեւ Բերձոր։

Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում  են  համայնքների անտառային ծածկույթները: Այրվել է ավելի քան 150 հա անտառային ծածկույթ։

Նախօրեից սկսած թշնամի հրետակոծել և հրթիռակոծել է Մարտակերտը, Մարտունին՝ կիրառելով նաև ռազմական ավիացիա։

Նոյեմբերի 1-ին՝ժամը 20:30-ից 23:40-նն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել ադրբեջանաարցախյան ճակատային գծի հյուսիս-արեւմտյան հատվածում:

Նախօրեին թշնամին ակտիվացել է նաև հյուսիս–արևմտյան ուղղությունում։ Մասնավորապես ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի, ապա դասակի կազմով հարձակումներ է նախաձեռնել, երկուսն էլ հայկական ստորաբաժանումների կողմից կասեցվել են: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի:

Արցախի ՊԲ-ը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 11 զինծառայողի անուն։ Այսպիսով հայկական կողմի զոհերի թիվը հասավ 1188-ի։

Զոհերի թվում է նաեւ Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, հոկտեմբերի 4-ին Արցախի հերոս կոչմանն արժանացած Սերգեյ Շաքարյանը, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։  

Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, հայտնել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ Հարությունյանն օրեր առաջ մարտական դիրքում վիրավորում էր ստացել, որից հետո ազատվել էր հրամանատարի պաշտոնից։ Նրան փոխարինել է Միքայել Արզումանյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ, պարգևատրել նրանց։

Շահեն Մեղրյանի անվան շահումյանցիների ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ավետարանոց գյուղի շրջակայքում մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով 20-ին։

Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը, պարգեւատրել է Մարտական խաչ առաջին աստիճանի, նրա ջոկատի մի քանի մարտիկի էլ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշաններով։  Ալեքսեյ Բալայանը հինգ հոգանոց խմբով գերեվարել է վարձկան ահաբեկչի։

Ի դեպ, համացանցում տարածվել է ահաբեկիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջիի ձերբակալման տեսանյութը։

Հրապարակվել են ոչնչացված ադրբեջանցի զինծառայողների մարմինները Նախիջեւան տեղափոխելու կադրերը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանն այս առնչությամբ գրել է. «Միայն այսօր Նախիջևան առաքված բաշիբոզուկների 30 դիակները ցուցիչ են այն բանի, որ արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածում արդեն կա զինվորական ռեսուրսի պակաս, և Բաքվի բռնապետը ստիպված է եղել արտատարածքի մարդուժը  տեղափոխել պատերազմական գոտի, որտեղ էլ նրանց ոչնչացրել է մեր փառապանծ բանակը»։

Արցախցի կանայք այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց: Նրանք ասել են, որ 10 օրից ավելի է իրենց առձեռն փոխանցած, նաեւ էլեկտրոնային հասցեով ուղարկված նամակներին դեսպանատնից չեն արձագանքել։ Ցուցարարները թղթից պատրաստած ինքնաթիռներ են նետել  շենքի ուղղությամբ. «Կարմիրը նշանակում է մեր արյունը, որի մեջ թաթախված եք դուք ձեր լռությամբ», ասել են նրանք։

Ակցիայի մասնակիցներից մի քանիսին ներս են թողել դեսպանություն եւ հայտնել, որ  դեսպան Լին Թրեյսին տեղում չէ:

Սփյուռքի հայությունը եւս շարունակում է զանգվածային ցույցերը։ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց են անցկացրել հայ համայնքի ներկայացուցիչները: Բազմաթիվ հայեր՝ Հայաստանի դրոշներով, պաստառներով երթով  մոտեցել են Ադրբեջանի հյուպատոսարանին եւ վանկարկել՝ “Artsakh is Armenia”,  «Հաղթելու ենք»:

Անցած մեկ օրում Հայաստանում մահացել է 31 կորոնավարակակիր, նրանցից 3-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 1767-ի։ Նոյեմբերի 1-ի առավոտվա դրությամբ՝ գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 1194 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 93448 դեպքի: Հիշեցնենք, որ Չինաստանում, որտեղից տարածվել էր COVID-19-ը, գրանցվել է 85 հազար վարակակիր։ 61 տարեկանում կորոնավիրուսից մահացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը։

Մեկ միլիոն մարդուն բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով Հայաստանը հայտնվել է աշխարհում 10-րդ տեղում։ Նոյեմբերի 1-ի տվյալով՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակով 679 մարդ սպասում է հոսպիտալացվելու հերթում, նրանց համար հիվանդանոցներում առայժմ տեղ չկա։

2021 թվականին Հայաստանի պետական պարտքը կաճի, Ազգային ժողովում պրոֆիլային հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով, 2020-ն արդեն գնահատվում է ճգնաժամային,  2021 թվականը նույնպես բացառիկ է համարվելու։ 2020-ին տնտեսական աճի բացասական կանխատեսումը կկազմի 6 տոկոս: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն համավարակի պատճառով նվազել է 5,7 տոկոսով։ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունն այս տարի կհասնի 65 տոկոսի, իսկ 2021-ին կնվազի մինչեւ 63,2 տոկոս։

Այս քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտնել է, որ 2021 թվականի պետական  բյուջեով պարգեւատրումների համար նախատեսված է 18 միլիարդ  825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը ավելի քան 21 տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը: Կառավարությունը պատճառաբանում է, որ նախագիծը մշակվել է մինչեւ ռազմական դրություն հայտարարելը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ողջունում է բազմակարծությունը, բայց ցուցարարները չպետք է ներողամտություն ակնկալեն, քանի որ խախտել են օրենքը՝ հարձակվելով ոստիկանների վրա։ Հիշեցնենք, որ նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Սվետլանա Տիխանովսկայան վերջնագիր էր ներկայացրել Լուկաշենկոյին, առաջարկելով պաշտոնաթող լինել, ապա  համազգային գործադուլի կոչ էր արել։ Բելառուսում երեք ամիս շարունակ բողոքի ցույցերը չեն դադարում:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.16 դրամով ու հասել 493.76 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.29 դրամով ու կազմել  574.79 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.97 դրամով ու կազմել  637.49  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով ու կազմել 6.15 դրամ:

Նոյեմբերի 3-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Երեւանում եւս անձրեւ կտեղա։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 10-12, վաղը ցերեկը 18-20 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ