News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արցախյան ճակատում պատերազմի 39-րդ օրը լարվածությունը կրկին տեղափոխվել է հարավային ուղղություն։ Ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ: Ադրբեջանի զինուժը հարձկումը նախաձեռնել էր Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում: Ժամը 13-ին մոտ թշնամին նույն ուղղությամբ նոր հարձակում է սկսել և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել:

Երեկոյան արդեն Շուշ–Բերձոր ճանապարհահատվածում հայկական ստորաբաժանումները դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման գործողություններ էին իրականացնում։ Այս ճանապարհի որոշ հատվածներ քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակվեցին։

Այս տեղեկության հրապարակումից մի քնաի ժամ անց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքայն էջում գրեց. «Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացման ռազմագործողությունը անվանում ենք #գյոռբագյոռ2020»։

Ավելի ուշ հրապարակվեցին Շուշիում դիվերսանտների ոչնացման կադրերը։

Շուշիի ուղղությամբ առաջխաղացման փորձը սկսվել էր դեռ կեսգիշերից։ Դիվերսիոն խումբը փորձել էր առաջ շարժվել Շուշիի ուղղությամբ, սակայն հանդիպելով կազմակերպված դիմադրության և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: Դրանից հետո է սկսվել դիվերսանտների խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունը:

Երեկոյան կրկին հրթիռակոծման տակ է հայտնվել Շուշին, հրետակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը։

Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։

Գիշերը հարաբերական կայուն լարվածություն է պահպանվել ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Արցախում քաղաքացիական զոհերի թիվը 50 է, վիրավորներինը՝ 148: Հակառակորդի գործողություններից վնասվել է 19 հազար հասարակական նշանակության օբյեկտ՝ այդ թվում՝ շենք-շինություններ եւ գույք։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն իրենից կախված ամեն ինչ անում է եւ կանի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար։ Պուտինը նաև  վստահություն է հայտնել, որ հակամարտության կողմերի հետապնդած նպատակներին կարելի է հասնել նաեւ խաղաղ ճանապարհով։

Լոմբարդիան Իտալիայի առաջին տարածաշրջանն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Լուրը տարածել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

Բաքվի գեներալները թուրք սպաների ցանկությամբ բանակի ղեկավարումից փաստացի հեռացվելուց հետո պատրաստվում են բանակում ապստամբություն բարձրացնել: Ադրբեջանցի սպաները, որոնք շիաներ են, վրդովված են այն փաստից, որ իրենց զորքերը ռազմաճակատում փաստացի ղեկավարում են թուրքերը եւ սուննի ահաբեկչական խմբավորումների դաշտային հրամանատարները:  Wargonzo տելեգրամ ալիքը` վկայակոչելով Ստամբուլում իր աղբյուրները, հայտնում է, որ Ալիեւը եւս կորցնում է վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի նկատմամբ,  նրա շրջապատում ներկլանային կոնֆլիկտ է բռնկվել: Ալիեւի կնոջ՝ Փաշաեւների  կլանը նրանից պահանջում է  անհապաղ անցնել Անկարայի հսկողության տակ, իսկ Ալիեւը փորձում է ավելի խորամանկ խաղ խաղալ` Մոսկվայի հետ երկխոսություն ձեւացնելով խուսափել Ռուսաստանի հետ կապերի սկանդալային խզումից, գրում  է Wargonzo-ն:

Քննչական կոմիտեն  մեղադրանք է առաջադրել Սիրիայի քաղաքացի Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ իրեն հավաքագրել են թուրքական հատուկ ծառայությունները, բերել Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար։ Պատմել է, որ վիրավորվելուց հետո զինակիցներից լքված վարձկանը 5 օր անտառում է մնացել, հայկական գերության մեջ հայտնվելուց հետո իրեն հաց ու ջուր են տվել, վիրակապել վերքերը։

Հակառակորդը մտադիր է որքան հնարավոր է մեծ վնաս հասցնել առաջին հերթին խաղաղ բնակավայրերին, հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Ըստ նրա՝  ավելացել է վայրագություն եւ խոշտանգումներ պարունակող տեսանյութերի թիվը, որոնք հակառակորդն ուղարկում է հայ օգտատերերին: Այդ գործողությունները կազմակերպված բնույթ են կրում: 

Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ստուգելու ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականությունը։

Հիշեցնենք, որ այս հարցով բարձր ատյան դիմելու Ժուռնալիստների միության նախագահի առաջարկից հրաժարվել են խորհրդարանական ընդդիմադիր ԼՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունները։

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է երկրի տարածքում «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական կազմակերպության պաշտոնական արգելքի մասին, որն «ատելություն է հրահրում» եւ «առնչություն ունի բռնությունների հետ»: «Գորշ գայլեր» շարժումը լուծարվել է նախագահ Մակրոնի հանձնարարականով: Հիշեցնենք, որ այս շարժման ներկայացուցիչները վերջին օրերին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անկարգություններ էին հրահրում եւ հայեր որոնում հաշվեհարդար տեսնելու նպատակով։

Միացյալ նահանգներում նախագահ են ընտրում։ Երկու հիմնական թեկնածուների շանսերը գրեթե հավասար են։ Երեւանի ժամանակով 19-ի դրությամբ՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ուներ 213 ընտրիչի, նրա մրցակից դեմոկրատ Ջո Բայդենը՝ 238 ընտրիչի ձայն։ Մի քանինահանգներում ձայների հաշվարկը շարունակվում է։ Հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ 270 ընտրիչի ձայն։ Նախագահի թեկնածուների կողմնակիցներն արդեն ցույցեր են անում, պնդելով, թե չեն ընդունելու հակառակորդի հաղթանակը։

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 2374 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 97150-ի: Մահացել է 29 COVID-19-ով վարակված 41 մարդ, նրանցից 6-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահացածների ընդհանուր թիվը 1837 է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով ու կազմել  493.50 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.23 դրամով ու կազմել 576.11 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.19 դրամով ու կազմել 640.12  դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով ու հասել 6.23 դրամի:

Նոյեմբերի 5-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են անձրեւներ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ անձրեւ կտեղա։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 9-11, վաղը ցերեկը 17-19 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ