News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում վստահ են, որ Փարիզին ուղղված Թուրքիայի նախագահի կշտամբանքները հանգեցրեցին Եվրոպայում՝ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Ավստրիայում, ահաբեկչությունների եւ անկարգությունների, գրում է «Կոմերսանտ»-ը:

Որպես Անկարայի դեմ միջոց Ֆրանսիայի նախարարների խորհուրդը չորեքշաբթի որոշում կայացրեց երկրի տարածքում «ռազմականացված եւ ուլտրաազգայնական «Գորշ գայլեր» շարժման» արգելման մասին: Փաստաթղթում նշվում է, որ Ֆրանսիայի տարածքում հայտնաբերվել են «Գորշ գայլերի» մարզման ճամբարներ: Բացի այդ, նշվում է, որ շարժումը սոցցանցերում «ագրեսիվ եւ խտրական քաղաքականություն» է տարածում եւ բռնի գործողություններ ֆրանսիական քաղաքներում, այդ թվում սադրանքներ հայկական եւ քրդական սփյուռքերի նկատմամբ: Հոկտեմբերի վերջին Դիժոնում ցուցարարները բղավել են «Ալլահ աքբար» եւ հակահայկական կարգախոսներ, ինչպես նաեւ հարձակումներ գործել իրավապահների նկատմամբ: Լիոնում հայկական հուշարձանի վրա հայտնվել են «Գորշ գայլերի» գրաֆիտիներ եւ RTE հապավում (Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունով):

«Հայտնի է, որ «Գորշ գայլեր» անվանմամբ շարժումը, որն արգելված է Ֆրանսիայի կառավարության կողմից, գոյություն չունի: Դա հակասական հոգեբանության վերջին դրսեւորումն է, ըստ որի՝ այդ երկիրը դիտարկում է առանձին անձանց գործողությունները այդ իբր գոյություն ունեցող կազմակերպության շրջանակում»,-այսպես է Փարիզի որոշմանն արձագանքել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Ակնհայտը հերքելը սովորական պրակտիկա է Թուրքիայում: Երբ 2015 թվականին Սիրիայում խոցվեց մեր ինքնաթիռը, եւ Օլեգ Պեշկովի սպանության համար պատասխանատվություն ստանձնեցին «Գորշ գայլերը», Անկարայում հայտարարեցին, որ ոչ մի «գայլ» գոյություն չունի»,-«Կոմերսանտ»-ին հայտնել է ՌԴ գիտությունների ակադեմիայի միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Արեւմտյան եւ արաբական ԶԼՄ-ները բազմիցս հիշատակում են Եվրոպայում թուրքական հատուկ ծառայությունների կողմից «Գորշ գայլերի» բջիջների օգտագործման մասին:

«Գորշ գայլեր» ուլտարաաջ երիտասարդական կազմակերպությունը ստեղծվել է 1960-1970-ական թվականներին Ազգայնական շարժում կուսակցության կողմից: Վիկտոր Նադեին-Ռաեւսկին հիշեցրել է, որ այդ ժամանակ կազմակերպության մեջ ներգրավված է եղել 200 000 մարդ, շատերին մարզել են հատուկ ճամբարներում: «Գայլերի» ակցիաների արդյունքում օրական 20-25 մարդ էր զոհվում: Հիմնական թիրախ էին դառնում ձախական քաղաքական գործիչներն ու լրագրողները: Թուրքիայում 1980 թվականին ռազմական հեղաշրջումից հետո եւ՛ «գայլերը», եւ՛ Ազգայնական շարժում կուսակցությունն արգելվեցին: Շարժման շատ անդամներ տեղափոխվեցին Եվրոպա: «Գորշ գայլերի» բջիջներ են բացահայտ գործում Գերմանիայում, Նիդեռլանդներում եւ մինչ այս ամիս Ֆրանսիայում: 1981 թվականին «գայլերից» մեկը՝ Մեհմեդ Ալի Աղջան, մահափորձ է կատարել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ: Վերջին ամիսներին ղարաբաղյան հակամարտության ֆոնին Եվրոպայում «գայլերի» գործունեությունը կտրուկ ակտիվացել է:

««Գորշ գայլերը» երբեք անկախ կառույց չեն եղել: Նրանք սերտորեն կապված են եղել Ազգայնական շարժում կուսակցության հետ, որը հանդես է գալիս Էրդողանի գլխավորությամբ Արդարություն եւ զարգացում կուսակցության դաշնակցի դերում: Առանց այդ կուսակցության Էրդողանը չէր կարող մեծամասնություն ստանալ խորհրդարանում եւ հաղթել 2017 թվականի հանրաքվեի ժամանակ, որից հետո Թուրքիան խորհրդարանականից անցում կատարեց նախագահական հանրապետության»,-նշել է Նադեին Ռաեւսկին:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ