News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշին և Ստեփանակերտը։ Օրվա ընթացքում՝ հատկապես կեսօրից հետո  կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ։ Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում՝ մեծ վնաս ու ավերածություններ պատճառելով։ Արցախի մշակույթի մայրաքաղաքում՝ Շուշիում ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են, հայտնում են Արցախից։

Ստեփանակերտում գիշերային հրթիռակոծության հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ՝  80–ամյա Սվետլանան, և  անկողնային հիվանդ տատիկին այցելության գնացած թոռները՝ երիտասարդ եղբայրներ Արկադի և Էրիկ Հախումյանները։

Ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:

Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են։ Այստեղ թշնամու գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաեւ Բերձորի հատվածում:

Այս կադրերում Բերձորի հարակից անտառներում հայկական կողմի գործողությունների արդյունքում ոչնչացված շուրջ 10 միավոր տեխնիկան է, այդ թվում իսրայելական Sandcat հետևակի մեքենաները։

Շուշիի շրջակայքը դիվերսիոն խմբերից մաքրելու աշխատանքները շարունակվում են։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։ Օպերատիվ խորհրդակցության մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝  կարգավորման ջանքերի վերաբերյալ կարծիքների փոխանակում է եղել։

Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ էր ստացել, այդ թվում` Մերձավոր Արեւելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից, հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Նա նաեւ հայտնել է, որ ղարաբաղյան պատերազմում ներգրավված է նաեւ թուրքական հետախուզությունը: «Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը դա «զգում է» եւ տեսնում է աշխատանքի «առանձին տարրեր»»:

Ռուսաստանին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուզական արձագանքը Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին,  ՏԱՍՍ գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության աղբյուրը: «Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»: Հիշեցնենք, որ Լավրովն ասել էր, Ռուսաստանին մտահոգում է Ղարաբաղի հակամարտության ինտերնացիոնալացումը եւ Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավումը։ «Մենք բազմիցս կոչ ենք արել կանխել վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է երկու հազարի», ասել էր նա: Ալիեւն էլ երեսպաշտորեն ասել էր, թե զարմացած է, որ Լավրովը հավատացել է վարձկան ահաբեկիչների մասին ասեկոսեներին։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը եւ ահաբեկչության դեմ պայքարը։ «Վարչապետ Թրյուդոն համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ կապված վերջին ահաբեկչական հարձակումների եւ բռնության հետ։ Առաջնորդները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին անդրադառնալով՝ շեշտել են հակամարտության դիվանագիտական կարգավորման կարեւորությունը։

«Այս փորձության ժամանակ Փարիզը կանգնած է հայ ժողովրդի կողքին». Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Նա նշել է, որ ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանին և Արա Թորանյանին եւ քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Բարսելոնի «Հայաստան» մշակութային ասոցիացիան:

«Քաղաքային խորհրդի լիագումար նիստին ընդունված բանաձեւը նաեւ դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի, շեշտում, որ Ադրբեջանը ռազմական ոճիրներ է կատարել:

Դատելով առկա տեղեկատվությունից, ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախի հարցով համաձայնեցված հայտարարության ընդունումը տապալել է Մեծ Բրիտանիան, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Ըստ նրա՝ մոլորյալ հայկական հրթիռը կարող է խողովակից հորդող նավթից խիստ պատահաբար լիճ առաջացնել մեր լեռների հարևանությամբ։ Հիշեցնենք, որ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը տապալել է Ղարաբաղի վերաբերյալ որոշումը՝ առանց կոնկրետացնելու, թե որ երկրի մասին է խոսքը: Այդ անդամներն ընդամենը 5-ն են՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան:

Թել Ավիվում հայ համայնքը հերթական բողոքի ակցիան է անցկացրել քաղաքապետարանի շենքի դիմաց: Ակցիայի մասնակից, քաղաքագետ Մենդել Կորսունսկին հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանին զենքի վաճառքը: Իսրայելական հրթիռները, դրոնները Ադրբեջանի սպառազինության կազմում են եւ օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ:

Հանրային հեռուստատեսությամբ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արժրուն Հովհաննիսյանի հայտարարությունը, թե անցած երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին տասը տարում, բուռն քննարկումների ու վիճաբանության ալիք է բարձրացրել սոցցանցերում։ Արձագանքել է նաեւ երրորդ նախագահի գրասենյակը։ «Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը», հայտնել են Սերժ Սարգսյանի գրասենյակից եւ հավելել, որ պատերազմի օրերին այդ մասին խոսելն անպարկեշտություն է, կարելի է ասել` մեղավորների փնտրտուք, իսկ փաստարկված կանդրադառնան ռազմական դրության ավարտից հետո:

Արծրուն Հովհաննիսյանը հակդարձել է այս հայտարարությանը եւ 2012-18 ու 2018-2020 թվականներին ձեռք բերված զինատեսակների ծավալների համեմատականներ բերել, ապա ամփոփել. ուղղակի զսպվեք։ Նաեւ զգուշացում է. «Ես շատ բանի եմ տիրապետում»: 

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 2210 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 101773-ի: Փաստացի այս պահին բուժվում է 38088 մարդ. Նրանց թիվը մեկ օրում ավելացել է 526-ով: Մեկ օրում մահացել է 37 վարակակիր, որոնցից 7-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 1903 է։

Երեկ երեկոյան ողբերգական հետեւանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 20:50-ի սահմանում Բաղրամյան պողոտայում բախվել են Mercedes, Suzuki և Opel մակնիշի ավտոմեքենաները: 4 մարդ մահացել է, կան վիրավորներ: Նախնական տվյալով՝ Մերսեդեսի վարորդը սթափ վիճակում չի եղել։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում է ընդունել 12 թեկնածուներից Հովհաննես Մովսիսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Հաջորդ շաբաթ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում կկայացնի՝ մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Մովսիսյանին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի  «Ռոմա» - «Կլուժ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը: Նա գլխով գոլ է խփել խաղի առաջին րոպեին, ավելի ուշ  Ինստագրամի իր պաշտոնական էջում նշել. «Եվրոպայի լիգայի ամենաարագ գոլը՝ Հայաստանից»:

Նույն մրցաշարի «Հոֆենհայմ»-«Սլովան» հանդիպման ավարտին խաղադաշտ մտած եւ 2 գոլ խփած Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն իր գոլերը նվիրել է հայրենիքին: «Ցանկանում եմ այս դուբլը նվիրել իմ հայրենիքին՝ Հայաստանին, իմ բոլոր եղբայրներին և քույրերին, որոնք այս պահին Արցախում պաշտպանում են իրենց հայրենիքը: Ազգի համար այս ծանր պահին իմ դուբլը փոքրիկ նվեր է հայերին»,- Ադամյանի խոսքը փոխանցում է Sport24-ը:

«System Of A Down» ռոք խումբը 15 տարվա ընթացքում երկու նոր երգ է ներկայացրել, որոնք նվիրված են Արցախի պաշտպաններին ու բնակիչներին։  «Protect The Land» եւ «Genocidal Humanoidz». երգերն այս անունն են ստացել։ «Ալիեւի եւ Էրդողանի կոռումպացված ռեժիմներն անպատիժ ցեղասպանություն են իրականացնում, հույս ունենալով, որ աշխարհը տարված է համավարակով ու ընտրություններով եւ չի արձագանքի իրենց վայրագություններին»,- նշել են խմբի երաժիշտները։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.13 դրամով ու կազմել 493.74 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.86 դրամով ու հասել 585.18 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.38 դրամով ու հասել 648.68 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 6.36 դրամ:

Նոյեմբերի 7-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, ցերեկն առանձին շրջաններում սպասվում են անձրևներ և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։ Երևանում նոյեմբերի 7-ի գիշերը  անձրև կտեղա։ Մայրաքաղաքում գիշերը կլինի 7-9, վաղը ցերեկը 15-17 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ