News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իհարկե, չի կարողանա Ջո Բայդենի օրոք ԱՄՆ քաղաքականության վրա ազդել սովորական զանգով, ինչպես ժամանակ առ ժամանակ վարվում էր Դոնալդ Թրամփի դեպքում, հայտնում է AFP-ն։

«Սակայն դա չի նշանակում, որ ԱՄՆ նորընտիր նախագահը Թուրքիային հետ կհրի՝ փոխարենը ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ համագործակցության վերականգնման ավելի խիստ պայմանների հույս ունենալով, որն աչքի է ընկնում աշխարհագրական, ռազմավարական եւ ռազմական տեսակետից հզորությամբ, կարծում են վերլուծաբանները։

Ամերիկա-թուրքական երբեմնի հավասար հարաբերությունները տուժել են 2016 թվականին Էրդողանին տապալելու փորձից հետո, երբ նա դրա մեջ մեղադրեց ԱՄՆ-ում գտնվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում արտահանձնմանը ապարդյուն փորձում էր հասնել Թուրքիան»,- նշված է հոդվածում։

AFP-ն նշում է, որ երկու երկրների հարաբերությունները լարվել են նաեւ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի կողմից քրդերին աջակցելու պատճառով։ Մինչդեռ Անկարան քրդերին ահաբեկիչներ է համարում, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը։

Այդուհանդերձ, Թրամփի եւ Էրդողանի անձնական կապը մեղմում էր հարաբերություններին հասցված այդ վնասը, նշում է լրատավական գործակալությունը։

«Բայց հիմա, երբ Թրամփը հեռացավ, Էրդողանը մտահոգվելու պատճառ ունի»,- կարծում է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի վերլուծաբան Գոնուլ Թոլը։

«Չեմ կարծում, որ Բայդենի վարչակազմը Թուրքիայի հանդեպ նույնքան ներողամիտ կլինի Սիրիայում եւ ամենուր»,- նշում է Սիրիայի հարցով անկախ վերլուծաբան Սեմ Հելերը։

Նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակից հետո ավելի քան 2 օր թուրք պաշտոնատար անձինք պահպանում էին կասկածելի լռություն՝ հայտարարելով, որ այս լուրը կմեկնաբանեն միայն պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո։

«Բայդենի վարչակազմի օրոք Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններն, անկասկած, կսկսվեն լարվածությամբ եւ երկու կողմի մտավախություններով»,- հայտնում է Եվրոպական խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով ներկայացուցիչ Ասլի Այդինթասբասը։

Նոր երանգ հաղորդելով՝ թուրք պաշտոնյաները նշել են նախկինում չնկատված մի հարցազրույցի մասին, որն անցյալ տարվա դեկտեմբերին Բայդենը տվել էր The New York Times պարբերականին։

Հատվածը, որտեղ նա Էրդողանին «ավտոկրատ» է անվանում, անցյալ տարվա դեկտեմբերին արձագանք էր առաջացրել եւ հարուցել Անկարայի դատապարտումը։

Բայդենը նաեւ ԱՄՆ-ին առաջարկել էր «խրախուսել» ընդդիմադիր գործիչներին՝ նրանց թույլ տալու համար «հաղթել Էրդողանին»։

Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ այդ դիտարկումները ցուցադրել են «անքաղաքավարություն, ամբարտավանություն եւ երեսպաշտություն»։

Այդուհանդերձ, Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները պնդում են, որ կաշխատեն ԱՄՆ ցանկացած վարչակազմի հետ, նշվում է հոդվածում։

Անգամ Թրամփի նախագահության օրոք Միջերկրական ծովի արեւելյան հատվածում հարաբերությունները լարված էին Կիպրոսի եւ Հունաստանի ջրերում Անկարայի կողմից բնական գազի հետախուզման պատճառով, հիշեցնում է AFP-ն։

«Անկարան վախենում է, որ Բայդենը կարող է նույնիսկ ավելի սերտ կապեր հաստատել Հունաստանի հետ եւ ավելի կոշտ դառնալ Թուրքիայի նկատմամբ»,- նշում է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի վերլուծաբան Գոնուլ Թոլը։

Բայդենը կարող է վերսկսել երկկողմ հարաբերություններում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խրախուսման շուրջ երկխոսությունը, կարծում է Այդինթասբասը։

Դրանից բացի, նա կարող է փորձել սանձել Անկարայի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, որը ներառում է ռազմական ինտերվենցիան Լիբիա եւ Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղում բռնկված հակամարտությանը, նշված է հոդվածում։

«Անկարան մտավախություն ունի, որ Բայդենը կփորձի զսպել աշխուժացած Թուրքիային»,- կարծում է Այդինթասբասը։

Հոդվածում նաեւ նշվում է, որ արդիական հարցերից է նաեւ Բայդենի կողմից պատժամիջոցների սահմանումը Թուրքիայի դեմ ռուսական Ս-400-ները գնելու պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ