News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Ազատության հրապարակում կայացել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքը։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ եռակողմ համաձայնագրի որոշ կետեր հնարավոր է փոխել։ «Մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի իշխանությունից հեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Քանի դեռ կա այդ փաստաթուղթը, որը որեւէ կերպ չի ապահովում հայ ժողովրդի անվտանգությունը», ասել է Բագրատյանը եւ վստահեցրել, որ եղել է նախօրոք մտածված դավաճանություն։

Նախկին վարչապետն ասել է, որ պատերազմի այսպիսի արդյունքը նաեւ գեներալներին «նեղելն էր». «Կռված զինվորական վերնախավին, կռված հին տղաներին, քաղաքական գործիչներին, որոնք 90-ականներին հաղթել էին, սկսեցին նրանց նեղել. ձերբակալություններ», հիշեցրել է նա։ Ըստ Բագրատյանի՝ մեր զինվորների 82 տոկոսը մահացել է բեկորներից, նրանց մեծ մասը թուրք չի տեսել, մինչդեռ Փաշինյանը մեղադրում է, որ մենք դասալիք ենք, լավ չենք կռվում։

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ հարթակում հավաքվածներից որեւէ մեկը իշխանություն չի ցանկանում: «Այս փաստաթղթով ամեն ինչ սկսվում է, բայց չի ավարտվում: Այս փաստաթուղթը ենթադրում է նոր փաստաթղթեր, այս փաստաթղթի ամեն կետի տակ կա ռումբ Հայաստանի պետականության տակ: Շատ կարեւոր է, որ նոր բանակցողը, ով էլ լինի, լինի հավասարակշիռ»,-հայտարարել է նա:

Հենց հանրահավաքի ժամանակ ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ ՀՔԾ-ից ծանուցագրեր են ստացել։ Արթուր Վանեցյանին նույնպես ՀՔԾ են կանչել, Գագիկ Ծառուկյանին՝ ԱԱԾ։

Անցած գիշեր տարբեր ժամերի դատարանները մերժել են ընդդիմադիր գործիչներին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունները։ Ազատ են արձակվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հանրապետական Էդուարդ Շարմազանովը, դաշնակցականներ Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը եւ մյուսները:

Վաղը ժամը 18-ին Ազատություն հրապարակում կլինի մոմավառություն կլինի՝ ի հիշատակ հայրենիքի համար նահատակված զինվորների, իսկ հաջորդ օրը՝ կրկին հանրահավաք։

Արցախի Պաշտպանության բանակը  հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 37 զինծառայողի, ավելի ուշ եւս 44 զինծառայողների անուններ: Պաշտոնական տվյալով նրանց թիվը հասել է 1378-ի։ 

Այսօր համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: Այս մասին գրում է Արայիկ Հարությունյանը։  Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես են եկել կոչով՝ հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, հայտարարել արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:

Ոստիկանությունը հրապարակել է պատերազմին համակարգի մասնակցության վիճակագրությունը։ Ռազմական գործողություններին մասնակցել է ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող։ Ծանր մարտերում զոհվել է 28 ծառայող, վիրավորվել 150-ը, անհետ կորել՝ 43 ծառայող։

Արցախի Քաշաթաղի շրջանը լքելուց առաջ մարդիկ իրենց ձեռքով քանդում, ավերում, հրկիզում են իրենց տունը: Քարվաճառցիները 48 ժամից էլ պակաս ունեն իրենց տները լքելու համար, քանի որ այդ տարածքները պետք է Ադրբեջանին հանձնվեն մինչեւ նոյեմբերի 15-ը: Շատ արցախցիներ գնում են Դադիվանքին հրաժեշտ տալու:

Ադրբեջանը խնդրել է Ռուսաստանի խաղաղապահներին իրենց համար միջանցք ապահովել դեպի Շուշի, հայտնում է @wargonzo տելեգրամ ալիքը` վկայակոչելով  Դաշնության պաշտպանության նախարարությունում իր աղբյուրները:

«Ադրբեջանցիները փաստացի չեն վերահսկում ոչ մի մուտք դեպի քաղաք: Միակ հնարավոր երթուղին հատուկ ջոկատայիններինն է: Հադրութից` այն նույն «դժոխային կիրճով»: Սակայն այնտեղ նույնիսկ հողային ճանապարհ չկա, թրթուրավոր տեխնիկայի թողած անվածիրից բացի, որն Ադրբեջանը հիմա է մտցնում Շուշի: «Վերահսկողությունը» քաղաքի վրա դեռ նոմինալ է մնում», նշում է @wargonzo-ն եւ ավելացնում. «Ռուսաստանը չի նախատեսում համաձայնագրով չնախատեսված լրացուցիչ տրանսպորտային միջանցքներ տրամադրել ադրբեջանական կողմին»:

Լուրերն այն մասին, թե իբր «Եղնիկների» զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը, և որին իբր ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չի համապատասխանում: «Տվյալ տեղամասում մեր ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն»,- ասված է Արցախի Բանակի հաղորդագրության մեջ:

Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը: Բանաձեւում նշվում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված համաձայնությունը ոչ թե ՄԱԿ-ի հաստատած հավաստի հավասարակշռված  բանակցությունների, այլ ուժի անօրինական գործադրման հետևանք է, ինչը ստիպում է զիջել այնպիսի հողեր, որոնք պատմական ժառանգություն են, և այնտեղ հազարամյակներ ի վեր բնակվել են հայեր: Մոնտեվիդեո նահանգը կոչ է անում միջազգային հանրությանը հարգել Արցախի կարգավիճակը՝ որպես անկախ պետություն:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել օգնել հասնելու Արցախի Հանրապետությունում իրավիճակի երկարաժամկետ եւ հակամարտության գոտու բոլոր կողմերի համար արդարացի կարգավորմանը։ Մակրոնը նաեւ հիշեցրել է Հայաստանի եւ նրա ժողովրդի հետ իր բարեկամության մասին։

«Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից՝ համակարծիք չլինելով թիմի դիրքորոշման հետ: Նա նշել է, որ ինչպես ժողովուրդը, այնպես էլ ինքը, մամուլից է տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։ «Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ' դուրս եմ գալիս «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետեւ գործելու եմ որպես անկախ պատգամավոր», նշել է նա։ Այս հայտարարությունից հետո «Իմ քայլից» Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանն ու  եւս 8 անձ այցելել են Աթաբեկյանի բակ. նա այդ պահին տանը չի եղել։

Առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծում է, որ իրեն մտահոգողը միայն մեկ բան՝ խուսափել քաղաքացիական պատերազմից և ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով: Նկատի ունենալով իր գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, նախկին նախագահը նշել է, որ իշխանության համար մղվող առկա պայքարում իրենք ոչ մասնակից, ոչ էլ կողմ ենք: «Առավել ցանկալի տարբերակն, իհարկե, այդ երկու կողմերի ողջախոհ փոխհամաձայնությունն է», նշել է նա:

Երեկ ուշ երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որն իր մտահոգություներն է արտահայտել Ացախում տիրող իրավիճակի կապակցությամբ` միաժամանակ կոնկրետ առաջարկներ անելով Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ: Ըստ նախկին նախագահի խոսնակ Արման Մուսինյանի՝ Տեր-Պետրոսյանը, կարևորելով այդ առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել վարչապետ  Փաշինյանին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման հարցում, հայտարարության ստորագրմանը նախորդել է լարված բազմօրյա աշխատանքը, տեղեկացրել է Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նա «նստած» էր հեռախոսների վրա, զրույցներ էր վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա մեկ օր չի տեւել»,- հավելել է Պեսկովը։

Պեսկովը հայտնել է նաեւ, որ Թուրքիան Ղարաբաղում ռազմական գործողությանը հավանություն տալու հետեւողական դիրքորոշում է որդեգրել: «Այդ հարցում մեր դիրքորոշումները տարբերվում են: Սակայն դա մեզ չի խանգարում շարունակել բոլոր, ներառյալ ամենաբարձր մակարդակներում սերտ համագործակցությունը»,-ասել է նա:

Պեսկովը նշել է, որ այդ շփումների արդյունքում պայմանավորվածություն ձեռքբերվեց Ադրբեջանի տարածքում, «որը Ղարաբաղի տարածք չի համարվում», թուրքերի հետ մոնիթորինգի կենտրոնի ստեղծման մասին:

Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում չի լինի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, Ռուսաստանը նետել է իր բոլոր ուժերն այս իրավիճակի կարգավորման համար, նախ` քաղաքական, ապա զինվորական։ Ռուս դիվանագետը  խոսել է նաեւ Ղարաբաղում օտարերկրյա զինյալների թեմայով: «Զինյալները, որոնք տեղափոխվել են Ղարաբաղ, ցավոք, չեն անհետացել ու չեն գոլորշիացել: Այդ հարցը կլուծվի»,- ասել է նա:

Ռուսաստանը շարունակում է խաղաղապահներ տեղափոխել Արցախ։ Ռազմատրանսպորտային ավիացիան Ուլյանովսկից ռուս խաղաղապահներով եւս 8 Իլ-76 ինքնաթիռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ինքնաթիռներում գտնվում են բարձր անցանելիություն ունեցող բեռնատար մեքենաներ եւ նյութատեխնիկական ապահովության միջոցներ, նաեւ զինծառայողներ: Մինչև այս պահը Ռուսաստանն ավելի քան 1100 խաղաղապահների է տեղակայել Լեռնային Ղարաբաղում, մեկնել է 73 ինքնաթիռ

Միաժամանակ հայտնի է դարձել, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը Հայաստանում 5 լրացուցիչ սահմանային ուղեկալ է տեղակայել, երկուսը՝  Հայաստանի եւ Նախիջեւանի, եւս երկուսը՝ Հայաստանի եւ Իրանի սահմանին:

Արցախից զավթած տարածքում Ադրբեջանը սահմանել է պարետային ժամ. այն արդեն ուժի մեջ է մտել Շուշի քաղաքում եւ Հադրութում։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՆԳՆ-ը: Ոստիկանությունը կիրականացնի հատուկ կառավարում յուրաքանչյուր շրջանում՝ որպես ժամանակավոր հրամանատարություն:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում ասում է, որ իրենց ջոկատով այս պահին շարունակում են պահել դիրքը, որը վստահված է իրենց։ Ֆեյսբուքյան շատ օգտատերեր նկատել են, որ տիկին Աննան եղել է շպարված, մազերն էլ՝ հարդարած, ինչը դիրքում հնարավոր չէ անել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 1703 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 114383-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 39 վարակված, որոնցից 10-ի մահը վրա է հասել այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 2137 է։

Վերաքննիչ քրեական դատարանը  Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Գումարն արդեն փոխանցված է եւ Նարեկ Սարգսյանն ազատության մեջ է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.36 դրամով ու հասել 495.94 դրամի:  Եվրոյի փոխարժեքն աճել է 1.32 դրամով ու հասել 586.60 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.18 դրամով  ու կազմել 653.55 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով  ու կազմել 6.42 դրամ:

Նոյեմբերի 14-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում եւս տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում այս գիշեր կլինի +1-ից +3, վաղը ցերեկը 13-15 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ