Արցախի ճանաչման հարցին պետք է առանց էմոցիաների մոտենալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Հիմա կրկին սկսել են շատ խոսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին: Այդ կապակցությամբ ես կասեմ հետեւյալը. մենք իսկապես պետք է հասուն պրագմատիկ արտաքին քաղաքականությամբ պետություն լինենք: Մենք վերջապես պետք է հասկանանք, որ ճանաչումն աշխարհաքաղաքական, այլ ոչ թե բարոյական կամ իրավական գործընթաց է: Քանի որ ճանաչումը շատ երկրների աշխարհաքաղաքական շահերի արտացոլումն է: Այս համատեքստում ես կարծում եմ, որ մենք պետք է արմատապես վերանայենք մեր երկրի ճանաչման գործընթացը: Իրականում ոչ մի աշխարհաքաղաքական հիմք չկա, որ ԼՂՀ-ն կարող է ճանաչվել մի շարք երկրների կողմից: Կարող է շատ սպեցիֆիկ իրավիճակ առաջանալ, երբ ճանաչման գործընթացը տարբեր վեկտորների աշխարհաքաղաքական պայքարի լծակներից մեկը կդառնա: Այսինքն, հնարավոր է, որ որոշ ուժեր Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության մեջ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման գործընթաց տեսնեն եւ փորձեն օգտագործել Լեռնային Ղարաբաղի ճանաչումն իրենց իսկ շահերի նպատակով` հենց Ռուսաստանի դեմ պայքարելու համար: Մենք չպետք է դա թույլ տանք:
Մենք պետք է հասկանանք, որ այս պարագայում ճանաչումը ոչ այնքան այդ երկրների իդեալների կամ մեր երկրի նկատմամբ շահերի, մեր կրած տառապանքների արտացոլումն է, այլ, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի հենց աշխարհաքաղաքական պայքարի համատեքստում: Եվ մենք չպետք է այս պայքարի թատրոնը դառնանք: Այժմ հարցին պետք է ավելի հիմնովին եւ առանց էմոցիաների մոտենալ, որոնք կարող են մեզ շեղել իրականությունից, տեղափոխել վիրտուալ հարթություն, ինչն անընդունելի է»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը: