News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ առաջինը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին հայտարարել է Վալերի Բուայեն (Հանրապետական խումբ) Լեռնային Ղարաբաղը ճանաչելու Ֆրանսիայի Սենատի նախաձեռնության քննարկման ժամանակ:

«Ավելի քան 8 տարի առաջ Սենատը քվեարկեց Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթի համար: Չէի կարծում, որ այդ Ցեղասպանությունից հետո կլինի եւս մեկը»,- ասել է Վալերի Բուայեն՝ շնորհակալություն հայտնելով իր գործընկերներին ներկայացված նախաձեռնության համար:

«Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունները վերսկսվեցին: Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի ու Հայաստանի դեմ: Այս ամենը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի թելադրանքի ներքո: Ֆրանսիայի կառավարությունը թաքնվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի չեզոքության հետեւում: Ցավում եմ, որ պարոն Լե Դրիանը չներկայացավ քննարկմանը: Ֆրանսիան միշտ պաշտպանել է նեղացածներին: Նախագահը մատնանշեց մեղավորին, բայց չօգնեց, միայն մի փոքրիկ մարդասիրական օգնություն: Բառերը չեն բավականացնում, երբ հազարավոր մարդիկ են զոհվում»,- ասել է Բուայեն՝ նշելով մահացածների մարմինները ծաղրելու սարսափելի տեսանյութերը: Նա հիշել է Իլհամ Ալիեւի վիրավորական խոսքերը, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ֆոսֆորային զենքի եւ զենքի այլ արգելված տեսակների օգտագործումը:

«Մնալ չեզոք, երբ Թուրքիան վարձկաններ է ուղարկում: Երբ Թուրքիան ու Ադրբեջանը էթնիկ զտումներ են իրականացնում: Չեզոք մնալ՝ նշանակում է լքել Հայաստանը: Դա նշանակում է օգնել թուրք-ադրբեջանական բռնապետությանը: Դա նշանակում է ագրեսորի ճամբարի ընտրություն»,- ասել է Բուայեն: Նա հայտարարել է, որ Ֆրանսիայում «Գորշ գայլերը» հետապնդում են էթնիկ հայերին: Սպառնալիքի տակ է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը: «Անհրաժեշտ է շատ արագ գործել՝ համամարդկային գանձերը պահպանելու համար: Եթե Ֆրանսիան ցանկանում է հարգվել, անհրաժեշտ է ճանաչում: Ֆրանսիայի արժանապատվությունը հարցականի տակ է: Որպեսզի Ֆրանսիան ստիպված չլինի կարմրել պատմության առջեւ: Ճանաչումը թույլ կտա բանակցությունները վերսկսել: Արցախը փոքր է չափերով, բայց մեծ է պատմությամբ եւ նշանակությամբ: Նրանք հենց այնպես չեն անկախություն ուզում Ղարաբաղում: Անկախությունը կյանքի երաշխիք է: Բանաձեւն ընդունելը մեր իրավունքն ու պարտականությունն է: Ֆրանսիան առաջինը ճանաչեց Ցեղասպանությունը, եւ մենք պետք է առաջինը ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ իր ինքնորոշման իրավունքն իրականացնելու համար: Վաղը այս ճանաչումը ոգեշնչելու է եվրոպական այլ երկրներին: Մենք չկարողացանք խուսափել պատերազմից, փորձենք խուսափել արժանապատվության կորստից»,- ասել է Վալերի Բուայեն` բոլորին կոչ անելով կողմ քվեարկել բանաձեւին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ