News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 25
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ աշխարհազորայիններ եւ քաղաքացիական անձինք այժմ իրենց «ղարաբաղցի» են կոչում, այլ ոչ թե` «հայ» եւ իրենց կուլիսային խաղի պատանդ են համարում, գրում է ՌԲԿ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր ռեպորտաժում:

«Նաիրան 46 տարեկան է, նա մանկաբույժ է, աշխատում է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում, Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել է մոտ 20 տարի առաջ. նրա ծնողներն այստեղից են, բայց ինքը ծնվել է Հայաստանում: Պատերազմի առաջին երկու շաբաթներին հիվանդանոցն ու դրա բոլոր բժիշկները մոբիլիզացվեցին վիրավորներին օգնելու համար: Հոկտեմբերի 16-ին հերթափոխը հանձնելուց հետո Նաիրան մեկնեց Երեւան, իսկ անցյալ շաբաթ վերադարձավ: Ըստ նրա` շատերը չեն շտապում վերադառնալ, քանի որ Ղարաբաղի ապագա կարգավիճակն անորոշ է: Այս հարցը, ինչպես ասում են Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունները, ապագայում կլուծվի: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես է գործելու հարավային մայրուղին` Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը, որը մնացել է հայերին նոյեմբերի 25-ից հետո:

Հարավային ճանապարհը բաց է. դրա անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները: Բայց այն անցնում է ադրբեջանների կողմից գրավված Շուշիի տակով, ինչը վախեցնում է հայերին: «Առաջին պատերազմից հետո մենք [ադրբեջանցիների հետ] չէինք շփվում, բայց հիմա չգիտեմ, թե ինչպես ենք այդքան մոտ լինելու»,- հառաչում է Նաիրան: Որքան ավելի շատ ես մոտենում ամրոց քաղաքին, այնքան մշուշն ավելի խիտ է դառնում եւ խավար է շուրջը: Ճանապարհի եզրին տասնյակ պատառոտված եւ այրված բուշլատներ եւ զինվորական կոշիկներ են. դրանք հանված դիերի վրայից: Դիերը (հարյուրավոր) հավաքեցին խաղաղապահների տեղակայումից մի քանի օր անց, իսկ անհայտ կորածների որոնումները մինչ այժմ շարունակվում են: Լանջերին պատռված վրաններ, հրանոթային արկղեր, հապճեպ փորված ականանետային հաշվարկների դիրքեր են: Ճանապարհի երթեւեկելի մասից հրթիռների պոչեր են դուրս ցցված, ամենուր ռմբափոսեր եւ ածխացած ծառեր են: Այս ճանապարհի երկու հատվածներում ադրբեջանցի զինվորականների կարելի է հանդիպել` Շուշիի մատույցներում:

«Եղանակը ռոմանտիկ-դիվերսիոն է»,- կատակում է հայ վարորդ Վադիմը խիտ մառախուղի մասին եւ տեղավորվում ծանր ընթացող ռուսական զրահամեքենայի հետեւում. այդպես ավելի հանգիստ է: Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը ողջունվում է, բայց դա հիմնականում պայմանավորված է չճանաչված հանրապետության եւ Հայաստանի իշխանությունների նկատմամբ պարտությունից հետո առաջացած ահռելի անվստահությամբ: Բազմաթիվ աշխարհազորայիններ եւ քաղաքացիական անձինք այժմ իրենց «ղարաբաղցի» են կոչում, այլ ոչ թե` «հայ»: Եվ իրենց կուլիսային խաղի պատանդ են համարում: «Նիկոլն ինձ համար հիմա հայհոյանքի նման է»,- ասում է ղարաբաղցի Անուշը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին:

Ստեփանակերտի հյուրանոցներից մեկի դիմաց, որտեղ ապրում է լրագրողների մեծ մասը, այրված երկհարկանի խանութ է, որի սեւացած պատին գրված է` I recognize Artsakh («Ես ճանաչում եմ Արցախի անկախությունը»): Տեղացիներն ասում են, որ այս խանութը պատկանում է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Շենքը հրդեհվել էր այն գիշերը, երբ հայտարարվեց խաղաղության պայմանների մասին: Ստեփանակերտում լուրեր են պտտվում, որ այն հրկիզել է Հադրութի մի բնակիչ, ով կորցրել է իր հայրենի քաղաքն ու տունը: Ըստ մյուս պտտվող լուրերի` Ռուսաստանը կսկսի ռուսական անձնագրեր բաժանել տեղի բնակիչներին:

Շուշիի շատ բնակիչներ տեղափոխվել են Ստեփանակերտ: Հարութը կորցրել է իր տունը եւ դեռ ապրում է ծանոթների մոտ: Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում Ղարաբաղի ամենահայտնի տեսարժան վայրերի լուսանկարներով գովազդային վահանակների մոտ նա կանգ է առնում Շուշիի կիրճում գտնվող ջրվեժի պատկերի մոտ, սմարթֆոնում ցույց է տալիս օգոստոսին այնտեղ արված իր լուսանկարները: Հարութը չգիտի, թե որտեղ է ապրելու:
Մարտերի ընթացքում առավել տուժածներից մեկը Մարտունի քաղաքն եւ դրա շրջակայքն էր, հառաչում է քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը: Կենտրոնական հրապարակում մի քանի խոշոր ռմբափոս է, ասֆալտից ականների պոչեր են դուրս ցցվել, ոտքերի տակ ապակու փշուրներ են: Հիսուն մետր շառավղով ոչ մի ամբողջական պատուհան չկա: Խաղաղության պայմանագրի համաձայն` քաղաքը կմնա հայկական կողմին: Ստեփանակերտից քաղաք տանող ճանապարհն անցնում է լեռնանցքով. Մարտունին գրեթե հարթավայրի վրա է: Ճանապարհի այս հատվածում կարծես Առաջին Համաշխարհային պատերազմի պեյզաժներն են` խնամված դաշտեր եւ խաղողի այգիներ, իսկ հենց դրանց մեջտեղում` խրամատներ, որոնց սեւ պատվարներից հնաոճ հրետանային զենքի փողեր են դուրս ցցվել:

36-ամյա Սասունը Մարտունուց Երեւան է գնացել պատերազմի ավարտից մի քանի օր առաջ` նոյեմբերի 8-ին: Պատերազմի հենց սկզբից նրա կինն ու երեք երեխաները մորաքրոջ հետ ապրում էին Հայաստանի մայրաքաղաքում: Անցյալ հանգստյան օրերին բոլորը վերադարձան իրենց տուն Մարտունիում: Սասունի երկհարկանի տունը շատ չի տուժել. երկու կողմերից կոտրվել են պատուհանները, վնասվել է սվաղը: Տան վրա վերջին պատերազմի (1992-1994 թվականների) հետքերն են բոլոր չորս պատերին բեկորների հետքեր են: «Այս տարի ուզում էի վերջապես վերանորոգել: Ահա, գնել եմ, բայց պատերազմ սկսվեց»,- ցույց է տալիս նա շինանյութի կույտը: Սասունի երեխաները մտնում են տուն, վախեցած նայում են շուրջը. կոտրված ապակիների մեջ սովից սատկած հավերն են: Ամբողջ քաղաքով լսվում է լքված շների ոռնոցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների խումբը այցելել է Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ
Հաջորդող շաբաթվա ընթացքում փորձագետները նախատեսում են ներկայացնել Արցախի բուժհիմնարկների…
«Տոպրակներով մարմիններ են բերել». անհետ կորած զինծառայողների հարազատները սպասում են ԴՆԹ փորձաքննության պատասխանին
Նշենք, որ Էջմիածնի N զորամասի 34 անհետ կորած համարվող զինծռայողների հարազատները 3 ամսից ավելի որեւէ տեղեկություն չունեն…
Եռաբլուրում եմ, անմահության շունչ կա այստեղ. Սենոր Հասրաթյան
Երևանի փողոցներում եմ… Ամենուր մարդկանց հոսք է, մեկը՝ մտահոգ, մյուսն՝ անհոգ…
Հայաստանից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 50 600 մարդ
Ռուս խաղաղախահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը դեպի իրենց մշտական բնակության վայր, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները…
Երբ դու և դաշնակիցդ թշնամական ԱԹՍ-ների պատճառով կորցնում եք Ջաբրայիլը, այդ ԱԹՍ-ները հայտնվում են Դոնեցկում. քաղաքագետ
Ողբամ զձեզ, Հայոց եւ Ուռուսաց աշխարհք, ողբամ զձեզ, հանուրց հիւսիսականաց վեհագոյն, զի բարձաւ թագաւոր եւ քահանայ, խորհրդական եւ ուսուցող, վրդովեցաւ…
Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. բնակարանի կարիք ունի 10.000 ընտանիք
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը և սփյուռքի տարբեր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ