News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ես կարծում եմ՝ մեր հասարակությունը, հատկապես դրանց մտածող հատվածը պետք է դադարեցնի պաշտոնատար անձանց լսել, որովհետեւ այս մարդիկ ունակ չեն ոչ միայն ըմբռնելու, հասկանալու, նաեւ քայլերի հաջորդականություն չկա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նախօրեին Հանրային հեռուստատեսության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հնչեցրած մտքերին։ 

«Երեկվա հարցազրույցը այդ շարքից մեկն էր, նախադասությունները հակասում էին մեկը մյուսին, իրենք էլ չեն հասկանում, չեն գիտակցում, թե ինչի մասին է խոսքը: Ամենապարզը նաեւ այսօր էլ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասում է՝ որպես վարչապետ ես կրում եմ ամբողջական պատասխանատվություն, այդ մարդը չի հասկանում՝ ինչ բան է պատասխանատվությունը, եթե հասկանար, ապա առնվազն պետք է գիտակցեր, որ ինքն այլեւս անելիք չունի: Եթե խաղաղ, առանց ցնցման հեռանալը իր համար պատասխանատվության գիտակցում չի, այդ մարդը ընդհանրապես չի գիտակցում՝ ինչ բան է պատասխանատվություն:

Արտահայտություններ են անում, բառերի կույտ են շարում իրար հետեւից՝ առանց գիտակցելու դրա իմաստը, միտքը: Ամենապարզ բանը. այսօր հիմնական խնդիրներից մեկը անհայտ կորածների, գերիների, նահատակված զինվորների դիակների փոխանակման հարցն է: Տեսեք՝ ինչպիսի անպատասխանատու, փնթի պահվածք է այս կառավարության պահվածքը։ Նրանք չեն էլ ըմբռնում, թե ինչ բան է կորուստը, նրանց համար իրենց աթոռից եւ սեփական ընտանեկան բարեկեցությունից դուրս աշխարհ չկա: Մնացածը պետք է ծառայեն այդ երկու նպատակին: Այդպիսի մարդը օր առաջ պետք է հեռացվի իշխանությունից, քաղաքացիները պետք է գիտակցեն, որ քանի սրանք են իշխանության, ոչ մի խնդիր, առավել եւս հայրենիքի փրկության խնդիրը լուծել հնարավոր չէ: Հետեւաբար օր առաջ մեր հայրենակիցները, հատկապես նրանք, ովքեր 2.5 տարի առաջ հավատացել են այս ստախոսներին, վստահել են այս ստախոսներին, հիմա պետք է ուժ գտնեն իրենց մեջ հրաժարվելու այս ազգադավներից, պետք է ուժ գտնեն իրենց մեջ հասկանալու, որ հայրենիքի փրկությունը պահանջում է ժամ առաջ ազատվել այս մարդկանցից»,– ասաց նա։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ մեզ անհրաժեշտ է նոր, ազգային մտածողությամբ օժտված իշխանության ձեւավորում, որը նաեւ կկարողանա իսկապես մեր սփյուռքին ներգրավել իրավիճակում որեւէ բեկում մտցնելու մեջ:

«Սա այլեւս ազգային փրկության հարց է, սա մեր կենսագոյության հարցն է, եւ ես հույս ունեմ, որ ամեն օր մեծանում է մարդկանց թիվը, ովքեր իսկապես հասկանում են, որ սա ոչ թե պարզ իշխանական աթոռների կռվի հարց է, այլ ազգի փրկության, եւ, բնականաբար, ցանկացած իշխանություն, ցանկացած պաշտոն, որ ապագայում լինելու է, միեւնույնն է, ինքն է որոշելու արտահերթ ընտրությունների միջոցով, ոչ թե 17 կուսակցությունները կամ մի քանի անձինք: Ինչքան շուտ սրանց հեռացնենք, այնքան շուտ ժողովուրդը իր որոշումը կկայացնի»,– ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իշխանությունը բոլոր առումներով դավաճանություն է գործել։

«Այսօր իսկ դատախազություն են ներկայացվում արդեն Քրեական օրենսգրքով դավաճանության, վնասարարության հանցակազմով կոնկրետ մեղադրանքներ, հանցագործության մասին հաղորդում, եւ Դատախազությունը պարտավոր է ընթացք տալ այս գործին: Արդեն մի քանի նաեւ հաղորդումներ ներկայացված են կոնկրետ քրեական պատասխանատվության տեսակետից, իսկ «դավաճանություն» բառը, որ օգտագործվում է, ոչ միայն քրեաիրավական, նաեւ քաղաքական բարոյական, հոգեբանական գնահատական է այսօրվա իշխանություններին: Փաստերը բավարար են, որպեսզի քրեական գործը հարուցվի, քաղաքական առումով ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է բոլոր այն քաղաքական նպատակադրումներին, որոնցով եկել է իշխանության, բարոյական առումով ակնհայտորեն դավաճան է նա, որովհետեւ ազգային իղձերն ու նպատակները իր մի քանի գործողություննեով ոչնչացրեց եւ այսօր ըստ էության ազգը կորցրել է իր իդեալը, նպատակը, ապրելու ձգտումը: Սա ամենամեծ բարոյական դավաճանությունն էր, որ Նիկոլ Փաշինյանը կատարեց իր արարքներով: Հոգեբանական առումով նա դավաճանել է ինքն իրեն առնվազն այն մասով, թե հոգեկան ինչ վիճակի մեջ էր, որ այո, մենք պետք է հաղթենք, ու հիմա փաստորեն նույն ձեւով հայտարարում է, որ ցավոք սրտի մենք պարտվեցինք: Սա նաեւ հոգեկան անհավասարակշիռ մարդու վարքագիծ է:

Ես շատ կուզեմ, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները, հատկապես նրանք, ովքեր այսօր պաշտոններ են զբաղեցնում պետական համակարգում, համայնքային ծառայության մեջ, վայրկյան առաջ գիտակցեն, որ այս դավաճանական գործողության կողքին մնալով իրենք էլ են գնահատվելու որպես դավաճաններ: Եվ եթե ուզում են փրկվել, փրկել երկիրը, ուզում են վաղվա Հայաստանի համար, իրենց սերունդների համար այս պիտակից ազատվեն, նրանք պետք է վայրկյան առաջ իրենց անվստահությունը հայտնեն այս կառավարությանը, այս վարչապետին:

Ու մի կարեւոր ուղերձ էլ ուզում եմ հղել բոլոր նրանց ովքեր կա՛մ չեզոք դիրք են գրավել, կա՛մ պետական համակարգու մեն աշխատում եւ հասկանում են, թե ինչ դավաճանական արարք է թույլ տրվել: Նրանք վայրկյան առաջ պետք է իրենց անվստահությունը հայտնեն, ու, եթե անհրաժեշտ է, պաշտոններից հեռանալ, պետք է կատարեն այդ քայլը: Միեւնույնն է, դրանից կարճ ժամանակ անց արժանապատիվ պաշտոնյան էլի վերականգնվելու է աշխատանքի, բայց այս պահին անհրաժեշտ է, որպեսզի իրենց քայլը կատարեն այս դավաճան իշխանությունների նկատմամբ»:

Անդրադառնալով խոսակցություններին, թե վարչապետի հրաժարականից հետո նոր պատերազմ է լինելու, Մինասյանն անվանեց մանիպուլյացիա։

«Չկա այդպիսի բան: Հակառակը, Նիկոլ Փաշինյանի՝ այս պաշտոնին մնալը ինքն է պատերազմ հրահրում, ինքն է պատերազմի հրձիգը, որովհետեւ այս մարդը ոչ միայն զիջել է, պարտվել է դաշտում, թե՛ ռազմի, թե քաղաքական, թե՛ դիվանագիտական ճակատում, շարունակելու է պարտությունները եւ անընդհատ հանձնելու գործընթացի վրա է:

Եվ երբ նա գիտակցի, որ այլեւս հնարավոր չի հանձնել, պատերազմը վերսկսվելու է: Մեր ասած մոտեցումը հետեւյալն է, որ պետք է գա թիմ, որն ի վիճակի է Ռուսաստանի հետ կայուն, վստահելի հարաբերություններ ձեւավորել, ներգրավել Մինսկի համանախագահ երկրներին, բանակցային, դիվանագիտական ճանապարհով հասնել նրան, որ հնարավոր լինի ինչ-որ բան փրկել մեր լավ հայրենիքից, որը այս օրերին հանձնվում է թուրքերին:

Կարող եմ 1-2 պարզ օրինակ բերել: Կետերից մեկի համաձայն ասվում է, որ բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները բացվում են: Այդ դեպքում հարց է առաջանում, թե Քարվաճառի ճանապարհը ո՞նց է փակվում: Սա նշանակում է, որ այս մարդիկ պատրաստ են ամեն ինչ դատարկել, հանել, հայկականությունը հիմքից կտրել, բավարարել թուրքերի պահանջը, մենակ, թե մնան այդ աթոռին: Առանց գիտակցելու, որ դրա արդյունքում կորցնում ենք որեւէ հնարավորություն Արցախի մեր հայկական բնակավայրերում հայ ապրելու: Կամ նույն Հադրութի առումով: Հադրութը հայկական բնակավայր է: Երբ ասվում է՝ պետք է վերադառնան բոլոր տեղահանվածներն ու փախստականները, եթե չեք ապահովել անվտանգությունը, ինչպե՞ս պետք է վերադառնան այդ քաղաքացիները: Իսկ ո՞վ պետք է ապահովի: Այսօր առնվազն բանակցային գործընթացում հնարավոր է այն թիմը, այն անձը, որն ի վիճակի է, ունի վստահություն ռուսական կողմում, ԵԱՀԿ Մինսկի խմբում, առնվազն այստեղ այդ խաղաղապահ ուժերը պետք է երաշխավորեն անվտանգությունը: Դա նշանակում է՝ Հադրութը առնվազն ադրբեջանական անմիջական զինվորական վերահսկողությունից պետք է դուրս գա: Եվ սրան հնարավոր է հասնել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, այլ ոչ թե պարտված անձի կողմից որեւէ առաջարկ փորձել իրականացնել, որովհետեւ, եթե դու պարտվել ես, արդեն համաձայնել ես, որ դա այնտեղ է, չես կարող հետագա գործողություններն ապահովել»։

Մինասյանի խոսքով՝ իրականում Նիկոլ Փաշինյանի դավաճանության ամենացցուն դրսեւորումն այն է, որ փաստորեն նա իր այս քայլով ոչնչացրեց 90-ականներից մինչեւ այսօր նահատակված բոլոր անձնանց հիշատակը. «Բոլոր մեր հաջողություններն ու հաղթանակները ոչնչացվեցին, եւ այսքանից հետո, եթե մարդը չի գիտակցում, որ ինքը պետք է հեռանա, նշանակում է՝ նա հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիր ունի, իր աթոռը գերադասում է ամեն ինչից, եւ սա մեր քաղաքացիները պետք է հասկանան»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ