Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝  ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցի վերաբերյալ Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է իր եզրակացությունը, որում նշվում է, որ «Հրապարակ» օրաթերթում հրապարակված հոդվածներն առնչվում են հանրային շահին, իսկ դրանցում առկա հայտարարությունները գնահատողական դատողություններ են եւ ոչ՝ փաստական տվյալներ: Եզրակացության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նկատի ունենալով, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ վեճերով խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններ կազմելն ու հրապարակելը՝  Խորհուրդը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է «Հրապարակ» օրաթերթի 12.02.2011թ. 25(695)-րդ, 22.02.2011թ. 31(671)-րդ եւ 12.03.2011թ. 45(685)-րդ համարներում հրապարակված վիճարկվող հոդվածները եւ հրապարակել իր մասնագիտական եզրակացությունը: Տեղեկատվական վեճերի խորհուրդը, գնահատելով վիճարկվող հոդվածները եւ հայցադիմումում մեջ բերված արտահայտությունները ՀՀ Սահմանադրության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջների համատեքստում, գտնում է, որ «Հրապարակ» օրաթերթում հրապարակված հոդվածներն առնչվում են հանրային շահին, իսկ դրանցում առկա հայտարարությունները գնահատողական դատողություններ են եւ ոչ՝ փաստական տվյալներ:

Հետեւապես, ակնկալում ենք, որ Դատարանը կկիրառի առավել բարձր չափանիշներ արտահայտվելու ազատության միջամտության անհրաժեշտությունը գնահատելիս։ Միաժամանակ, Խորհուրդը գտնում է, որ հրապարակված որոշ գնահատողական դատողություններ չեն բխում պատասխանատու եւ բարեխիղճ լրագրության չափանիշներից։ Լրատվամիջոցը կարող էր նույն միտքն արտահայտել այլ, նվազ արատավորող բնույթի արտահայտություններ գործածելով։ Հետեւաբար, նման պարագայում արտահայտվելու ազատության միջամտության անհրաժեշտությունը կախված կլինի դատաքննության ընթացքում պատասխանող լրատվամիջոցի ներկայացվելիք հիմնավորումներից: Խորհուրդը գտնում է նաեւ, որ հայցվորի կողմից պահանջվող փոխհատուցման չափը չի բխում արտահայտվելու ազատության միջամտության համաչափության պահանջից, ենթադրաբար գերազանցում է գործում ներգրավված լրատվամիջոցի եկամուտները, ինչպես նաեւ փաստաբանական ծառայությունների դիմաց հայցվորի պահանջած վարձատրությունը ակնհայտորեն չի համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ առաջադրվող խելամտության պահանջին»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել «Հրապարակ» օրաթերթին`  պնդելով, որ փետրվարի 12-ին թերթում զետեղված  «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» վերնագրով հոդվածում երկրորդ նախագահի պատիվն ու արժանապատվությունը արատավորվել է: Հետեւապես,  Քոչարյանի ներկայացուցիչը պահանջում է հերքել այդ տեղեկությունները եւ որպես փոխհատուցում վճարել 6 միլիոն դրամ. 3 միլիոնը` զրպարտության եւ վիրավորանքի համար, իսկ մյուս 3 միլիոնը` որպես «Ջի Փարթնըրս» փաստաբանական ընկերության ծախսերի փոխհատուցում: